Jump to content

Էջ:Կարոտի Ճամփաներով, Թորոս Թորանեան.djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՉՔԵՐՈՒԴ ՄԵՋ



Աչքերուդ մեջ կան երկինքներ
Ու աստղեր կան հեռու, գերող
Ու ես ծարավ անվերջ լույսի
Կխոյանամ աստղերն ի վեր:

Ինչ փույթ, թե երթն առնե դարեր,
Ինչ փույթ, թե դուն հեղես կայծեր,
Պիտի նորեն թռչիմ անկանգ
Անհունն ի վեր դեպի եթեր:

Այրվիլ աչքիդ կրակներով
Մկրտվել է սիրո բոցով,
Ո՞վ չէր ուզեր ողջակիզվել
Սիրո նման կրակներով:


ԱՆՁՐԵՎ ՈՒ ԾԱՌ



Փոքրիկ մը սուր շառաչեց,
Փոշոտվեցան հող ու երկինք,
Ծառ ու ծաղիկ փոթորկեցան,
Փոթորկեցանք, օ՜, նաև մենք:

Տարափին տակ համբույրներուդ
Կարկտահար դարձա ես ծառ,
Մերկ ոստերս քեզ պարզեցի
Ու գոչեցի ահեղաձայն.

-Որքան ուզես, երկինքներեդ
Մաղվե որպես անձրև վարար,
Բայց ծաղիկը պտղող ծառին
Կարկտահար մի՛ բերեր վար:

Ու դուն դարձար խելոք անձրև
Եվ ես դարձա պտղատու ծառ: