Էջ:Խենթը.djvu/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և կերակուր պատրաստելու համար, և սփռում էին իրանց շուրջը գեղեցիկ լուսավորություն։ Երբ բեկի խումբը մոտեցավ, շները բարձրացրին մի խառնաձայն աղաղակ, և ամեն կողմից լսելի եղան գիշերապահ հովիվների խորհրդավոր ձայները, որով իմացում էին տալիս միմյանց, թե ձիավորներ են մոտենում։ Բեկի խումբի միջից պատասխանեցին նույն տեսակ ձայներով․ հովիվները հասկացան միմյանց, և այժմ առանց տեսնելու գիտեին, թե եկողները ովքեր են։ Բեկը իր ձին քշեց ուղիղ դեպի այն վրանը, որ պատրաստված էր վալիից ընծա բերող հյուրի համար։ Դա մի թուրք աստիճանավոր էր, հասակն առած, փորձված և մխված ամեն տեսակ խարդախությունների մեջ։ Նա մի ժամանակ Վանի կողմերում մուդիրի պաշտոն է վարել և փոխված է եղել չափազանց կաշառակերության համար։
— Դուք ինձ բավական սպասել տվեցիք, բեկ, — ասաց մուդիրը տեղից վեր կենալով, երբ բեկը մտավ նրա վրանի մեջ, — ես միտք ունեի այս երեկո մնաք բարով ասել ձեզ։
— Շեյխի գլուխը վկա, որ դուք շատ անհամբեր մարդ եք, — պատասխանեց բեկը ծիծաղելով, — ես զարմանում եմ, թե դուք ինչպես եք ինն ամիս համբերել ձեր մոր արգանդում։ Մենք դեռ բոլորովին չենք կշտացել մեկ-մեկուց – ինչո՞ւ եք շտապում, չլինի՞ թե իմ վրանը ձանձրացրեց ձեզ։
— Ամենևին ոչ․ ինձ շատ քաղցր է ձեր հյուրասիրությունը․ եթե ինձ մի օր դրախտը տանեին (որի վրա մեծ հույս չունեմ), ես կցանկանայի, որ այդ ձեր վրանը լիներ։ Այսուամենայնիվ, ես կխնդրեի, որ առավոտյան ինձ ճանապարհ դնեիք։
— Լավ, լավ, օսմանլիի խասիաթը ես իմանում եմ․ սովորել են հոտած քաղաքներում, փափուկ բարձերի վրա առավոտից մինչև իրիկուն ձգվել, նարգիլե ծխել և ղահվե խմել։ Բայց այդ անապատի մեջ ի՞նչ կա։ Իրավն ասեմ, ես ինքս եմ մեղավոր, ես չկարողացա ձեզ զբաղեցնել, որպես հարկն էր։ Ի՞նչ անեմ, որսորդություն չեք սիրում, ձիով ման գալ չեք սիրում, իսկ մեր սարերում ուրիշ զվարճություններ չկան։
Մուդիրը կրկին գործ դնելով իր թուրքական կոմպլիմենտները, պատասխանեց․

— Ձեր դեմքի լույսը ինձ համար ամեն զվարճություններից բարձր է․ ես ինձ միշտ երջանիկ կհամարեմ, որ արժանացա ձեր տեսությանը։ Բայց մտածեցեք, բեկ, որ ձեր ծառան անկախ մարդ

116