ԱԳՐՈԱՆՏԱՌԲԱՐԵԼԱՎՈՒՄ, 1 անտառտնտ. միջոցառումների համալիր, որոնք իրականացվում են գյուղատնտ. մշակաբույսերի վրա բնական գործոնների (երաշտ, չորահողմ, հողի էրոզիա և մշակաբույսերի բերքատվությանը խանգարող անբարենպաստ ազդակներ) բացասական ազդեցության նվազեցման նպատակով: Հիմնված է անտառի հողապաշտպան, ջրակարգավորիչ և այլ պաշտպան. հատկանիշների վրա: Իրականացվում է դաշտապաշտպան անտառաշերտերի ստեղծմամբ: Ա. բարերար ազդեցություն է ունենում կլիմայի և հողի վրա, մասամբ կանոնավորում է տեղումների քանակը, շրջապատի հողի ու գետերի ջրային ռեժիմը, բարձրացնում օդի հարաբեր. խոնավությունը, նվազեցնում քամիների վնասակար ազդեցությունը, արգելակում հողի էրոզիան, ամրացնում ավազուտները: Լեռն. շրջաններում Ա. զուգակցվում է խոտացանությամբ և ջրատեխնիկական կառույցներով: Ըստ անտառաճեցման պայմանների՝ տարածքը բաժանվում է անտառբարելավման շրջանների (Ա-ման շրջանացում), որի հիմքում դրվում են հողակլիմ., ջրաբան., երկրբ., տեղագր. գործոնները և գյուղատնտ. ուղղվածությունը: Շրջանացումն օգտագործում են Ա-ման միջոցառումների նախագծման, ծառաթփային տեսակաշարի ընտրության, անտառաշերտերի հիմնադրման, դրանց մշակման ագրոտեխ. միջոցառումների պլանավորման նպատակներով: ՀՀ-ում Ա. սկսվել է 1926-ից: Ա-ման աշխատանքներ են կատարվել Կոտայքի մարզի Ողջաբերդ և Գառնի գ-երի շրջակայքում, Արագածոտնի և Սյունիքի մարզերի էրոզիայի ենթարկված լեռնալանջերի և Սևանի ջրերից ազատված ավազուտների վրա:
2. Անտառաբուծության բնագավառ, որն ուսումնասիրում է անտառտնկարկների միջոցով գյուղատնտ. հողահանդակների արդյունավետության բարձրացման տեխնոլոգ. և կազմակերպ. հարցեր:
ԱԳՐՈԷԿՈԼՈԳԻԱ, գյուղատնտեսական էկոհամակարգերի էկոլոգիա, գիտություն մշակաբույսերի, դրանց ագրոկենսահամակեցությունների և շրջակա միջավայրի փոխհարաբերությունների մասին: Ուսումնասիրում է ագրոկենսահամակեցության օրգանիզմների միջև հաստատվող կապերը, անմիջական փոխազդեցությունները, դրանց առանձնահատկությունները, կենսահարույց և ոչ կենսահարույց գործոնների ազդեցությունը մշակաբույսերի կենսունակության ու բերքատվության վրա, նաև ագրոկենսահամակեցության կառուցվածքը, տեսակները և շարժը:
Ագրոկենսահամակեցության կենսբ. և էկոլոգ. մշակաբույսերի բերքատվության բարձրացման նպատակով օրինաչափությունների հիման վրա Ա. մշակում է գյուղատնտ. նորագույն տեխնոլոգիաներ (կաթիլային ոռոգում, գենետիկ, ճարտարագիտություն, բույսերի կենսբ. պաշտպանություն, խառը երկրագործություն և այլն):
ԱԳՐՈԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆ, աշխարհագր. որոշակի տարածքում գյուղատնտ. կենդանիների և մշակաբույսերի վայրի ցեղակիցների, ինչպես նաև օգտակար վայրի տեսակների բազմազանության ամբողջությունը, որը կարող է օգտագործվել գյուղատնտ. տարբեր նպատակներով: Տես նաև Բուսական պաշարներ, Գենետիկական պաշարներ, Կենդանական պաշարներ:
ԱԳՐՈԿԵՆՍԱՀԱՄԱԿԵՑՈՒԹՅՈՒՆ, մշակաբույսերի ցանքերով և տնկիներով զբաղեցված գյուղատնտ. նշանակության հողերում առկա օրգանիզմների ամբողջությունը: Ա-ում օրգանիզմների համախումբը բնութագրվում է տարբեր փոխհարաբերություններով, այդ թվում՝ սննդառության շղթաներ առաջացնող սննդառության կապերով: Ա. միշտ երկրորդական է, քանի որ ստեղծվում է բնական համակեցության տեղում՝ մարդու գործունեության հետևանքով: Ի տարբերություն բնական կենսահամակեցությունների, որտեղ բազմատեսակ բուսածածկույթը ձևավորվել է պատմականորեն, Ա-ում (դաշտեր, այգիներ, տնկատափեր) բուսածածկույթը ստեղծում է մարդը և սովորաբար ընդգրկում է մշակաբույսի 1 տեսակ, որին ուղեկցում են մոլախոտերը: Օրգանիզմների համախումբը (բացի մշակաբույսերից) Ա-ում ձևավորվում է գոյության պայքարի և բնական ընտրության արդյունքում: Մարդը բարենպաստ պայմաններ է ստեղծում մշակվող տեսակի համար և դրանով իսկ ճնշում մյուս տեսակներին, այսինքն՝ Ա-ում մարդու կարգավորիչ գործունեությունը մյուս տեսակների համար դառնում է բնական ընտրության լրացուցիչ կոշտ գործոն: Բուսակեր կենդանիների այն տեսակները,