Jump to content

Էջ:Խենթը.djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Խաչոն այստեղ բաց է անում փեթակների դռնակները։ Ճանճերը ուրախ և զվարթ դուրս են թափվում ծակերից, սավառնում են նրա ալևոր գլխի շուրջը, պըզպըզում են, վըժվըժում են, թըռթըռում են և օդը թնդում է միլիոնավոր միջատների ձայնից։ Գտնվում են նրանց մեջ և այնպիսի չարաճճիներ, որ կծու համբույրներ են մատուցանում ծերունու խորշոմած երեսին։ Բայց նա ամենևին ցավ չէ զգում, միայն ձեռքով քշելով, ասում է․ «Ա՜յ, չար սատանա, ի՞նչ վատություն է արել քեզ Խաչոն»։
Նույն ժամուն Ստեփանիկը հեռու կանգնած, հետաքրքրությամբ նայում էր հոր աշխատություններին։
— Գնա՛, զավակս , ճանճերը կկծեն քեզ, — զգուշացնում է հայրը։
— Ապա ինչո՞ւ քեզ չեն կծում, — հարցնում է որդին։
— Կծում են, բայց ինձ այնքան չեն ցավեցնում։
— Ինչո՞ւ չեն ցավեցնում։
— Իմ մարմինը վաղուց սովորել է նրանց խայթոցներին։
— Թող իմն էլ սովորի, — ասում է պատանին ժպտելով։
Ծերունին ծիծաղում է և համբուրում է որդուն։
Նույն միջոցին հայտնվեցավ գյուղի գզիրը և ասաց, որ քուրդ Ֆաթթահ-բեկը մարդ է ուղարկել, թե գալու եմ տանուտերի մոտ հյուր, և ավելացրեց, թե գուցե շուտով կգա նա, որովհետև շատ հեռու չէ գտնվում, այլ մերձակա լեռների վրա որս է անում։ Կարծես մի սև թուխպ անցավ ծերունու պարզ ճակատի վրա, և նրա ուրախ դեմքը նսեմացավ տխրությամբ։ Բայց նա զսպելով իր ներքին տհաճությունը, պատվիրեց գզիրին, որ դաշտից կանչե իր որդիներից մի քանիսին, որ սպասավորություն անեն, իսկ ինքը խոտի և դարմանի պատրաստություն տեսնե նրանց ձիաների համար։
Ֆաթթահ-բեկի երթևեկությունը այնպիսի մի սովորական բան էր ծերունի Խաչոյի մոտ, որ տանեցիք գիտեին, թե ինչ պատրաստություններ պետք էին նրան հյուրասիրելու համար։ Այս պատճառով հենց որ հարսները իմացան, թե նա գալու է, իսկույն մի քանի գառներ մորթել տվին, և սկսեցին մեծ կաթսաներով փլավ պատրաստել, որովհետև իմանում էին, որքան էլ սակավ լիներ, դարձյալ բեկը իր հետ մի քսան կամ երեսուն մարդ կունենար։

Ֆաթթահ-բեկը քրդերի մի ամբողջ ցեղի պետն էր, որոնց ոչխարները արածում էին Օ․․․ գյուղի սահմանակից լեռների վրա։ Սակավ չէր պատահում, որ հայ և քուրդ հովիվների մեջ ծագում

101