Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/552

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որոնք չեն կարողանում սնվել մշակաբույսերով և չեն հարմարվում դրանց մշակման պայմաններին, ոչնչանում են, իսկ մյուսները, գտնվելով բարենպաստ պայմաններում, բազմանում են և կարող են վնասել մշակաբույսերին: Երբեմն մարդու ստեղծած պայմանները կարող են բարենպաստ լինել վնասատուների որոշ տեսակների համար, ինչը կարող է հանգեցնել դրանց զանգվածային բազմացման:

Ա-ում բուսածածկույթը փոփոխվում է մարդու կամքով, այսինքն՝ Ա. կարգավորվող համակարգ է և ոչ թե ինքնազարգացող, ինչպես բնական կենսահամակեցությունը: Ա-ի առանձին տեսակների կայունությունը կախված է գյուղատնտ. հողերի ռեժիմի փոփոխության բնույթից և հաճախականությունից: Ա-ում ավելի կայուն են հողում բնակվող օրգանիզմները: Ա-ում տարբերում են գյուղատնտ. մշակաբույսերի վնասատուների 2 խումբ՝ մշակաբույսերի տարբեր և 1 կամ մի քանի տեսակներով սնվողներ: Առաջինները հեշտ են հարմարվում Ա-ի ռեժիմին, իսկ երկրորդներից Ա-ում գոյատևում են միայն տարաբնակեցման մեծ ունակություն, բարձր արգասաբերություն և զարգացման փոքր պարբերաշրջան ունեցողները: Բնական կենսահամակեցություններից անցումն Ա-ներին կատարվում է աստիճանաբար՝ մարդու ակտիվ տնտ. գործունեության հետևանքով, օրինակ՝ մարգագետին→արոտավայր→խոտհարք→ցանովի խոտեր→բազմամյա խոտաբույսեր→միամյա չքաղհանված մշակաբույսեր→քաղհանված մշակաբույսեր սխեմայով:

Շրջակա միջավայրի պահպանության համար կարևոր է գյուղատնտ. լանդշաֆտների ճիշտ կազմակերպումը, որով ապահովվում է բույսերի կողմից ածխաթթու գազի առավելագույն կլանումը և մեծացվում Ա-յան առաջնային արդյունավետությունը, այսինքն՝ ավելացվում է գյուղատնտ. մշակաբույսերի բերքը:

ԱԳՐՈԿԵՆՍԱՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀՀ գյուղատնտեսության նախարարության: Կազմակերպվել է 2004-ին՝ Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոնի կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի հիման վրա: Հիմն․ խնդիրներն են գյուղատնտ. և գեղազարդիչ մշակաբույսերի առողջ տնկանյութի ստացումն ու բազմացումը: Ունի վիրուսազերծ կարտոֆիլի և բանջարաբոստանային մշակաբույսերի արտադրության, գյուղատնտ. մշակաբույսերի ընտրասերման և սերմնաբուծության բաժիններ, խաղողի, պտղի և գեղազարդիչ մշակաբույսերի հյուսվածքային կուլտուրայի լաբորատորիա, փորձարար․ հենակետ (Ստեփանավանում):

Մշակվել են գյուղատնտ. (կարտոֆիլ, ծխախոտ, լոլիկ, ելակ, խաղող և այլն ) և գեղազարդիչ (վարդ, մեխակ, մանուշակ, լեզվաբույս, շուշան և այլն) in vitro բազմացման, դրանց պատվաստանյութի ախտահանման, բույսերի վերականգնման, վիրուսների ախտորոշման, բույսերի հարմարվողականության և ջերմոցներում աճեցման տեխնոլոգիաներ: Կարտոֆիլի մի շարք շրջանացված սորտերի համար մշակվել է առողջ տնկանյութի զանգվածային ստացման արդյունավետ կենսատեխնոլոգիա, որը կարտոֆիլի էլիտային սերմնաբուծության հիմքն է:

ԱԴԱՊՏԱՑՈՒՄ, տես Հարմարվողականություն:

ԱԵՐՈԶՈԼՆԵՐ (<հուն. aer-օդ և գերմ. zol-կոլոիդ լուծույթ), գազային միջավայրում լողացող պինդ կամ հեղուկ մասնիկներից բաղկացած դիսպերս համակարգեր:

«Ա.» տերմինն առաջինն օգտագործել է անգլ. քիմիկոս Ֆ. Ի. Ջոնանը՝ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին գերմանացիների կիրառած զառիկի միացությունների մասնիկներից կազմված թունավոր ամպերի բնութագրման համար:

Մասնիկների մեծությունը 10-7-ից 10-2 սմ է: Ա. անկայուն են. ծանրության ուժի ազդեցության տակ մասնիկները նստում են՝ հաճախ նախօրոք կպչելով իրար: Ա-ի մասնիկները կարող են միջավայրից կլանել իոններ և լիցքավորվել: Նույնանուն լիցքավորված մասնիկներ պարունակող Ա. ավելի կայուն են: Ըստ մասնիկների ագրեգատային վիճակի՝ Ա. լինում են ծխի, չոր մշուշի (երբ մանրացած նյութը պինդ է), մառախուղի և ամպի (երբ հեղուկ է) տեսքով: Ի դեպ, շատ վնասակար է նաև ծխախոտի ծուխը, որն աղտոտում է ոչ միայն ծխողի օրգանիզմը, այլև բնակարանն ու հաս. վայրերը: Ա-ի բաղադրությունը բազմազան է: Շրջակա միջավայրի և մարդկանց առողջության համար հատկապես վտանգավոր է մուրը, որով հագեցած է խոշոր քաղաքների օդը. այն թափանցում է մարդկանց շնչառական օրգանները, նստում հողի, ջրի, բույսերի վրա: Շրջապատի աղտոտման գործում մեծ է նաև սուլֆատների հասցրած վնասը, որոնք, անջատվելով մթնոլորտից, առաջացնում են թթվային անձրևներ և զանգվածային թունավորման պատճառ դառնում: Վտանգավոր Ա. են առաջացնում նաև գիպսը, լեռնավուշը (ասբեստ), մետաղների (երկաթ, կապար, ցինկ, մոլիբդեն, սելեն, թելուր) օքսիդները: Հատկապես վտանգավոր է կապարը: Ըստ հաշվարկների՝ ավտոմոբիլային 1 շարժիչը Ա-ի ձևով տարեկան մթնոլորտ է արտանետում մոտ 1 կգ կապար: Ա-ի պինդ մասնիկները, խառնվելով օդում եղած ջրի մանր կաթիլներին, հաճախ գոյացնում են մառախուղի հատուկ տեսակ՝ սմոգ։ Ուժեղ սմոգը մարդկանց մոտ առաջացնում է շնչահեղձություն, բրոնխային հեղձուկ, ալերգիա, աչքերի բորբոքում: Ա-ի առաջացումն օդում վնասակար է մարդկանց և շրջակա միջավայրի համար, հատկապես ցեմենտի, քիմ. և մանվածքների արտադրություններում: Որոշ Ա. պայթուցիկ են, օրինակ՝ ածխի, ալյուրի և շաքարի փոշիները: Միջուկային պայթյունները սովորաբար առաջացնում են խիստ վտանգավոր ճառագայթաակտիվ Ա.:

Թունավոր Ա-ի դեմ պայքարի հիմն․ եղանակներն են զտումը (ֆիլտրում), լվացումը, առաջացման պատճառների վերացումը, էլեկտր․ դաշտի և ձայնային ալիքների կիրառումը: Արհեստ. անձրևների առաջացումը, կարկտաբեր ամպերի և մառախուղների ցրումը նույնպես իրականացվում են Ա. վերացնելով:

Արտադրվում են հատուկ Ա., որոնք օգտագործվում են արդ-յան (ներկում, մետաղապատում, քողարկում, ծխնելուզային գազերից արժեքավոր նյութերի կլանում, վերամշակում և կիրառում), գյուղատնտեսության (բույսերի հիվանդությունների, վնասատուների վերացում), բժշկության (մաշկի վնասվածքների, վերքերի