Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ստացա Ձերդ վեհափառության հավանությամբ պատրաստված ծրագիր, որան վրա պարտավոր եմ հիմնել իմ բանակցությունները»: Վեհափառ Հայրապետը պատվիրեց դիվանիս հայտնել Ձեզ, որ այդպիսի մի ծրագրից տեղեկություն չունի և ցարդ իրեն չէ ներկայացված: Դիվանս խնդրում է Ձեզ պարզել այդ թյուրիմացությունը և զեկուցանել Նորին Վեհափառության, արդյոք ի՞նչ ծրագիր է, ո՞վ է լիազորել բժ. Զավրիյանին այդ ձևով հայտարարել Պողոս փաշային և միևնույն ժամանակ բարեհաճել բժ. Զավրիյանի ներկայացրած ծրագրի պատճենը շուտով ուղարկել Վեհափառ Հայրապետին, քանի որ Պողոս փաշային անմիջապես պատասխան պիտի տրվի:

ՀԱՍ, Ֆ.57, ց.5, գ.28, թ.184-185: Բնագիր: Ձեռագիր:

N 90

ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ ՊՈՂՈՍ

ՆՈՒԲԱՐ ՓԱՇԱՅԻՆ ԲԺ. ԶԱՎՐԻՅԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

23 հուլիսի 1915թ.
Թիֆլիս

Վեհափառ Տեր,

Ձերդ Սրբության հրամանով դիվանի հուլիսի 18-ի հմ. 1107 գրությամբ առաջարկվում է Ազգային բյուրոյին բացատրել, թե ինչ ծրագիր է ներկայացրել բժ. Զավրիյանը Պողոս փաշային, հայտնելով, թե այդ «Ձերդ Վեհափառության հավանությամբ պատրաստված ծրագիրն է, որի հիման վրա Պողոս փաշան պարտավոր է հիմնել իր բանակցությունները»:

Ագգ[ային] բյուրոյի կողմից պատիվ ունիմ հայտնելու, որ ինչպես ժամանակին բախտ է ունեցել զեկուցանելու Ձերդ սրբության Բյուրոն, բժ. Զավրիյանը ուղարկվել է Փարիզ և Լոնդոն Հայկական խնդրի համար աշխատելու նպատակով մինչև Պողոս փաշայի այնտեղ ժամանումը, իսկ նրա գալուց հետո նրան աջակցելու համար նույն խնդրում:

Ազգ[ային] բյուրոն իր պարտքն է համարել տալ բժ. Զավրիյանին պատճենները այն գրությանց, որ Ձերդ Վեհափառության կողմից Հայկական հարցի վերաբերմամբ տրված են եղել կոմս փոխարքային, և նույնպես ստացված պատասխանների, որպեսզի այդ բոլորը նա ներկայացնի Պողոս փաշային նրան իրազեկ կացուցանելու համար ամբողջ ունցած-դարձածի: Ուրիշ որևէ նոր ծրագիր Բյուրոն նրան չի հանձնարարել ներկայացնելու Պողոս փաշային:

Հավանորեն Պողոս փաշան ընդունել է իբրև այդպիսի ծրագիր, Ձեր հավանությամբ պատրաստված այն առաջարկը, որ արված է Ձերդ Վեհափառության վերջին գրության մեջ, այն է 1914թ. նոյեմբերի 8-ից հմ. 1720, որը մատուցված է կոմս փոխարքային Թիֆլիսում և որի մասին Ձերդ Վեհափառությունը բախտ ունեցավ անձամբ զեկուցանելու Նորին մեծության Նիկողայոս Բ կայսեր նոյեմբերի 29-ի ունկնդրության ժամանակ: Համենայն դեպս Բյուրոն իր կողմից դիվանի գրության առթիվ առանձին բացատրություն կխնդրի բժ. Զավրիյանից:

Ձերդ ս. Օծության ամենախոնարհ որդի
փոխնախագահ Ազգ[ային] բյուրոյի Հովսեփ Խունունց

ՀԱԱ, Ֆ.57, ց.5, գ.28, թ.187: Բնագիր: Ձեռագիր: