Էջ:Խենթը.djvu/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Հույս ունեմ, որ դուք իրավունք կտաք համբուրվել ձեզ հետ, որպես պոլսեցի, ես թույլ եմ տալիս այդ խնդրել ձեղանից: Հայրենիքիս երկար տարիների կարոտը ցանկանում եմ ձեզանից առնել: Վարդանը, հեռու կանգնած, լուռ նայում էր այդ կոմեդիայի վրա։ Պարոն Սալմանը չգիտեր, թե ինչպես պետք էր դուրս գալ իր նեղ դրությունից։ Այժմ էֆենդին դարձավ դեպի Վարդանը։

— Մոտ եկ, իմ խենթ բարեկամ, դու գիտես, որ ես երեխայի սիրտ ունեմ, մի րոպե կբարկանամ, մյուս րոպեում կմոռանամ բոլորը։ «Քուրդը իր թանին թթու չի ասի»։ Դու էլի իմն ես, թե լավ թե վատ, իմն ես։ Ես ամեն ինչ մոռացել եմ։ Տուր ինձ ձեռքդ։

Վարդանը հազիվ կարողացավ զսպել իր բարկությունը։ Բայց մտածելով, որ էֆենդու այդ բարեկամական արտահայտությունները առանց մի առանձին նպատակի չէին լինելու, մոտեցավ նրան և ձեռք տվեց։ Նա կրկին դարձավ դեպի պարոն Սալմանը։

— Ես խիստ բարկացած եմ ձեր դեմ, պարոն Դուդուկջյան,- ասաց նա իր խոսքերին ավելի լուրջ ձև տալով,— լսե՞լ եք թուրքի առածը՝ «Տանուտերի հետ առաջ տեսնվիր, հետո գյուղը կողոպտիր»։ Թոմաս էֆենդին այդ երկրում մի մարդ է։ Եթե դուք սկզբից ինձ հետ խորհուրդ արած լինեիք, ես ձեր բոլոր դիտավորությունը այնպես կկարգադրեի, որ այսօր այս անախորժությունները չէին պատահի ձեզ։ Ա~խ, ջահելներ, ջահելներ, լա~վ սիրտ ունեք, բայց գործելու եղանակը չեք իմանում։ Ուղիղ չեմ ասում։

— Ես իրավ, չեմ հասկանում, թե դուք ի՞նչ բանի վրա եք խոսում,— պատասխանեց պարոն Սալմանը։ Էֆենդին այնպես ձևացրուց, որպես թե չլսեց պարոն Սալմանի խոսքերը և երեսր շուռ տալով դեպի գյուղացիների խումբը, որոնք հեռու կանգնած սպասում էին նրան, ասաց.

—Ախ, ավանակներ, ավանակներ, դուք ե՞րբ պիտի խելքի գաք։— Նա կրկին դառնալով դեպի պարոն Սալմանը, շարունակեց.— Մարդ էլ իր ձեռքով իր աչքի լույսը կխավարացնե՞. դրանք (գյուղացիները) այդպես են։ Ես այսօր լսեցի, ճշմարիտն ասեմ ձեզ, մազերս բիզ-բիզ կանգնեցան։ Մենք աշխատում ենք, որ դրանք դպրոց ունենան, ուսում առնեն, աչքներր բացվի, կույր չմնան, աշխարհի չարն ու բարին ճանաչեն, բայց դրանք չեն հասկանում, էլի իրանց էշն են քշում…

«Մենք աշխատում ենք»,., — կրկնեց իր մտքում պարոն Սալմանը,—

214