Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/270

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

միտքը հաստատելու համար այնպիսի մեղադրական ակտեր են հորինում, որոնք վրաց ժողովրդի մտքովն էլ չեն անցել:

Հանգստացեք, պարոն ազգայնականներ, աշխարհքը ձեր կտցահարելու համար չէ ստեղծվել: Դեմոկրատիան ինքը կարող է իր անելիքներն անել, իր գլխի ճարը տեսնել, ազգերի միջև հաշտություն ու համերաշխություն առաջացնել: Նա ձեր խնամակալության կարիք չունի»:

«Հորիզոն», 08.10.1917

N 65

Վրաց «Սախալխո Սաքմե»[1] լրագրում տպագրված «Հայոց խորհրդաժողովը և

տարօրինակ կարծիքներ» հոդվածը թարգմանաբար արտատպված «Հորիզոն»

թերթում

12 հոկտեմբերի 1917թ.
Թիֆլիս

Այդ վերնագրով «Սախալխո Սաքմե» լրագիրը իր N 71 ֊ում տպագրել է հետևյալ առաջնորդող հոդվածը.

«Թիֆլիսում տեղի ունի Հայոց խորհրդաժողովը: ժողովը դեպի ինքը գրավեց հայ ժողովրդի բոլոր մասերը, բոլոր կուսակցությունները, բոլշևիկների բացառությամբ, որոնք բողոքով դիմավորեցին ազգային խորհրդաժողովին: Դրանց բողոքը ոչ մի տպավորություն չգործեց խորհրդաժողովի վրա: Հայ ազգի մեջ սոցիալ- դեմոկրատական կուսակցությունը չափազանց անզոր է և չպետք է զարմանանք, որ այդ անզոր կուսակցության մի թևին ոչ ոք նշանակություն չի տալիս: Բացի կուսակցություններից, խորհրդաժողովում մասնակցություն ունեն հայոց համարյա բոլոր կուլտուրական հիմնարկությունների ներկայացուցիչները: Առհասարակ հայերն այնքան մեծ կարևորություն են տալիս այդ խորհրդաժողովին, որ նա, անկասկած, շատ մեծ նշանակություն կունենա հայկական իդեոլոգիայի մշակման համար:

Մենք, վրացիներս, հեշտությամբ կարող ենք ըմբռնել ազգային ժողովի ուժն ու հեղինակությունը: Մեր ամբողջ զգացմունքն ու միտքը ուղղված է ազգային ժողովներ հրավիրելու կողմը և մեր բարօրության համար էլ գործոն ենք համարում հարևան ազգի ժոզովով հանդես գալը, որը մեր մեջ էլ արձագանք կը գտնե: Ամբողջ Ռուսաստանում համարյա միայն վրացիք են մնացել, որ իրենց ազգային ուղղությունը մաքսանենգությամբ են երևան հանում, չհամարձակվելով բաց ճակատով որևէ ազգային գործի ծեռնարկեւ: Այդպիսով հայոց ազգային ժողովը թանկագին մի բան է ոչ միայն իրենց հայերի, այլև մեր վրացիների համար, նա կը նպաստե և մեր պատրաստվելուն ու հանդես գալուն: Հավատացած ենք, որ ապագայում վրացիք էլ կը հաջողեցնեն զուտ ազգային ժողով հրավիրել, որպեսզի հետո էլ կարողանանք միջազգային ժողով գլուխ բերել, ժողով, որ միջազգային Անդրկովկասի համար վերջնականապես մի միջազգային ու ֆեդերատիվ կազմակերպության հիմքը կը ձգե:

Բացի այն փաստից, որ ազգային ժողովը գումարվեց և անգնահատելի նշանակություն ունի, նորերևույթ պետք է համարվի «Դաշնակցություն» կուսակցության այն հայտարարությունը, թե հայ ազգը Անդրկովկասում Պետական ազգ է (ընդգծումը վրաց լրագրինն է): Դաշնակցությունը սխալ չգործեց իր այդ հայտարարությամբ և ճշմարտությամբ ներկայացրեց ազգային խորհրդաժողովի ոգին, որպեսզի միաժամանակ ներկայացնե նաև հայ ժողովրդի ամբողջությունը:

  1. «ժողովրդական գործ»: