Jump to content

Էջ:Խենթը.djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և տան բոլոր հարսները հպատակում էին նրա հեղինակությանը։
Մի առավոտ, երբ տան մեջ բոլորը զբաղված էին իրանց սովորական տնտեսությունով, մի աղախին, որ գնացել էր աղբյուրից ջուր բերելու, կուժը ուսին վերադարձավ, և մոտենալով Սառային, ասաց նրա ականջին․ «Մի քուրդ աղջիկ դրսումը կանչում է քեզ»։
— Կանչիր այստեղ, — ասաց Սառան, — տեսնում ես, գործ ունեմ։
— Ներս չէ գալիս, ասում է շատ հարկավոր խոսելիք ունեմ, — պատասխանեց աղախինը։
Սառան դուրս գնաց․ աղջիկը կանգնած էր դռան մոտ։ Դա մի բարձրահասակ աղջիկ էր, ցամաք կազմվածքով և թուխ ու գրավիչ դեմքով։
— Մի քիչ հեռու գնանք, տե՛ս, այն ծառերի մոտ, այնտեղ մարդիկ ման չեն գալիս, — ասաց աղջիկը ձեռքը պարզելով դեպի այն կողմը։
Սառան նայելով անծանոթ աղջկա վառվռուն աչքերին, նրա սրտում ձգեց մի ակամա կասկած։ Ինչո՞ւ էր այդ վայրենին տանում նրան այն հեռավոր ծառերի մոտ, ուր մարդիկ չէին ման գալիս։ Ի՞նչ գործ ուներ իր հետ։
— Ներս եկ, — ասաց Սառան, բռնելով նրա ձեռքից, — գնանք մեր տունը, եթե ուզում ես, որ քո խոսքերը ուրիշները չլսեն, մեր տանը ծածուկ տեղեր շատ կան։
Անծանոթը առանց հակառակվելու ընդունեց տանտիկնոջ հրավերը։ Սառան տարավ նրան դեպի բակի մի կողմը, որ հովանավորված էր ուռենի ծառերով։
— Այստեղ կնստենք, — ասաց նա, — դու երևի ծառեր շատ ես սիրում։
Նրանք նստեցին միմյանց մոտ խոտերի վրա, որ խիտ կերպով աճել էին ածուի եզրում։
— Հիմա ասա, իմ սիրունիկ, — հարցրեց Սառան մտերմաբար բռնելով աղջկա ձեռքը, — ի՞նչ ունես ասելու ինձ։

— Ջավոյին ուղարկեց քեզ մոտ Խուրշիդ խանումը․ դու խո ճանաչո՞ւմ ես Խուրշիդին, նա Ջավոյի տիկինն է։ Ջավոն ամեն օր փառք է տալիս աստծուն, որ այնպիսի լավ տիկին ունի։ Նա Ջավոյին չէ ծեծում ու ամեն անգամ իր հին շորերը տալիս է, ասում է, հագիր, Ջավո, դու լավ աղջիկ ես։ Բայց ո՞վ կասե հին

128