և մասնատված, իսկ վերինները՝ նստադիր, ավելի փոքր՝ խիստ փքված տերևածոցով և քիչ մասնատված: Ծաղկաբույլը հովանոց է, ծաղիկները՝ սպիտակ, կանաչասպիտակավուն կամ կարմրավուն: Ծաղկում է հունիս-հուլիսին: Պտուղը երկսերմ տուփիկ է: Դեղաբույս է. պտուղները պարունակում են եթերայուղեր (օգտագործում են սննդի արդ., օծանելիքի արտադրության մեջ): Արմատներից անջատվող սիլուրինն օգտագործվում է բորբոքումների, աղիքային հիվանդությունների, վարակների դեպքում:
ԿԱՌ (Onopordum), կաղջնակ, տափափուշ, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի երկամյա, հազվադեպ՝ բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 50, ՀՀ-ում՝ 4 տեսակ՝ Կ. փշոտ (O. acanthium), Կ. հայկական (O. armenum), Կ. մոխրագույն (O. cinareum) և Կ. տարափուշ (C. heteracanthium): Տարածված է գրեթե բոլոր մարզերում: Աճում է ճամփեզրերին, բնակավայրերին մոտ, քարքարոտ լանջերին, հաճախ աղբոտում է ցանքերը:
Ցողունի բարձր, մինչև 2մ է։ Տերևները փշոտ են, երկարավուն, նստադիր: Ծաղկաբույլը խոշոր, մեկական կամ ճյուղերի ծայրերին խմբերով զամբյուղ է, հազվադեպ՝ նստած տերևածոցերում, ծաղիկները՝ բազմաթիվ, խողովակավոր: Ծաղկում է հուլիս-սեպտեմբերին: Պտուղը կողավոր, կնճռոտ սերմիկ է: Պարունակում է ալկալոիդներ, պոլիացետիլենային միացություններ, ֆենոլկարբոնային թթուներ, ճարպեր, աղաղանյութեր և այլն: Որոշ տեսակների արմատների եփուկն օգտագործվում է ռևմատիզմի, թոքերի, ստամոքսի, իսկ վերգետնյա մասերինը՝ լեղապարկի, միզուղիների, քսուկը՝ մաշկ․ հիվանդությունների, հյութը՝ թարախային վերքերի բուժման ժամանակ:
ԿԱՏԱՂԻ ՎԱՐՈՒՆԳ (Ecballium elaterium), իշավարունգ, դդմազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույս: ՀՀ-ում հանդիպում է Երևանի շրջակայքում, Տավուշի և Արմավիրի մարզերում: Աճում է ճամփեզրերին, թեթևակի աղուտ-ալկալի և կավային լանջերին:
Ցողունը փռվող է կամ կանգուն, անհարթ, առանց խիղբերի, բարձր.՝ մինչև 1 մ: Տերևները սրտաձև են, հերթադիր՝ թույլ բլթակավոր: Ծաղիկները բաց դեղնավուն են, միատուն (հանդիպում են նաև երկտուն), բաժանասեռ, արականները՝ ողկույզներով, իգականները՝ մեկական: Ծաղկում է մայիս-հունիսին: Պտուղը սալորի մեծության հյութալի բազմասերմ դդմիկ է: Հասունացածը թեթևակի հպումից պոկվում է պտղակոթունից՝ արտանետելով սերմերը և լորձնային դառնահամ հեղուկ: Պտուղը պարունակում է գլիկոզիդներ, վիտամին C, սերմերը՝ ճարպայուղեր և այլն:
ԿԱՏՎԱԴԱՂՁ (Nepeta), խուլեղինջազգիների (շրթնածաղկավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 200 (այլ տվյալներով՝ 250), ՀՀ-ում՝ 17 տեսակ՝ Կ. Զանգեզուրի (N. zangezura), Կ. Ալագյազի (N. alaghezi), Կ. երևանյան (N. erivanensis), Կ. Մեյերի (N. meyeri), Կ. խուլեղնջատերև (N. lamiifolia) և այլն: Հանդիպում է ՀՀ բոլոր մարզերում: Աճում է գրեթե բոլոր գոտիներում, թփուտներում, անտառեզրերին, գետերի և առուների ափերին, մարգագետիններում, բարձր խոտերի մեջ, քարքարոտ վայրերում և այլն:
Ցողունը քառանիստ է, ճյուղավորվող, բարձր.՝ 10-150 սմ: Տերևներն ամբողջական են, ատամնաեզր, հակադիր՝ կարճ կոթուններով: Ծաղկաբույլը հասկանման, ողկուզանման կամ հուրանանման է, ծաղիկները՝ տերևանութային, սպիտակ, կապույտ, դեղին կամ բաց վարդագույն, բուրավետ: Ծաղկում է հունիս-սեպտեմբերին: Պտուղը քառընկուզիկ է: Բոլոր տեսակները եթերայուղատու են. կիրառվում են օծանելիքի արտադրության, սննդի արդ. և բժշկության մեջ: Գեղազարդիչ է և մեղրատու:
Խուլեղնջատերև Կ. հազվագյուտ տեսակ է, հանդիպում է Սևանի ավազանում, Կ. լերդախոտատերևը (N. teucriifolia) աճում է Սյունիքի մարզում: Այս տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:
ԿԱՏՎԱԼԵԶՈՒ (Bidens), երկատամնակ, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 130 (այլ տվյալներով՝ 200), ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ Կ. եռաբաժան (B. tripartita) և Կ. խոնարհված (B. cernua): Տարածված է Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի ճահճուտներում, գետերի, լճերի ափերին: Ցողունը կանգուն է, նոսրամազ, երբեմն՝ կարմրավուն, բարձր.՝ 15-19 (երբեմն՝ 80) սմ: Տերևները հակադիր են, խոր եռաբաժան, հազվադեպ՝ ամբողջական կամ նեղ-նշտարաձև: Ծաղկաբույլը զամբյուղանման է, ծաղիկները՝ դեղին, խողովակաձև: Ծաղկում է հունիս-հուլիսին: Պտուղը քառանիստ, փուփուլավոր սերմիկ է: Դեղաբույս է. պարունակում է եթերայուղեր, աղաղանյութեր, սոսնձանյութ, վիտամին C և այլն։ Կ-ից ստանում են դեղին ներկ:
ԿԱՏՎԱԽՈՏ (Valeriana), կատվարմատ, մրվան, սուրբ Գևորգի խոտ, ֆու, կատվախոտազգիների ընտանիքի բազմամյա, յուրահատուկ հոտով խոտաբույսերի ցեղ: Հայտնի է ավելի քան 200, ՀՀ-ում՝ 6 տեսակ՝ Կ. դեղատու (V. officinalis), Կ. սխտորուկատերև (V. alliariifolia), Կ. ավլախոտատերև (V. sisymbriifolia) և այլն: Տարածված է ՀՀ գրեթե բոլոր մարզերում: Աճում է մինչև ալպյան մարգագետիններ (ստորին լեռն․ գոտուց), ամենաբազմազան տիպի հողերում