Էջ:Խենթը.djvu/297

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— «Գեղեցի՛կ քաղաք... հրաշա՜լի քաղաք»...— բացականչեց Վարդանը խորին հափշտակության մեջ։
Կառքը կանգնեց «Նոյան Աղավնու» հյուրանոցի առջև։ Պարոն Սալմանը Վարդանի հետ մտան մի աոանձին փոքրիկ սենյակ, որ կից էր հասարակաց դահլիճին: Այստեղ Թոմաս էֆենդին Մելիք-Մանսուրի հետ սաստիկ վիճում էին։
— «Դա կատարյալ էշի մարտիրոսություն կլինի»,— ասում էր Թոմաս էֆենդին։
— «Իմ կարծիքով, դա ամենաուղիղ ճանապարհն է, որ կհասցնե ցանկացած նպատակին»,— պատասխանեց Մելիք-Մանսուրը տաքացած կերպով։
— «Այդ ճանապարհը մեզ շատ հեռու կտանե և ցանկացած նպատակին կհասցնե գուցե էշի զատկին»,— ասում էր Թոմաս էֆենդին ծիծաղելով։
— «Ահա Սալմանը, լսենք նրա կարծիքը»,— ասացին նրանք, դադարեցնելով վիճաբանությունը։
Մեծ եղավ նրանց զարմանքը, երբ տեսան Վարդանին, որը կարծես, գետնից դուրս եկավ։
— «Դու որտեղի՞ց լույս ընկար»,— հարցրեց Թոմաս էֆենդին իր հատուկ հեգնական ժպիտով։
— «Միևնույն երևույթը զարմացնում է և ինձ,— պատասխանեց Վարդանը նրա ձեռքը սեղմելով.— ես քո խորտակված դիակը գտա Ալաշկերտի լեռների ստորոտում և հետո թաղեցի քրդերի գերեզմանատան մեջ, իսկ ա՞յժմ»...
— «Այժմ ես կրկին հարություն առա,— պատասխանեց նա ծիծաղելով։— Մի՞թե դու չես հավատում հոգեփոխության վարդապետությանը։ Իմ թշվառ հոգին անցավ ամենաանմաքուր կենդանիների մարմնի միջից. մի քանի տասնյակ տարիներ գայլի մարմնի մեջ կեղեքում էի, հափշտակում էի, ապրում էի որսելով... մի քանի տասնյակ տարիներ շան մարմնի մեջ հաչում էի, քծնվում էի և պտույտ գալիս այն մարդիկների շուրջը, որոնք ինձ հաց էին տալիս... մի քանի տասնյակ տարիներ օձի մարմնի մեջ ոլորվում էի գետնի վրա և պատահած ժամանակ խայթում էի... մի քանի տասնյակ տարիներ էշի մարմնի մեջ զռում էի, ականջներիցս այնքան քաշեցին, որ գլխումս խելք չմնաց... վերջապես իմ թշվառ հոգին մտավ առյուծի մարմնի մեջ, այստեղ բավական մաքրվեցավ և սրբվեցավ նա։ Այդ շրջանը կատարեց նա երկու հարյուր տարվա ընթացքում։ Եգիպտոսի մումիաները հազարավոր

365