Էջ:Խենթը.djvu/67

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Գլուխս մի քիչ ցավում է․ այդ ոչինչ, կանցնի, — պատասխանեց կինը, չկամենալով սարսափեցնել իր տղամարդին մի ծանր հարվածով։
— Մի քիչ քացախ քսիր ճակատիդ։
— Ամեն բան փորձեցի․․․
Փոքր առ փոքր նախապատրաստելով իր ամուսնին, Սառան մտածում էր հաղորդել նրան իր այնօրվա տեղեկությունները․ բայց չգիտեր, թե որպես պետք էր սկսել, մինչև ինքը Հայրապետը առիթ տվեց, հարցնելով․
— Այսօր մի քրդի աղջիկ էր եկել մեր տունը, ո՞վ էր նա։
— Ֆաթթահ-բեկի կնոջ՝ Խուրշիդի աղախինն էր։
— Ամեն անգամ, երբ այդ անիրավը կամ նրա մարդիկը մեր տունն են գալիս, — խոսեց Հայրապետը դառն կերպով, — ես միշտ սպասում եմ մի չար բան։ Ա՜խ, ե՞րբ կլինի, որ այդ անպիտանների ոտքը մեր շեմքից կկտրվի․․․
— Բայց մինչև այսօր նրանցից կրած վնասները պետք է աստուծո բարությունը համարել․․․ — պատասխանեց կինը խորհրդավոր ձայնով։
Հայրապետը գունաթափվեցավ։ Սառան նկատելով այդ, ասաց․
— Բոլոր անբախտությունները մարդու համար են․․․ ինչ ցավ, որ աստված ուղարկում է, մենք պետք է տանենք համբերությունով․․․
Խեղճ մարդիկ, ամեն մի անբախտության մեջ մխիթարություն են գտնում աստծուն և միայն աստծուն վերաբերելով այն բոլոր տառապանքները, որ կրում են այս աշխարհում։ Կարծես թե աստված անբախտությունների հեղինակ լիներ։
— Ի՞նչ կա, — հարցրեց Հայրապետը սարսափելով․ — ի՞նչ է պատահել։
Սառան սկսեց պատմել ինչ որ լսել էր քուրդ աղախնից։ Նրա պատմության ժամանակ խեղճ Հայրապետի դեմքը ամեն տեսակ գույներ և ամեն տեսակ արտահայտություն ընդունեց։ Նրա հոգեկան կրքերը փոփոխակի կերպով հաջորդում էին մինը մյուսին, և երեսի վրա կարելի էր նշմարել երբեմն սոսկում, երբեմն դառն ատելություն, երբեմն կատաղի բարկություն և երբեմն տխուր ափսոսանք․․․
— Ես այդ վաղուց սպասում էի․․․ — խոսեց նա առժամանակյա խռովությունից հետո։ — Խեղճ հայր, նա կմեռնի, երբ կլսե այդ բոլորը․․․

135