Էջ:Խենթը.djvu/286

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թողեց վանքը և հեռացավ աբեղաների միաբանությունից, առաջին անգամն էր, որ աստուծո տան հրավերքի ձայնը այնպես քաղցր կերպով հնչեց նրա ականջներին։ Քարացած սիրտը լցվեց մի սրբազան ջերմեռանդությամբ, նա դիմեց եկեղեցին, որի շեմքի վրա տասն տարուց ավելի ոտք չէր կոխել։
Նա զարմացավ։ Այդ ինչ պարզ, այդ ինչ անշուք եկեղեցի էր: Ո՛չ բեմ, ո՛չ սեղան, ո՛չ զարդարած տաճար, ո՛չ ոսկեզօծ պատկերներ, ո՛չ արծաթյա խաչեր և ո՛չ թանկագին զգեստներ չկային այդտեղ։ Նա զուրկ էր հայկական եկեղեցու բոլոր շքեղություններից, մինչև անգամ դպիրներ, սարկավագներ և տիրացուներ չէին երևում։ Երկու պատկերներ միայն տեսավ այնտեղ. մեկը Հիսուս Քրիստոսի պատկերը, մյուսը սուրբ Գրիգոր Լուսավորչի պատկերը, երկուսն էլ հասարակ սև շրջանակի մեջ դրված։
Ժողովուրդը նստած երկայն նստարանների վրա այր և կին միասին, յուրաքանչյուրը ուներ ձեռքին մի փոքրիկ երգարան։ Քահանան կանգնած ամբիոնի վրա, սուրբ գիրքր առջև դրած, քարող էր կարդում։ Նա իր հագուստով չէր զանազանվում հասարակ ժողովրդից։ Նրա քարոզը այնքան պարզ, այնքան հասկանալի էր, որ բոլորը հասկանում էր Վարդանը։ Ինչպես մի վտակ, բխած կենդանի և մաքուր աղբյուրից, աստուծո խոսքը հոսում էր նրա բերանից։ Նա բացատրում էր սուրբ գրքի այն խոսքի իմաստր, թե «Քո ճակատի քրտինքով պետք է վաստակես քո հացր»։ Վարդանը զարմանում էր քահանայի բացատրությունների վրա։ Այդ խոսքի իմաստը մինչև այնօր Վարդանին հասկացրել էին այն մտքով, որ դա մի անեծք էր, որով աստված դրոշմեց նախաստեղծ մարդու ճակատը, որ տարածվում էր նրա ամբողջ սերունդի վրա։ Այժմ հասկանում էր, որ դա մի խրատ էր, որ խլում է մարդուց ծուլությունը և պահում է նրան անվաստակելի, աշխատասեր ինքնագործունեության մեջ։
Քարոզը վերջացավ։ Բազմության միջից վեր կացավ մի հասարակ գյուղացի, և քարոզի մտքի համեմատ, հանպատրաստից կարդաց մի աղոթք: Նա խնդրում էր աստծուց, որ շնորհե իրանց առողջություն, խելք և զորություն, որ կարողանան գործել, աշխատել և արդյունավորել նրա ստեղծած երկիրր, որ բովանդակում էր իր մեջ անսահման բարիքներ։— «Այդ ի՞նչ աղոթք է,— մտածում էր Վարդանը,— այդ ի՞նչ շահասեր մարդիկ են. դրանք հոգռւ համար ոչինչ չեն խնդում. մի՞թե դրանք գերեզմանի մյուս կողմում ոչինչ սպասելիք չունեն և խնդրում են միայն այն,

354