են իմանում, հեռվից հրացանի են բռնում, և գնացողներից շատ անգամ մեկն էլ չի վերադառնում։
— Հրազենների պաշարը ի՞նչպես է, վառոդ, գնդակ ունի՞ն։
— Սպառվել էր։ Բայց մի հայ — էլի մեր հայերի երեսը թող սպիտակ լինի — գտավ բերդի մեջ թուրքերից թաքցրած բավական զենքեր, վառոդ և գնդակ․ հիմա նրանցով յոլա են գնում։
— Դու ի՞նչպես կարողացար դուրս գալ բերդից։
— Առավոտյան, դեռ արևը չծագած, պարսպից ցած իջա և ուղիղ մտա քրդերի բանակի մեջ։ Մի ամբողջ օր նրանց ծիծաղացրի, ուրախացրի, երգեցի, պար եկա և հազար տեսակ օյիններ հանեցի, և այսպես ամեն տեղ մտա, ամեն բան իմացա, հետո մնաք բարով ասելով հեռացա։
Գեներալը զարմացած նայեց երիտասարդի երեսին, հարցնելով․
— Դու խե՞նթ ես, ինչ, ա՞, այդ ինչե՞ր ես խոսում։
— Այո՛, տեր, — պատասխանեց երիտասարդը հանգիստ կերպով․ — ինձ վիճակված է իմ ամբողջ կյանքում խենթի դեր կատարել․․․ Վատ չէ, դա ազատում է շատ փորձանքներից․․․ Ես հենց ինձ խենթի տեղ էի դրել և այնպես մտա քրդերի բանակը։
Եվ նա սկսեց նկարագրել իր հագուստը և այն բոլոր ծաղրական ձևերը, որով հայտնվեցավ քրդերի բանակի մեջ։
Գեներալի սառն դեմքի վրա անցավ մի թեթև ժպիտ, և նա ընկերաբար հարցրեց․
— Իսկ այդ հագուստը դու ո՞րտեղից գտար։
— Աստված հասցրուց։ Ճանապարհին մի քուրդ գտա, այդ հագուստը, այդ զենքերը և այն սիրուն ձին, որ դրսումը կանգնած է, նրանից խլեցի, — պատասխանեց երիտասարդը, իր սովորական եղանակով պատմելով, թե ինչ հնարքով կարողացավ սպանել քրդին։
— Դու քաջ տղա ես երևում, — ասաց գեներալը, և կրկին ընդունելով իր առաջվա մտախոհ կերպարանքը, շարունակեց հարցուփորձը։
— Շա՞տ են քրդերը։
— Ասում են, քսան հազարից ավել են, բայց բոլորը քրդեր չեն, նրանց մեջ խառն են ամեն տեսակ մահմեդական ցեղեր, ով որ մի քանի կտոր զենք է ունեցել և մի ձի, վազ է տվել դեպի Բայազեդ, և այսպես կազմվել է մի ահագին բազմություն։ Ես ճանապարհին
88