Էջ:Խենթը.djvu/261

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Բայց ի՞նչով են բացատրում ալաշկերտոց գաղթականությունը կամ Բայազեդի հայերի կոտորածը: Ի՞նչով են բացատրում Վանի հրդեհը։
— Թուրքին արդարացնելու համար նրանք միշտ պատրաստի և սերտած բառեր ունեն իրանց բերանում։ Մեղքը գցում են հայերի վրա, ասելով, թե հայերը մի անհանգիստ, դժգոհ և անշնորհակալ ժողովուրդ են։ Ասռւմ են, «գայլը մեղավոր չէ, երբ գառը նրան բարկացնում է»։ Եվ ալաշկերտցոց գաղթականության մեջ տեսնում են ոչ թե թուրքի և քրդի սուրը և հուրը, որ ստիպեցին մի ամբողջ ժողովրդի թողնել իր հայրենիքը, այլ աշխատում են ցույց տալ մի գազանի և զորեղ ձեռք, որ դուրս քաշեց թշվաո ժողովրդին իր հայրենիքից: Թե որքան սխալ է այդ, քեզ ավելի պեաք է հասկանալի լինի, Վարդան, դու խո սկզբից մինչև վերջը «գործի» միջումն ես եղել…
— Այս բոլորից հետո, ինձ դարձյալ անհասկանալի է, թե դա ի՞նչ հույսերով ես այստեղ մնում, հայր սուրբ, ասա՛, խնդրեմ, ի՞նչ պաշտպանություն կամ ի՞նչ օգնություն կարելի է գտնել դրանցից։
— Ոչինչ, ես ինքս էլ համոզված եմ, ոչինչ։ Բայց ի՞նչ ճար ունեմ, ո՞ւմը դիմեմ, ո՞ւր գնամ, մնացել եմ շվարած։
— Դիմեցեք հայ հասարակությանը։
Հայր սուրբը ոչինչ չպատասխանեց և րոպեական մտածությունից հետո ասաց, կարծես, ինքն իր հետ խոսելով.
— Այժմ դժվար է բոլորր պարզել… Բայց կգա մի օր, երբ ժամանակը կմերկացնե խայտառակ իրականությունը…
Կարծես, արյունի հետ դուրս բխեցան այդ խոսքերը անբախտ աբեղայի սրտից։ Նա այն աստիճան հուսահատված էր, այն աստիճան զայրացած էր, որ իրան զսպել չկարողացավ։ Եվ ի՞նչ հարկ կար Վարդանի մոտ ծածկամիտ լինել։ Վարդանը օտար մարդ չէր նրա համար։ Վարդանի հետ նա գործել էր։ Վարդանի հետ շատ խռրհուրդների մեջ մասնակից էր եղել։
Խոսակցությունը կրկին դարձավ գաղթականների վրա։ Ալաշկերտցոց առաջնորդը պատմում էր իր վտարանդի ժողովրդի թշվառությունները, նկարագրում էր, թե որպիսի տառապանքներ են կրում նրանք, առաջարկում էր միջոցներ, որոնցմով կարելի կլիներ պահպանել նրանց կատարելապես ոչնչանալուց։
— Ինձ շատ զարմացնում է, որ այդքան ահագին թվով հիվանդներ կան գաղթականների մեջ,— կտրեց երիտասարդը հայր

329