իբրև սպասարկու բառեր): Այս բոլորը պետք է հասցնել աշակերտների գիտակցությանը` կատարել տալով բազմապիսի վարժություններ` կապը հակադրելով այն խոսքի մասերին, որոնցից առաջանում է, մյուս կողմից` ընդգրծելով այն փաստը, որ կապերի քերականական հարաբերությունները որոշակի դեր են խաղում` շարահյուսական պաշտոն ձևավորելու, նախադասության անդամի պաշտոնը որոշակիացնելու հարցում: Երկու խոսք շաղկապի մասին: Հայտնի է, որ շաղկապը զուտ շարահյուսական խոսքի մաս է: Շաղկապները ևս սպասարկելու բառեր են, որոնք կապակցում են նախադասություններ և նախադասության անդամներ: Հանրահայտ փաստ է նաև, որ շաղկապները ևս առաջանում են նյութական բովանդակություն ունեցող բառերից (խոսքի մաս). վերջիններս կորցնում են իրենց նյութական արժեքը, քերականական բոլոր կարգերը` վերածվելով բառահարաբերական ձևույթների: Որ շաղկապները իրո՛ք ծագում-ձևավորում են նյութական բովանդակություն ունեցող բառերից, վկայում են նաև արդի հայերենի քերականական զանազան փաստեր…
Շաղկապները սերտ առնչություն ունեն հատկապես դերանունների հետ: Պատճառը թերևս այն է, որ դերանունները արտահայտում են անորոշ իմաստներ. նրանց ցույց տված առարկայական, հատկանշային իմաստները տարբերակված չեն, որն էլ հիմք է դարձել քերականական հարաբերություններ արտահայտելու համար: Այդ է կայում, օրինակ, հարաբերական դերանունների շաղկապական կիռարության փաստը: Հայտնի է , որ այդ դերանունների շարահյուսական շետված դերը շաղկապական է. նրանք հիմնականում կապակցում են ստորոդաս նախադասությունները գերադասներին: Այսպես. Գնացինք այնտեղ, որտեղ մեզ էին սպասում ջոկատի անդամները: Այն գիրքը, որ հանձնարարել էր ուսուցիչը, գնել եմ գրախանութից: Ժողովին ներկա էր նա, ում հրավիրել էինք Մոսկվայից: Թող ներկայանան նրանք, ովքեր ցուցակագրված են: Եղիր այնպիսի աշակերտ, ինչպիսին Սուրենն ու Գագիկն են գրիր այնպես, ինչպես ցուցում են տվել քո ավագ ընկերները: Արտակն աշխատեց այնքան, որքան անհրաժեշտ էր իրեն: Վերցրու այն, ինչը պատկանում է քեզ: