Jump to content

Էջ:Խենթը.djvu/65

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մետաքսյա քող կարմիր գույնով, որ կազմում էր քուրդ կնոջ գլխի ամենաթանկագին զարդը։ Ջավոն տեսնելով՝ ուրախությունից մոռացավ ամեն քաղաքավարություն, և երեխայի նման վրա պրծնելով, խլեց Սառայի ձեռքից գեղեցիկ քողը։ Նա սկսեց նույն րոպեում նրանով փաթթել իր գեղեցիկ գլուխը, և որպես հայելու մեջ նայելով, դարձավ դեպի Սառան ու Ստեփանիկը, հարցրեց․
— Հիմա սիրո՞ւն է Ջավոն։
— Սիրուն է, — պատասխանեցին Սառան և Ստեփանիկը։
— Դե՛, համբուրեցե՛ք Ջավոյին։
Սառան գրկեց և համբուրեց նրան։
— Դուն էլ, Ստեփանիկ։
Ստեփանիկն էլ հետևեց Սառայի օրինակին։
— Հիմա Ջավոն էլ ձեզ կհամբուրե։
Պարզամիտ քուրդ աղջիկը իր անկեղծ համբույրները մատուցանելեն հետո, ճանապարհ ընկավ դեպի բեկի վրանները։

ԺԲ

Ջավոյին ճանապարհ դնելուց հետո, Սառան դեռ նոր զգաց քրդուհու հաղորդած տեղեկությունների ամենասաստիկ զարհուրանքը։ Ստեփանիկը տակավին նրա մոտ կանգնած էր, և ամենևին չգիտեր, թե որպիսի վիճակ էր սպասում իրան։ Նա իր ձեռքը երեխայի նման դրեց Սառայի ուսին և հարցրեց․
— Ինչո՞ւ այդ քրդի աղջիկները այդպես անխելք են լինում։
— Նրանք անխելք չեն, զավակս,— պատասխանեց Սառան ծնողական գթով․ — միայն կրթվում են ու մեծանում են այնպես, ինչպես սարերում աճում են վայրենի անասունները։
— Ինչպես իմ այծյամը, — ավելացրեց Ստեփանիկը։ — Այդ քանի օր է ուտեցնում եմ, խմեցնում եմ, շատ անգամ գրկում եմ, համբուրում եմ, բայց էլի չի սիրում ինձ, երբ մոտն եմ գնում, փախչում է ինձանից։

Այդ խոսքերը ասելու միջոցին Սառան մի հայացք ձգեց բարեսիրտ պատանու վրա և նրա աչքերը լցվեցան արտասուքով։ Մինչև այսօր նա այնպես քննական աչքով դեռ չէր նայել այդ նազելի դեմքի վրա, այդ քնքուշ կազմվածքի վրա, որ ներկայացնում

133