Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/268

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նավուն: Ծաղկում է մայիս-հունիսին: Պտուղը հարթ, ձվաձև, ամուր թաղանթով պատված սերմիկ է: Դալար ցողուններն ուտելի են:

ԿԱՆԴԻԴԱ (Candida), անկատար սնկերի ցեղ: Բազմանում է բողբոջմամբ, ընդունակ է առաջացնել կեղծ միցելիում: Հարուցում է մարդկանց և կենդանիների կանդիդոգներ, որոնք լինում են մակերեսային՝ ախտահարում են բերանի, սեռ. օրգանների լորձաթաղանթները, և խորը՝ ներքին օրգանները: Կ. օրգանիզմ է թափանցում շրջապատող միջավայրից, սննդամթերքի, բժշկ. գործիքների միջոցով և այլն Ընդունակ է բնակվել ջրում, հողում:

Կանդիդոզի հարուցիչներից առավել հայտնի է Կ. ալբիկանսը (C. albicans), որի առաջացրած հիվանդությունը հաճախ հակաբիոտիկներով բուժման հետևանք է:

ԿԱՆԵՓ (Cannabis), կանեփազգիների ընտանիքի միամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 3 տեսակ՝ Կ. մշակովի կամ սովորական (C. sativa), մշակվում է թել և սերմ, Կ. հնդկական (C. indica)՝նարկոտիկներ (հաշիշ, մարիխուան) ստանալու համար, և Կ. մոլախոտային (C. ruderalis), աղբոտում է գարնանացան բույսերի ցանքերը: ՀՀ-ում տարածված է մշակովի Կ. (միայն հողամասերում, գրեթե ամենուրեք): Միամյա, երկտուն, խաչաձև փոշոտվող բույս է (ստացված են նաև միատուն սորտեր): Արմատն առանցքային է: Ցողունը կանգուն է, բարձր.՝ 0,5-4,0ւ/: Տերևները թաթաձև հատվածավոր են, ցողունի ներքևի մասում՝ հակադիր, վերևում՝ հերթադիր: Արական ծաղիկները ողկուզանման-հուրանանման ծաղկաբույլերով են, իգականները՝ հասկանման ճյուղավորված՝ տերևանութներում: Ծաղկում է օգոստոսին: Պտուղը երկփեղկ ընկուզիկ է: Արական բույսերի վեգետացիան ավելի կարճ է, ցողունները՝ նուրբ, դրանցից ստացվում է փափուկ և ամուր, իսկ իգականներից՝ կոպիտ, ամուր, ջրում չփտող թել: Արական բույսերի թելի ելը կազմում է չոր ցողունի 20-25 %-ը, իգականներինը՝ 12-20 %: Թելից պատրաստում են ճոպան, պարան, լարան, նավագնացային և ձկնորս, հանդերձանքներ, պարուսին, բրեզենտ և այլն: Կ-ի պտուղները պարունակում են 30-35 % յուղ, որն օգտագործվում է սննդի մեջ (հայկ. ավանդ, աղանձի բաղադրամաս է) և տեխ. (օլիֆ, լաքեր, ներկեր, օճառ) նպատակներով: Քուսպն արժեքավոր կեր է, պարունակում է 5-8 % սպիտակուցներ: Կ-ի սերմերից և կանաչ զանգվածից ստացվող պատրաստուկները կիրառվում են որպես բուժամիջոց՝ ստամոքսաղիքային համակարգի բնականոն գործունեության համար:

ԿԱՆԹԵԴԱԽՈՏ (Chelidonium), ծիծեռնախոտ, հողմափայտ, մամիրան, ծիծղան ծաղիկ, կակաչազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 1 տեսակ՝ Կ. մեծ (C. majus): ՀՀ-ում հանդիպում է Լոռու, Տավուշի, Սյունիքի և այլ մարզերում, Երևանի շրջակայքում: Աճում է անտառներում, այգիներում, բանջարանոցներում, ստվերոտ տեղերում, բնակավայրերի մոտ: Մոլախոտ է:

Ցողունը ճյուղավորվող է, քառանիստ՝ մազիկներով ծածկված, բարձր.՝ 30-100 սմ՚. Տերևները հերթադիր են, փետրաբաժան, վերին մասը՝ կանաչ, ստորինը՝ թխակապույտ: Ծաղկաբույլը հովանոցանման է, ծաղիկները՝ ոսկեդեղին: Ծաղկում է մայիս-սեպտեմբերին: Պտուղը երկփեղկ, պատիճանման տուփիկ է, սերմերը՝ սև կամ սև-ձիթապտղագույն: Ունի սուր, տհաճ հոտ: Դեղաբույս է. օգտագործվում է գիտ. և ժող. բժշկության մեջ: Պարունակում է (բոլոր մասերը) խելիդոնին, մեթօքսիխելիդոնին, սանգվինարին, կրոտոպին, հոմոխելիդոնին, ստիլոպին և այլ ալկալոիդներ (որոնց քանակը բույսի մեջ հասնում է մինչև 1,87 %), եթերայուղ, վիտամին A, ֆիտոնցիդևեր, թթուներ, սապոնիններ, միջատասպան նյութեր, կաթնահյութ, ճարպայուղ, ֆերմենտ, մակրո- և միկրոտարրեր և այլն: Պատրաստուկները (թուրմ, մզվածք, հյութ, թարմ զանգված, փոշի և այլն ) կիրառում են ջրգողության, միզուղիների հիվանդությունների, մալարիայի, ռևմատիզմի, պոդագրայի, ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունների, թութքի, թոքաբորբի, նաև մաշկ, տարբեր հիվանդությունների (գորտնուկ, խոց, քոս, պալարախտ, գունակային բծեր և այլն) ժամանակ: Կ. նաև տեխ. բույս է. արմատներից ստանում են դեղին ներկ.