Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/222

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սարալանջերին: Անապատային բուսականության բնորոշ առանձնահատկություններն են ճիմ առաջացնող բույսերի լրիվ բացակայությունը, հողի մակերևույթի մինչև 30% բուսապատումը: Ըստ հողի նկատմամբ ունեցած պահանջի՝ բաժանվում է երեք խմբի.

  1. աղասեր կամ հալոֆիլ (հայտնաբերվել է 217 բուսատեսակ), որտեղ առավել տարածված են օշանը, շորանը, մանրատերև սվեդան, զեյդլիցիան, կոնաձև աղապատուկը, կալիախոտը, կարմրանները և այլն, հազվագյուտ բուսատեսակներ՝ Շոբերի բորակաթուփը, շուրջաթև բիներցիան, փոշապատ ֆրանկենիան, մազակիր հալոտիսը և այլն, որոնք գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:
  2. Գիպսասեր կամ գիպսոֆիլ. զբաղեցնում է չնչին տարածություն, հիմն. բուս, տեսակներն են սապնարմատը, զուգատերևը, կաթնուկը, ոզնաթուփը և այլն:
  3. Ավազասեր կամ պսամոֆիլ. այս խմբի բուս. տեսակաշարն ավելի հարուստ է և կայուն, գեղածնկիկ, սպիտակ հազարատերևուկ, Թամամշյանի օշան, ծաղկավոր զեյդլիցիա, տարօրինակ և Շովիցի գազեր, արագլախոտ, խոզանուկ և այլն: Անապատային բուսականության դերը ժողտնտեսության մեջ չնչին է. այն հիմնականում օգտագործվում է որպես ձմեռային արոտավայր, նաև արժեքավոր դեղանյութեր՝ ալկալոիդներ, սապոնիններ, գլիկոզիդներ պարունակող բույսեր հավաքելու համար:

Կիսաանապատային բուսականություն: Արարատյան գոգավորության, նաև Զանգեզուրի, Մեղրիի ու Վայքի լեռնաշղթաների վրա (600-1500 մ բարձր-ներում) գտնվող գրեթե բոլոր չոր, անջրդի հողատարածքները՝ ղռերը, ծածկված են կիսաանապատային բուսականությամբ: Քարքարոտ կիսաանապատների ամենախոշոր զանգվածները Արագածոտնի, Արմավիրի և Արարատի մարզերում են: Ի տարբերություն անապատների՝ այստեղ բուս. համակեցությունում զգալի տոկոս են կազմում էֆեմեր ճիմ առաջացնող դաշտավլուկազգիները (անապատասեզ, ցորնուկ, այծակն, դաշտավլուկ և այլն): Հայաստանի կիսաանապատային բուսականության տիրապետող բույսերն են հոտավետ օշինդրը, կոխիան, նոնեան, լերդախոտը, բորբոսատեսուկը, դաշտավլուկը, կապարը, հազարատերևուկը, որոնք երբեմն առաջացնում են ինքնուրույն բուս․ համակեցություններ: Օշինդրային կիսաանապատների որոշ հատվածներ (Կոտայքի մարզի Հացավան, Գեղադիր և Ողջաբերդ գ-երի շրջակայքում) իրենց բուս․ ծածկում պարունակում են արտակարգ հետաքրքիր բուսատեսակների (ուրարտ., արարատյան և բեոտական վայրի ցորեններ, Վավիլովի աշորա, վայրի գարի, անքիստ բթաթեփուկ, այծակն) և բազմաթիվ այլ հազվագյուտ խոտաբույսերի (տուրնեֆորտիա, նրբագեղմ հիրիկ, եղեսպակ և այլն) բնական պոպուլացիաներ: Հազվագյուտ տեսակները պահպանելու համար 1981-ին կազմակերպվել է էրեբունու արգելոցը (տարածքը՝ 89 հա, տես Արգելոց հոդվածում):

Օշինդրային կիսաանապատները, տարեցտարի կորցնելով իրենց լանդշաֆտային պատկերը, վերածվում են գյուղատնտ. դաշտերի ու այգիների: Երևանը շրջապատող կանաչ գոտին, Սարի թաղի, Ծիծեռնակաբերդի, Արզնիի, Ողջաբերդի, Ջրվեժի անտառամշակույթները, Երևանի բուսաբ. և կենդ․ այգիներն ստեղծվել են կիսաանապատային տարածքների իրացման հաշվին: Սակայն Արագածոտնի և Կոտայքի մարզերում կիսաանապատների մեծ զանգվածներ ցայսօր օգտագործվում են որպես ձմեռային արոտներ, ուտելի (սիբեխ, թրթնջուկ, կապար, խատուտիկ, դանդուռ), դեղատու (անթառամ, առյուծագի, լոշտակ, հազարատերևուկ, սրոհունդ, սպանդ) և բազմաթիվ այլ օգտակար (ներկատու, եթերայուղատու, համեմունքաշյին) բույսերի հավաքման համար:

Լեռնաչորասեր բուսականություն: Հայկ. լեռնաշխարհի բնորոշ տիպերից է: Տարածված է առավելապես հվ.՝ ոչ բարձր նախալեռն․ ժայռոտ և քարքարոտ լանջերին (Վայք, Զանգեզուր, Մեղրի, Ուրծ, Երանոս): Շատ նոսր և սակավ նկատելի բուսատեսակների առկայությամբ լեռնաչորասեր բուսականության ընդհանուր համայնապատկերը գույնզգույն քարաքոսերով պատված ժայռերի կույտի է նմանվում: Հողային ծածկույթը սովորաբար սակավազոր է, խճային կամ գրեթե բացակայում է: Որոշ բուսաբաններ