Jump to content

Էջ:Խենթը.djvu/154

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

է,— կրկնեց էֆենդին հիացմունքով,— ես էլ մի քույր ունեմ, այսպես է կոչվում։ Այժմ Վառվառեի սառն դեմքի վրա փայլեց ժպիտի նման մի բան, երևի նա ուրախացավ, որ ինքր մի այնպիսի մեծ մարդու քրոջ անունն էր կրում, թեև էֆենդին ամենևին քույր չուներ, բայց պետք էր Վառվառեին ևս մի բանով ուրախացնել։

Սեղանի վրա ուտում էին էֆենդին և Օհոն միայն։ Կնիկները այս կողմերում տղամարդերի հետ սեղանակից չեն լինում։

—«Անջուր ջրաղացը ալյուր չի աղա»,— նկատեց էֆենդին։ Դրանով նա հասկացրեց, թե պետք էր մի բան խմել և հրամայեց գզիրին, որ գնա, արաղ բերե։ Դրացի Օհոն ներողություն խնդրեց, որ այդ մասին չեն մտածել, և տանտիկինը, որ չէր խոսում, մի կերպով հասկացրեց, թե ինքը շուտով բերել կտա արաղը։

—Չէ,— պատասխանեց էֆենդին,— այդ իմ սովորությունն է, ամեն տան մեջ հաց ուտելիս արաղը և գինին պետք է իմ հաշվով լինեն։ Այդ իրավ էր, էֆենդին այս տեսակ աղքատ տներում գզիրի ձեռքով ինքն էր բերել տալիս խմիչքները, միայն հաշիվը անցնում էր գյուղի ընդհանուր ծախսերի մեջ։ Բայց նրա սատանայական խորամանկությունը այդ բանի մեջ այն էր, որ խմիչքները ինքը բերել տալով, կարող էր գործ ածել այնքան, որքան իր ցանկությունն էր։ Շուտով գզիրը վերադարձավ, բերելով իր հետ մի ահագին աման արաղով։

—Հիմա կարող ես նստել, — հրամայեց նրան էֆենդին, — և մեզ սագիություն (մատռվակություն) անել։ Գզիրը նստեց ամենից ցած և արաղի ահագին ամանը դրեց իր մոտ։ Նրան հայտնի էր էֆենդու սովորական պատվերը, թե «երբ մի տուն մտնում ես, և ուզում ես, որ ուրախ անց կենա, պետք է առաջ տանտիրոջ բամբակը բաց անել», նշանակում է՝ պետք է նրա ուղեղը թմրեցնել, պետք է նրան հարբեցնել։ Այստեղ թեև տան տեր չկար, բայց Դրացի Օհոն նրա տեղն էր բռնում։ Այս պատճառով գզիրը զոռ էր տալիս, հաճախ արաղի բաժակը դեպի Օհոն դարձնելով։

Դրացի Օհոն փոքր ինչ սեր ուներ խմիչքի հետ։ Մանավանդ նրան պատահած վերջին անբախտություններից հետո, երբ նրա մեծ որդին մեռավ, երբ նրա անասուններր կոտորվեցան, — Օհոն իր վշտերը մոռանալու համար բոլորովին անձնատուր եղավ արաղի։

222