Խոսակցությունը անցավ բոլորովին աննկատելի կերպով: Հայրապեաը և Ապոն, որ այնտեղ կանգնած էին, ոչինչ չլսեցին: Չարչին կրկին շալակեց իր արկղը և սկսեց դիմել դեպի մի գյուղացու տուն, ինքն իրան խոսելով.— Այսօր բավական վաճառեցի, այժմ պետք է հանգստանալ...
Վարդանը իր ընկերների հետ շարունակեցին իրանց ճանապարհը։ Գյուղական խրճիթներում արդեն սկսել էին ճրագներ երևալ։
Նրանք անցան արհեստավոր Պետրոսի դոնից, այնտեղ կանգնած էր դրացի Օհոն։ Հայ գյուղացիները, երբ նկատում էին երեկոյան տարաժամ պահուն մի օտարական անցնում էր իրանց դոնից, թե՛ ծանոթ լիներ և թե՛ անծանոթ, սովորություն ունեն հրավիրել նրան, ասելով. «հյուր եղեք»։ Այդ հրավերը նրանք շատ գյուղսցիներից լսեցին, և «շնորհակալ ենք» ասելով, հեռացան։ Բայ վարպետ Պետրոսի դռան առջև նրանք կանգնեցին ոչ այն պատճառով որ դրացի Օհոն հրավիրեց նրանց հյուր լինել, այլ արհեստավորի տնից լսեցին մի օտարոտի ձայն, կարծես, մեկը օգնություն էր կանչում։ Նրանք իսկույն ներս մտան։ Ձայնը լսվում էր անասունների ախոռատնից, ուր բոլորովին մութն էր։ Ապոն շաապով խլեց ճրագը, որ վառվում էր խրճիթում, և երեքն էլ մտան ախոռատունը։
Նրանց աչքի առջև հանդիսացավ մի այսպիսի պատկեր. մի մանկահասակ աղջիկ, թոկի ծայրը վզովն անցկացրած կախված էր ախոռի առաստաղից. մի կին նրա ոտները գրկած վեր էր բարձրացնում աղջկան, որ թոկը չխեղդե։ «Թո՛ղ տուր, թո՛ղ տուր»...— կրկնում էր աղջիկը նվաղած ձայնով։— «Վառվառե»...—կոչում էր կինը ցավալի ձայնով։
Նրանք շուտով կտրեցին թոկը և կիսաշունչ աղջկան ցած բերեցին իր ձեռքով պատրաստած կախաղանից։ Եթե մի րոպե ուշացել էին, ամեն բան վերջացած կլիներ, որովհետև կնոջ ձեռքերը արդեն սկսել էին թուլանալ և նրա մեջ այնքան ուժ չէր մնացել, որ կարողանար աղջկան ազատել։
Վառվառեին գրկած բերեցին խրճիթը։ Նա տակավին ուշքի չէր եկել։ Նա պառկած էր անկողնի մեջ, որ իսկույն պատրաստեցին նրա համար։ Նրա փոքր ինչ կապտած դեմքի վրա երբեմն երևում էին ցնցումներ, և նրա սեղմված շրթունքից լսելի էին լինում միևնույն խոսքերը «թո՛ղ տուր»... Սուսանը լաց էր լինում և անիծում էր մեկին, որի անունը չէր հիշում։ Խեղճ կինը մի քանի անգամ մոտեցավ աղջկան, գրկեց նրա գեղեցիկ գլուխը, ասելով.
252