Jump to content

Էջ:Խենթը.djvu/3

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Խենթը մի քար գլորեց փոսը, հարյուր
խելոքներ հավաքվեցան, չկարողացան
դուրս հանել։
Մինչև խելացին կմտածե, խենթը
գետից անց կկենա։
Խենթից — ուղիղ պատասխան։
Ազգ. առածներ

Ա

Բայազեդը պաշարված էր:
Թուրք, քուրդ, բոշա, ջուլո և ավելի քան քսան հազար խառնիճաղանճ բաշիբոզուկներ, խառն տաճկաց կանոնավոր զորքերի հետ, շրջապատել էին կիսավեր քաղաքը։ Նա ծխում էր կրակի մեջ, որպես մի ընդարձակ խարույկի տարածություն։ Քրիստոնյա հայերի տները դատարկվել էին բնակիչներից։ Բարբարոսի սուրը և գերությունը սպառել էր նրանց։ Հայերից մի փոքրիկ մաս միայն ազատվել էր, կանխապես փախչելով սահմանակից Մագու քաղաքի կողմերը, որ պարսից հողի վրա է գտնվում։
Բայազեդի միջնաբերդը դեռ մնացել էր անառիկ։ Փոքրաթիվ ռուս զինվորներ, հայ և թուրք կամավոր միլիցիայի հետ, ամրացել էին այնտեղ, և օրհասական հուսահատությամբ, սպասում էին մի սարսափելի վախճանի։ Բերդը չորեք կողմից սեղմված էր, կարծես, մի երկաթի օղակի մեջ, որը հետզհետե նեղանալով, կամենում էր միանգամից խեղդել և մահացնել հուսաբեկ պաշարվածներին։ Հարաբերությունը դրսի հետ բոլորովին կտրված էր։
Պաշարումը պատահեց 1877 թվի հունիսի 6-ին և տևեց ամբողջ 23 օր։ Դա այն ժամանակն էր, երբ ռուսաց հաջողակ սրի բախտը Հայաստանում հանկարծ փոխվեցավ։ Տեղային մահմեդականությունը, որ սկզբում այնքան հոժարությամբ ընդունեց ռուսաց

71