Jump to content

Էջ:Խենթը.djvu/97

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հիմնավոր բան չսովորեցավ, բայց սեփականեց շատ լուսավոր գաղափարներ, որ ծանոթ չեն հասարակ գյուղացուն։

Հայրապետը երկար նստած այն քարաժայռի հովանու ներքո, սպասում էր կնոջը։ Արևը մոտ էր մայր մտնելու և նրա վերջին ճառագայթները գեղեցիկ կերպով լուսավորում էին լեռների գագաթները։ Վերջապես հայտնվեցավ Սառան։ Հայրապետը հեռվից նշմարեց նրա պայծառ դեմքը, որով նախագուշակեց, թե կինը բերում էր ուրախալի լուրեր։ — Տղա է, թե աղջիկ,— հարցրեց Հայրապետը հեռվից։ — Տղա է,— պատասխանեց կինը ժպտալով, և նստեց ամուսնի մոտ, որովհետև շատ հոգնած էր։ Այդ ռամկական հարց ու պատասխանը նշանակում էր, թե ծնունդը որ սեռին է պատկանում, այսինքն՝ տեսության հետևանքը ուրախալի է, թե տխուր, որովհետև գյուղացու հասկացողությամբ տղան ուրախություն է նշանակում, իսկ աղջիկը տխրություն։

Սառան սրբեց ճակատի քրտինքը, մի փոքր շունչ առեց, հանգստացավ, և ապա սկսեց պատմել, թե ինչ խոսեց և ինչ լսեց քուրդ տիկնոջից։ Նրա պատմության բովանդակությունը այս էր։ — Խուրշիդը հայտնել էր, թե բեկը այժմ շատ չէ մտածում Ստեփանիկի մասին, թե նա զբաղված է այնպիսի ծանր հոգսերով, որ առժամանակ գոնե նրան մոռանալ են տվել Ստեփանիկի սերը: Նա ասել էր, թե բեկը հրահանգներ է ստացել Արզրումի վալիից և այժմ ինչ որ պատրաստություններ է տեսնում, իր ցեղի տղամարդերի անձնահամարն է հաշվում, նրանց զենքեր է բաժանում, փող է տալիս, որ իրանց համար ձիաներ առնեն, հագուստ պատրաստեն և այլն։— Բայց թե ինչ ձեռնարկության համար են այդ պատրաստությունները, ինքը Խուրշիդը չգիտե։ Միայն նա դարձյալ խորհուրդ է տալիս, որ Ստեփանիկին կամ մի հեռու տեղ փախցնեն և կամ շուտով մի մարդու հետ ամուսնացնեն, որովհետև ինքը հաստատ գիտե, որ բեկը վեջ ի վերջո կկատարե իր մտադրությունը խեղճ աղջկա մասին: «Թեև, ավելացրել էր տիկինը, ես այդ մասին խոսել եմ իմ հոր հետ, թեև իմ հայրը խոստացավ սանձ դնել բեկի կրքերին, բայց ինքը, Խուրշիդը, շատ չէ հավատում բեկի խոստմունքներին, և գուցե գործը այն հետևանքը կունենա, որ ինքը ստիպված կլինի թողել իր ամուսնու տունը և բաժանվել նրանից»։

165