ա) եմ, լինեմ բայով և մի գոյական կամ ածական լրացումով (առարկա ր նրա հատկանիշը ցույց տվող բառերով- Վ.Ա.):
բ) Դառնալ, կոչվել, հարմարվել, թվալ և այլ բայերով (էական՝ վերացական բայերով- Վ.Ա.) և մի գոյական կամ ածական լրացումով, որ ասվում է ստորոգելիական վերադիր»: Համապատասխանաբար բերելով որոշակի օրինակներ (Գայլը գազան է, Ձյունը սպիտակ է, ջուրը գոլորշի դարձավ)՝ գիտնականը միանգամայն ուրույն մեկնաբանություններ է տալիս շարահյուսական այդ հասկացություններին: Այսպես. նա ստորոգյալ է համարում նախադասության այն անդամը, իր տերմինով՝ այն «խոսքի մասը», որը պարզում է բայի (արդի ըմբնմամբ՝ ստորոգելին կամ ստորոգելիական վերադիրը): Գիտնականը «ստորոգյալին» հակադրում է «ստորոգելիական վերադիրը» (իր տերմիններով): Ընմին, եթե ստորոգյալները եմ և լինեմ բայերի գոյական ու ածական լրացումներն են միայն, ապա ստորոգելիական վերադիրներ են միայն այն գոյական ու ածական լրացումները, որոնք դրվում են վերացական բայերի հետ (թվալ, դառնալ, հարմարվել, կոչվել, օծվել, ընտրվել, նշանակվել... (Այդ բայերը բավարար բայիմաստ և ինքնուրույն նյութական կիրառություն չունեն, հետևաբար նախադասություն կազմելիս հարկ է դրանց «ածանցել» գոյական և ածական լրացումներ, որոնք էլ կոչված են այդ վերացական բայերին բովանդակություն հաղորդելու: Ընդ որում, սրանք էլ միասնաբար կազմում են բաղադրյալ բայ-ստորոգյալ (գիտնականը բերում է Ներսես Դ-ը կոչվեց Շնորհալի նախադասությունը, որտեղ կոչվեց Շնորհալի-ն դիտում է որպես բայ-ստորոգյալ, իսկ միայն Շնորհալի-ն՝ «ստորոգելիական վերադիր»): Բայն ու իր լրացումը երբեմն էլ հանդես են գալիս մի բառաձևում (քար դառանալ՝ քարանալ, փոշի դառնալ՝ փոշիանալ): Արդի հայերենում, սակայն, Աբեղյանի հիշյալ երկու տարբերակումները՝ «ստորոգյալը» (Գայլը գազան է, Նապաստակը վախկոտ է) և «ստորոգելիական վերադիրը» (Ջուրը գոլորշի դարձավ, Ծառն ինձ մարդ թվաց) գնհատվում են որպես շարահյուսական նույն գործառույթի միավորներ՝ ստորոգելի (կամ ստորոգելիական վերադիր) անվամբ: Մ. Աբեղյանը, տարաբախտաբար, այդ իրողությունները «ծավալային» քննարկման չի ենթարկել,