Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/196

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1. հողամասի վրա գտնվող շենքի, շինության և գրանցման վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր, 2. հողամասի օգտագործման իրավունքի գրանցման փաստաթղթերն ու հատակագիծը:

Պետության սեփականություն հանդիսացող հողամասերի անհատույց տրամադրումը կատարվում է վիճակահանությամբ: Հ. ի. կարող է դադարեցվել բացառապես օրենքով սահմանված կարգով:

ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ, հողի օգտագործումը՝ ավանդույթներով կամ օրենքով սահմանված կարգով: Հ-ման համակարգը, ձևերը և տեսակները կազմավորվել ու փոփոխվել են հասարակության տնտ. հարաբերությունների զարգացմանն ու հաջորդափոխութանը համընթաց: 2001-ից գործող ՀՀ Հողային օրենսգրքով սահմանվում են հողային հարաբերություններն ու Հ-ման արդյունավետության բարձրացման, շրջակա միջավայրի պահպանման, հողի նկատմամբ իրավունքների պաշտպանության իրավ․ հիմքերը, որոնց շնորհիվ հողն օգտագործվում և պահպանվում է որպես ժողովրդի կենսագործունեության պայման: Հ-ման և հողի պահպանության, հողային ֆոնդի նպատակային օգտագործման համար ՀՀ իշխանությունները սահմանել են վերահսկողության հիմն․ խնդիրներ (ՀՀ Հողային օրենսգիրք, հոդված 39), որոնք իրականացնում են տեղ. ինքնակառավարման մարմինները: Հողային օրենսգրքի 43 հոդվածի համաձայն՝ հողամասերն ըստ նպատակային և գործառնական նշանակության օգտագործելիս պետք է պահպանվեն Հ-ման սահմանների չափերը: Տեղ. ինքնակառավարման մարմինները ժամանակին կանխարգելում, կասեցնում և վերացնում են ապօրինի հողօգտագործումը՝ համայնքի վարչ. սահմաններում և դրանից դուրս: Հողային օրենսգրքի պահանջները խախտողների նկատմամբ կիրառվում են վարչ. տույժեր: Հողի տիրապետումը, օգտագործումը և տնօրինումը չպետք է վնաս պատճառին շրջակա միջավայրին, երկրի պաշտպանությանն ու անվտանգությանը, խախտեն քաղաքացիների և այլ անձանց իրավունքներն ու օրենքով սահմանվող շահերը:

ՀՈՒՄՈՒՍ (լատ.՝ humus-հող), բուսահող, հողի օրգ., մուգ գունավորված մասը, որը ձևավորվում է բուս․ ու կենդ․ մնացորդների կենսաքիմ. փոփոխություններից և կուտակվում հողի վերին հորիզոններում: Հ-ի քանակությամբ և որակով են պայմանվորված հողի բերրիությունը, գույնը, կառուցվածքը, ջրաֆիզ. առանձնահատկությունները: Հ. կազմված է երկու խումբ օրգ. միացություններից, առաջինը պարունակում է բուս․ և կենդ․ մնացորդներ (հողի օրգ. նյութերի 10-15%-ը)՝ սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպեր, խեժ, լիգնին և այլն, երկրորդը՝ օրգ. միացությունների սինթեզի ընթացքում առաջացած հումուսային նյութեր, որոնք կազմում են Հ-ի հիմն․ մասի 85-90 %-ը (հումինաթթուներ, ֆուլվոթթուներ):

Հ. հողի գենետիկ․ տիպերի ամենակարևոր ցուցանիշն է: ՀՀ հողերը պարունակում են. լեռնամարգագետնայինը՝ 13-20, մարգագետնատա-ժփաստանայինը՝ 10-13, անտառային գորշը՝ 4-8, ճմակարբոնատայինը՝ 7,5-11, անտառային դարչնագույնը՝ 4-6, լեռն․ սևահողերը՝ 4-11, մարգագետնասևահողերը՝ 15, լեռն․ շագանակագույնը՝ 2-3,5, կիսաանապատային գորշը՝ 1-2, ոռոգելի մարգագետնային գորշը՝ 1,5-2, պալեոհիդրոմորֆ ալկալին՝ 0,8-2,6, աղուտ-ալկալին՝ 1 % Հ.:

Հողօգտագործման ժամանակ նվազում է Հ-ի պարունակությունը, այն վերականգնելու նպատակով մշակվող հողերը պարարտացվում են: