Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/225

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տիններում գերակշռող կենսաձևերը թզուկ (մինչև 10-12 սմ բարձր.), վարդակավոր, գետնին սեղմված տարախոտերն են (եռատամ զանգակածաղիկ, Ստևենի խատուտիկ, քեմոն, անմոռուկ, բոգ, գնարբուկ, բերենիկե և այլն): Վերջին տարիներին նկատվել է ալպյան մարգագետինների գորգային համակեցությունների գերիշխող բուսատեսակների սերմային վերաճի թուլացում, որի հետևանքով փոխվել է արժեքավոր բուսատեսակների ցենոպոպուլացիաների հասակային կազմը (ավելացել են չծաղկող հասակավոր պոպուլացիաները, պակասել երիտասարդները):

Ալպյան գորգերի խոտի սննդային ու կերային արժեքները շատ բարձր են, որոնք պայմանավորված են վիտամինների, սպիտակուցների, ճարպերի, հանք․ ու բուրավետ նյութերի յուրահատուկ բաղադրությամբ: Ալպյան մարգագետինների գետնամերձ խոտածածկն օգտագործվում է միայն որպես արոտավայրեր, որի պատճառով նկատվում է օգտակար բուսատեսակների քանակի նվազում, իսկ ցածրարժեքների (տատասկ, ոջլախոտ, հրանունկ և այլն) արագ աճ ու բազմացում:

Ճահճային բուսականությունը գրավում է հանրապետության տարածքի ընդամենը 15հզ. հա մակերեսը: Փոքրիկ զանգվածներով հանդիպում է բոլոր գոտիներում, գետերի ու լճերի մերձափնյա մասերում, խոր ձորերում ու կիրճերում, գրունտային ջրերով հարուստ հարթություններում, աղբյուրների ու ձյան հալոցքների շուրջը: Ճահիճները, չնայած իրենց գրաված փոքր տարածությանը, աչքի են ընկնում բուսատեսակների բազմազանությամբ (հայտնաբերվել է շուրջ 417 տեսակ): Յուրաքանչյուր գոտի ունի իր ուրույն ճահճային բուսականությունը. Կեռոն լայնատերև տարածված են բոշխը, ճահճախոտը, մակարդախոտը, ապուզանը, կնյունը, կեռոնը, շամբը, պալարեղեգը, եղեգը, կարապածաղիկը, մացառեղեգը և այլն: Լեռն, ճահիճներում աճում են նաև շուրջ 100 տեսակ մամուռներ (այդ թվում՝ տորֆամամուռ և լյարդամամուռ), կան նաև տորֆային նստվածքներ: Բնական ճահճուտների չորացումը, բացի դրականից, ունեցել է նաև բացասական ազդեցություն, միայն Սևանա և Գիլլի լճերի ճահիճների չորացման պատճառով հանրապետության տարածքից հեռացել են ավելի քան 30 արժեքավոր ջրաճահճային թռչուններ, ոչընչացել 40-ից ավելի բուսատեսակներ (Զեդելմեյերի մարգացնծու, աբեղախոտ, կիզխոտ և այլն):

Ջրային բուսականություն: ՀՀ ունի բավականին հարուստ և բազմազան ջրային բուսականություն: Հայտնաբերվել են 60-ից ավելի ծաղկավոր ջրային բույսեր (հիդրոֆիտներ): Դա պայմանավորված է ջրավազանների էկոլոգ. և բուսաաշխարհագր. բազմազանությամբ ու տարաբաշխմամբ: Լեռնազանգվածների ալպյան գոտին բավականին հարուստ է լճերով (Կապուտան, Ծաղկարի, Գազանա և այլն), սակայն ցրտաշունչ կլիմ. պայմանների պատճառով ջրային բուսականություն չի աճում:

Միայն Արագածի վրա գտնվող Քարի լճում (3200 մ) աճում է վարսագեղը (ջրաստղ)՝ ծաղկավոր բույսերից միակը: ՀՀ-ում գետերը հոսում են խոր ձորերով ու կիրճերով և սրընթաց են. բնականաբար այդպիսի պայմաններում ջրային բույսերը չեն կարող աճել: Սակայն շատ ջրային մամուռներ (լյարդամամուռ, ֆոնտինալիս և այլն) հարմարվել են նման պայմաններին: Ջրային բուսականությունն առանձնապես լավ է զարգացած Սևանա, Պարզ, Տզրկածով և այլ լճերում, Արփի ջրամբարում (շերեփուկախոտ, ջրոսպ, բյուրատերևուկ, ռիչիա, խորշաբույս, տարբեր ջրիմուռներ և այլն): Լոռու մարզի լճակներում աճում են Հայաստանի համար հազվագյուտ ջրային բույսեր (սպիտակ և դեղին ջրաշուշաններ, փոքր և միջին խորշաբույսեր, ծովոսպ և այլն)՝ առաջացնելով նույնիսկ բուսուտներ: Արարատյան դաշտի ջրային բուսականությունը (առավելապես Մեծամոր լճի և գետի) աչքի է ընկնում իր քանակ․ կազմով: Բացառիկ է ջրային բույսերի դերը լճակների, ջրավազանների ու գետերի կենսբ. ռեժիմի կարգավորման գործում: Դրանք մաքրում են ջրամբարները՝ կատարելով զտիչի դեր, հարստացնում են թթվածնով, ծառայում որպես կեր և բնադրման, պաշտպանման, բազմացման վայր՝ զանազան ջրլող թռչունների ու կենդանիների համար:

ԲՈՒՍԱԿԱՆ ՀՈՒՄՔ, մարդու տնտ. գործունեության մեջ օգտագործվող բույսերի մասեր կամ բուս․ նյութեր: Բուս․ ծագում ունեցող հումքն ստացվում է ինչպես արդի աճող, այնպես էլ բրածո (քարածուխ, նավթ, տորֆ, հանածո կաուչուկ և այլն) բույսերից: Պիտանի բույսերը բաժանվում են երկու խմբի՝ հումքային և պատվաստումային: Հումքային բույսերից ստացված հումքը կամ անմիջապես սպառվում է առանց վերամշակման կամ օգտագործվում արդ-յան տարբեր բնագավառներում (փայտամշակման, մանածագործության, սննդի, դեղագործության և այլն)՝ հետագա վերամշակման համար:

Հումքային բույսերի մի մասը գործածման ընթացքում ոչնչանում է (ներկատու, արմատային կաուչուկատու, եթերայուղատու և այլն), մյուսներից (յուղատու, դեղատու, մրգատու և այլն) պահանջվող հումքն ստանալու համար օգտագործում են բույսի մասեր (բույսը մնում է կենսունակ): Հումքային բույսերի մի այլ խմբից (օրինակ՝ բալասանատու, լատեքսային կաուչուկատու, խեժատու և այլն) անհրաժեշտ նյութեր ստանալու նպատակով առաջացնում են փոքրիկ վնասվածքներ (կտրվածքներ, խոցումներ և այլն ), որոնք գրեթե չեն ազդում բույսի կենսունակության վրա: Պատվաստումային բույսերն օգտագործվում են տարբեր նպատակներով (գեղազարդիչ, հողաբարելավման, ավազամրացման և այլն): Բ. հ., ըստ ճանաչում գտած դասակարգման, բաժանվում է երկու խմբի՝ տեխ. և բնատնտ.: Տեխ. Բ. հ. ստացվում է այն բույսերից, որոնք պահանջվող արդյունքն ստանալու համար ենթարկվում են արդ. վերամշակման: Դրանցից են կաուչուկատու, խեժատու, եթերայուղատու, բալասանատու, ներկատու, թելատու, փայտանյութատու և այլ բույսեր: Բնատնտ. Բ. հ. օգտագործվում է առանց հետագա արդ. վերամըշակման, կամ պահանջվում է ամենապարզ վերամշակում (չորացում, կալսում, եփում և այլն): Այս խմբին են պատկանում սննդ. (հացահատիկային, բանջարաբոստանային, պտղատու,