Այս էջը սրբագրված չէ
Պարզեցինք ավելի հեռուներու հարցը։ Վարորդը, խանդավառ երիտասարդ, ըսավ․
— Այս ինքնաշարժով պատրաստ եմ ձեզ տանելու նույնիսկ մինչև Երուսաղեմ։ Մենք՝ թուրքերս կսիրենք ու կհարգենք մեր հյուրերը։ Պատրաստ եմ ձեզ տանելու մինչև Աղբը Տաղ—Արարատ—, մինչև Անի, մինչև հին Պայազիտ, հյուսիսեն և արևելքեն, ծովին շրջանին կեսը կրնանք կատարել ու հասնիլ մինչև Մուշ ու Պիթլիս․․․
Պեշքարտեշը հաղթական կժպտեր․
— Դուք խնդրեցեք, հրամայեցեք, տոքթոր պեյ, ու մենք պատրաստ ենք ձեզի համար ամեն ինչ այնպես ընելու, որ հաճախ այցելեք Վան․․․
Թող մեր վարորդը ձեզ տանի մինչև Պիթլիս։ Հասանին նման առաջնորդ մեր կողմերը չենք գտներ։ Քար առ քար գիտե ամբողջ Վանը իր շրջակայքով։
Համաձայնած էինք։
Գիշերը կիսեցինք զրույցով։ Որոշեցինք արթննալ կանուխ և դիտել Հայոց աշխարհի արևածագը։