Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/273

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԿԵՆՏԱՏԵՐԵՎ (Haplophyllum), պարզատերև, սատապազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ: Հայտնի է մոտ 500, ՀՀ-ում՝ 5 տեսակ՝ Կ. հայկական (H. armenum), Կ. թավոտ (H. villosum), Կ. բարակ (H. tenue) և այլն: Տարածված է Արմավիրի, Վայոց ձորի, Կոտայքի, Սյունիքի, Շիրակի և այլ մարզերում, Երևանի մերձակայքում: Աճում է չոր, առավելապես ավազոտ թեքություններում:

Ցողունը ճյուղավորվող է, բարձր.՝ 20-60 սմ, գորշականաչավուն: Տերևներն ամբողջական են, երկարավուն կամ կլոր: Ծաղկաբույլը վահանիկանման է, խիտ, ծաղիկը՝ դեղին, բաց դեղնավուն: Ծաղկում է գարնանը և ամռան սկզբին: Պտուղը տուփիկ է: Դեղաբույս է. պարունակում է ալկալոիդներ, եթերայուղեր:

ԿԵՉԱՍՈՒՆԿ (Leccinum scabrum), կեչու թնջուկ, բազիդիավոր սնկերի լեկցին ցեղի ներկայացուցիչ: ՀՀ-ում հազվադեպ հանդիպում է Լոռու և Տավուշի մարզերում: Աճում է լայնատերև կամ խառնանտառներում՝ ամռան ամիսներին՝ հողի վրա (1100- 1400 մ բարձր-ներում): Միկոռիզագոյացնող է, համակեցության մեջ է մտնում կեչու հետ: Գլխարկը (տրամագիծը՝ 10-15 սմ) մսալի է, ամուր, բարձիկաձև: Խոնավ եղանակին մակերեսը լորձնանում է: Գունավորումը, կախված եղանակից, կարող է լինել բաց դեղինից մինչև գորշամոխրագույն: Հիմենոֆորը (պտղաբեր մասը) խողովակաձև է, մանր, կլորավուն, անկյունաձև անցքերով, սպունգանման, սկզբում՝ սպիտակ, հետագայում՝ գորշ: Պտղամիսն ամուր է, սպիտակ, կտրվածքում՝ վարդագույն: Ոտիկը (երկար.՝ 10-20 սմ, հաստ.՝ 3 սմ) գլանաձև է, հիմքում՝ լայնացած, սպիտակ, ունի գորշ կամ մոխրագույն թեփուկներ:

Ուտելի է. օգտագործվում է թարմ, չորացրած, աղ կամ թթու դրած:

ԿԵՉԻ (Betula), կեչազգիների ընտանիքի տերևաթափ, միատուն ծառերի և թփերի, երբեմն՝ փռվող թփիկների ցեղ: Հայտնի է մոտ 120 (այլ տվյալներով՝ 140), ՀՀ-ում՝ 3 տեսակ՝ Կ. ելունդավոր (B. pendula), Կ. թավոտ (B. pubescens) և Կ. Լիտվինովի (B. litwinowii): Տարածված է գրեթե բոլոր մարզերի վերին լեռն․ գոտիների անտառներում: Աճում է քարքարոտ վայրերում: Ամենատարածվածը Լիտվինովի Կ. է, որը Սևանի ավազանում և Մարմարիկի հովտում (1800-2400 մ բարձր-ներում) առաջացնում է մերձալպյան անտառներ՝ կեչուտներ:

Ցածրաբուն, հիմնականում սպիտակավուն կեղևով ծառ է, բարձր.՝ մինչև 20 (երբեմն՝ 30) մ: Տերևները հերթադիր են, պարզ, ամբողջական, ատամնաեզր: Ծաղիկները կատվիկներ են: Ծաղկում է ապրիլ-մայիսին: Պտուղն ընկուզանման է, միասերմ, պարունակում է աղաղանյութեր, եթերայուղեր, ճարպեր, վիտամին C: Պատրաստուկներն օգտագործվում են որպես լեղամուղ, ճիճվամուղ, վերքերն ապաքինող միջոց:

Կ. ապրում է 50-80 տարի: ՀՀ-ում աճող Կ-ները էկոլոգակենսբ. առումով մոտ են միմյանց, լուսասեր են, ցրտադիմացկուն, հողի նկատմամբ՝ քիչ պահանջկոտ: Բազմանում է սերմերով և մացառներով: Բնափայտն սպիտակ է, կիրառվում է նրբատախտակի, մանրատախտակի, ծանր իրերի արտադրության մեջ: Գեղազարդիչ է:

ԿԵՌԱՍԵՆԻ (Cerasus), վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի կեռասենու ցեղի տերևաթափ պտղատու ծառ: ՀՀ-ում հանդիպում է Կ. անտառայինը (C. avium)՝ Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի, Արագածոտնի մարզերում: Մշակվում է Արարատյան, նախալեռն., հս-արլ. և Զանգեզուրի գյուղատնտ. գոտիներում:

Բնի կեղևը գորշասպիտակավուն է, բարձր.՝ 15 (20) մ: Տերևները պարզ են, խոշոր, երկար, ձվաձև, հակառակ ձվաձև՝ սուր ծայրով, ատամնաեզր: Ծաղկաբույլը նոսրածաղիկ հովանոց է, ծաղիկները՝ խոշոր, սպիտակ, երկար կոթուններով, երբեմն՝ մեկական: Ծաղկում է ապրիլ-մայիսին: Պտուղը տարբեր մեծության, հյութալի կորիզապտուղ է, կարմիր, սպիտակ, դեղին, վարդագույն, գրեթե սև, կորիզը՝ կլորավուն կամ ձվանման, հարթ: Պտղահյութն անգույն է, երբեմն՝ մուգ կարմրավուն, քաղցր, թթվաշ, թեթևակի տտիպ: Պտուղները պարունակում են շաքարներ, թթուներ, ազոտ և այլ նյութեր. օգտագործվում են թարմ և վերամշակած (մուրաբա, կոմպոտ, հյութ, ջեմ, գինի, չիր, շաքարաչիր և այլն): Կորիզի միջուկը պարունակում է յուղ, որն օգտագործվում է օծանելիքի արտադրության, բնափայտը՝ ատաղձագործության (պատրաստում են երաժշտ. գործիքներ) մեջ: Երկարակյաց է (մինչև 100 տարի և ավելի), ջերմա-, լուսա-, խոնավասեր: Բազմանում է պատվաստով, սերմերով և արմատային մացառներով: Մեղրատու է:

ԿԵՌՈՆ (Typha), որձախոտ, կերոն, ջրեղեգ, կատվագի, խոտեղեգ, կեռոնազգիների ընտանիքի բազմամյա, ճահճային կամ ջրաճահճային կոճղարմատավոր բույսերի ցեղ: Հայտնի է 15, ՀՀ-ում՝ 5 տեսակ. Կ. լայնատերև (T. latifolia), Կ. Լաքսմանի (T.laxmanii), Կ. նեղատերև (T. angustifolia), Կ. դոմինիկյան (T. domingensis) և Կ. փոքր (T.minima): Տարածված է Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Շիրակի, Տավուշի և այլ մարզերի ստորին և միջին լեռն․ գոտիներում: Աճում է գետերի, բնական և արհեստ․ լճերի, ջրամբարների ափերին, ճահճուտներում (800-2400 մ բարձր-ներում):

Ցողունը գլանաձև է, կանգուն, բարձր.՝ 80-250 սմ: Տերևները հերթադիր