Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԼԵՌՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հայկական լեռնաշխարհը գտնվում է Հյուսիսային կիսագնդի միջին լայնություններում. Փոքր Ասիա թերակղզուց արլ. տարածվում է Սև ծովի և հարավ-կովկասյան դաշտավայրերի, Իրանական և Փոքրասիական բարձրավանդակների և Հայոց Միջագետքի հարթավայրերի միջև:

Հայկական լեռնաշխարհը, որն զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածության շատ փոքր մասը, նկատելիորեն տարբերվում է շրջակա տարածքներից. այն 1700 մ միջին բարձրության լեռնային կղզի է՝ բարձր ու կտրատված միջնաշխարհով, որի առանձին գագաթներ հասնում են 4000-5000 մ-ի: Գերմանացի աշխարհագետ Կ. Ռիտտերը Հայկական լեռնաշխարհն անվանել է օդով և ջրով հարուստ լեռնային զով կղզի:

Հայկական լեռնաշխարհը բնական պայմանների յուրօրինակ համալիր է, ֆիզիկաաշխարհագրական առանձին միավոր: Այն աչքի է ընկնում մակերևույթի ինքնատիպ երիտասարդ հրաբխային լանդշաֆտով, միջլեռնային գոգավորություններով, բարձրլեռնային լճերով, անդնդախոր ձորերով, ցայտուն արտահայտված վերընթաց գոտիականությամբ: Այստեղ հանդիպում են երկրագնդի գրեթե բոլոր բնական գոտիներն ու զոնաները՝ մերձարևադարձայինից մինչև ձնամերձ: Լեռնաշխարհի ամենաբարձր կետը Մասիս (Արարատ) լեռն է (5165 մ):

Հայկական լեռնաշխարհի հս-արլ. մասում է գտնվում Հայաստանի Հանրապետությունը. այն ընդգրկում է եզրային ծալքաբեկորավոր լեռների և հրաբխային միջնաշխարհի մի հատվածը՝ 29743 կմ² տարածքով, որի 2 %-ն ունի մինչև 800 մ բարձրություն, շուրջ 60 %-ը՝ մինչև 2000 մ, 38 %-ը 2000 մ-ից բարձր է և անբարենպաստ՝ տնտեսական գործունեության համար: Մեծ են բացարձակ բարձրությունների տարբերությունները, ամենաբարձրը՝ քառագագաթ Արագածն է՝ 4090 մ, ամենացածրը՝ Դեբեդ գետի ստորին հոսանքի շրջանում՝ 375 մ:

ՀՀ տարածքի 18 %-ը հարթավայրեր են, 80 %-ը՝ լեռներ:

ՀՀ տարածքի միջին բարձրությունը 1830 մ է: Բնական պայմանների և երկրաբանական կառուցվածքի մեծ բազմազանությունից ելնելով՝ տարածքում առանձնացվում են 4 լեռնագրական մարզեր.

1. Հյուսիսային և հյուսիսարևելյան ծալքաբեկորավոր լեռնաշղթաների մարզը Փոքր Կովկասի կենտրոնական հատվածն է, ձգվում է հս-արմ-ից հվ-արլ.: Ծայր հս-ում Վիրահայոց լեռնաշղթան է, որից հվ., գրեթե զուգահեռականի ուղղությամբ, ձգվում են Բազումի, Հալաբի լեռնաշղթաները, վերջինիս շարունակությունը դեպի հս.՝ Դեբեդ և Աղստև գետերի միջև Տ-աձև ձգվող Գուգարաց լեռնաշղթան է՝ Սևորդյաց, Իջևանի, Ոսկեպար, Մթնասար լեռնաճյուղերով: Բազումի լեռնաշղթային զուգահեռ, Ջաջուռի լեռնանցքից մինչև Սևանի լեռնանցք, ձգվում է Փամբակի լեռնաշղթան, որից հվ-արլ. ճյուղավորվում է Ծաղկունյաց լեռնաշղթան, նրա հարևանությամբ անտառային բնության գրկում Ծաղկաձոր ամառանոցային քաղաքն է: Սևանա լճի հս-արլ. ափի երկայնքով տարածվում է Արեգունու լեռնաշղթան, որին հաջորդում է Սևանի լեռնաշղթան, ապա հվ-արլ. ուղղությամբ՝ Արևելյան Սևանի լեռնաշղթան: ՀՀ հս-արմ-ում՝ Ախուրյանի հովտից մինչև Փամբակի հովիտը, Շիրակի լեռնաշղթան է, որը Բազումի, Փամբակի, Արեգունու, Սևանի և Արևելյան Սևանի լեռնաշղթաների հետ կազմում է ընդհանուր ջրբաժան՝ լեռնագրական