Էջ:Խենթը.djvu/63

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նրան հարվածեցին, նա սարսափեցավ, թուլացավ և ուշաթափ գետին պիտի գլորվեր, եթե քուրդ աղջկա զորեղ ձեռքը չբռներ նրան։ Միամիտ աղջկան թեև անհասկանալի էր ողորմելի կնոջ ցավալի խռովությունը, բայց զգաց, որ շատ դառն էր հաղորդած լուրը, և սկսեց մխիթարել նրան։
— Թո՛ղ Սառան դարդ չանի․ Ջավոյի տիկինը քանի կենդանի է, չի թողնի, որ աղան այս տնից աղջիկ տանե։
— Ի՞նչ աղջիկ, — հարցրեց Սառան մի փոքր ուշի գալով, — մեր տանը հասած աղջիկ չկա։
— Աղան գիտե, որ Ստեփանիկը աղջիկ է։
Այդ միջոցին Ստեփանիկը բակում կերակրում էր իր այծյամին, որ մի քանի օր առաջ բեկը ընծայել էր նրան։ Արևի ճառագայթները ընկել էին պատանու գեղեցիկ դեմքի վրա, և հեռվից նկարվում էր նրա վայելչակազմ հասակը։ Սառան ցույց տվեց աղախնին, ասելով․
— Տեսնո՞ւմ ես, նա է Ստեփանիկը, լավ մտիկ տուր։ Նա աղջի՞կ է։ Ո՞վ է ասել աղային մի այդպիսի սուտ բան։
— Աղային ասել է ձեր քուրդ աղախիններից մեկը՝ Հիլո հովիվի կինը։ Տիկինը ասում էր, ես սպանել կտամ այն անզգամին։
— Հիլոյի կինը սուտ է ասել․ նա մեր տնից բան գողացավ, մենք նրան դուրս արեցինք․ դրա համար սուտ է ասել։

Սառան նկատեց, որ Ջավոն թեև միամիտ աղջիկ էր, բայց այնքան հիմար չէր, որքան ինքը կարծում էր, բացի դրանից, տեսնելով նրա անկեղծ հավատարմությունը դեպի իր տիկինը, որ առհասարակ հատուկ է կիսավայրենի աղախիններին, — պատվիրեց նրան մի քանի խոսքեր, խնդրելով, որ հաղորդե իր տիկնոջը։ Նա ասաց, որ Ջավոն իր կողմից փոխադարձապես ողջունե տիկնոջը և հարցնե նրա քեֆը։ Նա խնդրեց, որ Ջավոն հայտնե տիկնոջը Սառայի շնորհակալությունը այն տեղեկությունների համար, որ այսօր ստացավ։ Հետո Սառան խնդրեց հայտնել տիկնոջը, որ բոլորովին սխալ է կարծել, թե Ստեփանիկը աղջիկ է, այսուամենայնիվ, քանի որ տիկինը ցանկանում է, որ Ստեփանիկին հեռացնեն այդ երկրից, նրա կամքը կատարված կլինի։ Հետո ավելացրեց Սառան, թե ինքը շատ կցանկանար մի անգամ գոնե տեսնվել տիկնոջ հետ, այդ բաների մասին լավ խորհրդակցելու համար, և խնդրում է, որ տիկինը ինքը կարգադրե թե ինչ հնարքով կարող էր կատարվել

131