Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/296

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ընկեր նահանգապետների, կառավարիչների և այն բոլոր ղեկավարների զիվորա-դաշտային դատարանով պատժվելը:

8. Կպահանջի Հայ ժողովրդի վնասների ամբողջական հատուցումը ի հաշիվ օսմանեան կառավարության:

/Ընդունված Դ և Ե նիստի մեջ, փետր. 11-ին և 12-ին/

Այնուհետև Համագումարին կզբաղեցնի այն հարցը, թե ինչպիսի կազմով մարմին պետք է ընտրել, իր որոշումները իրականացնելու համար: Այս հարցի առթիվ կքվեարկվի և կընդունվի պ. Ռուբեն Դրամբյանի հետևյալ բանաձևը.

ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆԻ ԲԱՆՁԵՎԸ

Արևմտահայ Բ. Համագումարը կընտրի ինն հոգիանոց մեկ մարմին, որպես Արարատյան Հանրապետության մեջ ապրող Արևմտահայ հատվածի „Գործադիր Մարմին,,:

1. Նա կիրականացնի համագումարի որոշումները:

2. Կշարունակի մնալ իր ստանձնած պարտականությունների և իրավասության մեջ, մինչև Միացյալ Ազատ Հայաստանի պետական-օրենդրական հաստատությունների իրականացումը Հայության մյուս հատվածների Պողոս Նուպարի կաբինետի, Արարատյան հանրապետության կառավարության և խորհրդարանի գործակցությամբ և համաձայնությամբ:

3. Բացառիկ և համազգային արժեք ներկայացնող որևէ դեպքի առթիվ կհրավիրի սույն համագումարն իր լրիվ կազմով, Գործադիր Մարմնի անդամների մեկ երրորդի կամ Համագումարի անդամների կեսից ավելիի պահանջմամբ:

4. Գործադիր Մարմինը հաշվետու և պատասխանատու է Համագումարի առաջ իր գործունեության համար:

5. Համագումարի Բ նստաշրջանը կհրավիրվի մայիս 1-ին, եթե մինչ այդ ներգաղթը չի կատարված և եթե հնարավոր է պատգամավորների կեսից ավելին հավաքել;

6. Գործադիր Մարմնի օրենսդրական գործուենությունը կսահմանափակվի միայն այն չափով, որ չափով որ չի հակասի համագումարի որոշումներին և բանաձևերին:

7. Գործադիր Մարմինը կաշխատի մյուս շրջաններում ևս, որոնք զանազան պատճառներով ներկա կազմից կբացակայեն, պատգամավորներ բերելով, լրացնել իր կազմը:

/Ընդունված Զ. Նիստի մեջ, փետրվար 13-ին/

Փետրվար 13-ին, Համագումարի վերջին նիստի մեջ գաղտնի քվեարկությամբ կընտրվեն հետևյալ ինն անձնավորությունները, իբրև Համագումարի որոշումների „Գործադրող Մարմին,, պ. պ.Սմբատ Բորոյան, Խաչատուր Բոնապարտյան, Արմեն Սասանի, Գրիգոր Բուլղարացի,Վարազդատ Տերոյան, Ռուբեն Դրամբյան, Վահագն Քրմոյան, Վաղարշակ Յոխիկյան, Արսեն Կիտուր:

Այնուհետև նախագահության առաջարկով Համագումարը կլսի ողջույնի նամակների ընթերցումը: Այդ նամակներից այստեղ կբերենք Ամենայն Հայոց վեհափառ կաթողիկոսին, Պողոս Նուպար փաշային, Հաշտության Կոնֆերանսին, Արարատյան Հանրապետության կառավարության և Խորհրդարանին ուղղված գրությունները: