Jump to content

Էջ:Խենթը.djvu/233

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նրան: Աոաջ սկեսուրս էր բժշկում, հիմա նա պառավել է. ես նրանից սովորեցա:
Վարդանը որքան մեծ հավատ ուներ քրդերի վիրաբուժական հմտությունների մասին, դարձյալ շնորհակալություն հայտնեց, թե ինքն էլ փոքր ինչ հասկանում է այդ արհեստը և առաջուց հոգացել է վիրավորի մասին ինչ որ պե՛տք էր:
Այս պատասխանը թեև փոքր ինչ դիպավ մանկահասակ կնոջ սրտին, որ ցանկանում էր ցույց տալ իր շնորհքը, այսուամենայնիվ, նա հանգստացավ, երբ տեսավ, որ հիվանդի վերքերը փաթաթված էին։
— Այժմ պետք է ձեր ձիուն խնամք տանել, խեղճը մնաց դրսում։
— Դուք նեղություն մի կրեք,— ասաց երիտասարդը.— միայն ինձ ցույց տվեցեք, թե որտեղ պետք է կապել։
Մանկահասակ կինը առեց ճրագը, առաջնորդեց հյուրին և բակի մեջ ցույց տվեց մի տեղ։ Վարդանը նայեց իր շուրջը, տեսավ բակը շրջապատած էր խիստ ցածրիկ ցանկապատով։
— Այստեղ երկյուղ չկա՞, — հարցրեց նա։
— Ի՞նչ երկյուղ,— պատասխանեց կինը, ծիծաղելով,— գողը գողի տնից բան չի տանի։
— Երանի՜ ձեզ,— ասաց Վարդանր իր մտքում։
Վարդանր աչք ածեց իր շուրջը, տեսավ, որ խրճիթի մեջ բացի մանկահասակ կնոջից և մի քանի երեխաներից, որ պառկած էին հատակի վրա, ուրիշ ոչ ոք չկար։ Բայց նրանց ոտնաձայնը զարթեցրուց պառավ սկեսուրին, որ մնացել էր աննկատելի։ Նա գլուխը բարձրացրեց, նստեց իր անկողնի մեջ, հարցնելով.
— Սարո, դո՞ւն ես, եկա՞ր, որդիս։
— Սարոն չէ,— պատասխանեց մանկահասակ կինը, մոտենալով,— հյուր է։
Պաոավը լսելով, որ որդին չէ, գլուխը կրկին դրեց բարձի վրա և իսկույն քնեց։
— Աչքերը չէ ջոկում, կարծում է, որ որդին է վերադարձել— իմ ամուսինը։
— Ո՞րտեղ է ձեր ամուսինը,– հարցրեց Վարդանը հետաքրքրվելով։
— Բայազեդի մոտ. գնացել է կռվելու, մեր գյուղում մի տղամարդ չես գտնի. բոլորը այնտեղ են։ Ես էլ երկու օր է, որ եկել եմ, գնացել էի ավար բերելու։

301