անշուք հողադամբարանի մոտ, թափում էր իր աչքերից հորդ արտասուքներ։ Տանեցիք նույնպես մի առանձին տխրությամբ էին անցկենում այդ գերեզմանի մոտից, որ կարծես թե ամփոփում էր իր մեջ ամբողջ գերդաստանի ուրախությունը։ Ո՞վ էր թաղված այնտեղ։
Ծերունի Խաչոն ուներ մի աղջիկ Սոնա անունով․ նա իր դեմքով շատ նման էր Ստեփանիկին։ Երբ Սոնան տասն և վեց տարեկան դարձավ, ամեն կողմից խնդրում էին նրա ձեռքը, ոչ միայն նրա համար, որ Սոնան մի հարուստ ընտանիքի զավակ էր, այլ առավել այն պատճառով, որ Սոնան շատ սիրուն էր։ Հայրը երկար տարուբերվում էր փեսաների ընտրության մեջ, չգիտեր որին տալ։ Բայց մի ցավալի անցք վերջ տվեց Սոնայի բախտավորությանը։ Մի անգամ գնաց նա դաշտ բանջար քաղելու, այլևս չվերադարձավ։ Շատ զրույցներ եղան նրա կորստյան մասին, ոմանք ասում էին, թե գետումը խեղդվել է, ոմանք ասում էին, թե գազանները գիշատել են, և ոմանք սնահավատությամբ հաստատում էին, թե չարքերը գողացել են, և ոմանք ասում էին, թե քրդերը հափշտակել են։ — Ո՞րն էր ուղիղ, դժվար էր որոշել։ Շատ որոնեցին, շատ այս կողմ այն կողմ ընկան, բայց ոչինչ չօգնեց, և կորած աղջկա մասին ոչինչ տեղեկություն ստանալ չկարողացան, թեև նրա հայրը խոստացել էր լավ վարձատրություն, ով որ ճիշտ լուր կբերե։
Անցան մի քանի շաբաթներ։
Մի օր հայտնվեցավ Խաչոյի տանը մի քուրդ, բերելով իր հետ ջորու վրա բարձած մի դագաղ։ Նրա մեջը դրած էր Սոնայի մարմինը։
Քրդի պատմությունից երևաց, որ անբախտ աղջկան դաշտից առևանգել էր մի քուրդ ազնվական, որը թեև իր տոհմով այնքան երևելի չէր, բայց իր ցեղի մեջ հայտնի էր, որպես մի նշանավոր եղեռնագործ։ Սոնան ուրիշ հնարք չգտնելով այդ ատելի մարդու ձեռքից ազատվելու համար, իր գլխի արախչինի վրա կարած ոսկի դրամներից[1] մի քանիսը տալիս է մի պառավ քրդուհու, խնդրելով իր համար թույն գտնել։ Քրդուհին, կաշառված ոսկիներից, կատարում է նրա խնդիրքը։ Սոնան մեռնում է թույնից։ Քրդերը նրա մարմինը չեն ընդունում իրանց գերեզմանատան մեջ, որովհետև
- ↑ Ալաշկերտի և առհասարակ տաճկական Հայաստանի գյուղացի աղջիկների գլուխը ծածկված է լինում մի տեսակ արախչինով, որ ամբողջապես զարդարած է դրամներով․ հարուստներինը ոսկով, իսկ աղքատներինը արծաթով։
141