Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լեռնագագաթը (3423 մ)՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի և ԼՂՀ սահմանագլխին: Կազմված է պալեոգեն-նեոգենի հրաբխածին, նստվածք․ ապարներից: Լանդշաֆտը լեռնամարգագետնային է:

ԾՂՈՒԿ, հանգած հրաբխ. լեռնազանգված Սյունիքի բարձրավանդակում ՀՀ Սյունիքի մարզում: Բարձր. 3581 մ է: Կազմված է անթրոպոգենի դացիտներից ու անդեզիտաբազալտներից: Գագաթին կա ջրածածկ ոչ մեծ խառնարան: Լանջերը կտրտված են, շատ են քարացրոնները, լավային հոսքերը, պահպանվել են սառցապատման հետքեր: Լանդշաֆտը լեռնատափաստանային է, գագաթը՝ ձնամերձ:

ԿԱՊՈՒՏՋՈՒՂ, Զանգեզուրի լեռնաշղթայի ամենաբարձր լեռնագագաթը (3904 մ)՝ ՀՀ Սյունիքի մարզում: Կազմված է պալեոգենի գրանիտներից, գրանոդիորիտներից: Լանջերը զառիթափ ու քարափային են՝ կտրտված Ողջի ու Գիլյան գետերի հովտաձորակային ցանցով: Բնորոշ են սառնամանիքային հողմահարումը, ծանրահակ շարժընթացներն ու անթրոպոգենի սառցապատման հետքերը (կառեր, տաշտակաձև հովիտներ, մորեններ): Կան ֆիոնային դաշտեր ու ձնաբծեր, սառցադաշտային լճակներ: Կլիման լեռնատունդրային է, դաժան, տարեկան տեղումները՝ 800-850 մմ (հիմնականում՝ ձյուն), ձնածածկույթի տևողությունը՝ 9-10 ամիս: Գագաթը լերկ է: Գագաթնամերձ մասում ձնամերձ գոտու աղքատիկ բուսածածկույթ է:

ԿԱՐՄԻՐ ԼԵՌՆԱՆՑՔ, Արեգունու լեռնաշղթայի կենտր. մասում ՝ 2176 մ բարձր. վրա՝ ՀՀ Գեղարքունիքի մարզում: Կ. լ-ով Սևանի ավազանը կապվում է Գետիկի հովտին:

ԿԱՐՄՐԱՇԵՆԻ ՍԱՐԱՎԱՆԴ, Արագածի հվ-արմ. ստորոտին՝ ՀՀ Արագածոտնի մարզի հվ-արմ-ում: Աստիճանաբար ցածրանալով՝ հվ-ում ձուլվում է Արարատյան դաշտին: Կազմված է նեոգենի ու ստորին անթրոպոգենի հրաբխ. ապարներից: Բլրաալիքավոր մակերևույթը կտրտված է Մաստարա գետի հեղեղատաձորակային ցանցով: Բնորոշ են մինչև 100 մ հարաբեր. բարձր. խարամային կոները: Կլիման չոր ցամաքային է, ձմեռը՝ չափավոր ցուրտ, ամառը՝ շոգ: Տարեկան տեղումները՝ 300-350 մմ: Տիրապետում են լեռնատափաստանն ու օշինդրակիսաանապատային բուսականությունը: Ոռոգման շնորհիվ դարձել է այգեպտղաբուծ. շրջան:

ԿԱՐՍԻ ՍԱՐԱՀԱՐԹ, Հայկ. հրաբխ. բարձրավանդակի հս-ում՝ Կարս գետի ավազանում՝ Կարմիր Փորակ, Ծովակ, Եղնախաղի լեռնաշղթաների միջև: Հվ-ում Արաքսի հովտով բաժանվում է Հայկ. Պար լեռնաշղթայից: Տարածքը մոտ 3920 կմ2 է, բարձր.՝ 1200-2100 մ: Կենտր. մասը բարձրադիր է՝ Մեծ Յաղլուջա (2966 մ), Փոքր Յաղլուջա (2788 մ), Ալաջա (2695 մ) հանգած հրաբուխներով: Կազմված է վերին պլիոցենի ու անթրոպոգենի բազալտներից և հրաբխ. ապարներից, որոնք տեղ-տեղ ծածկած են լճագետային նստվածքներով: Կան հրաբխ. շինանյութեր: Կլիման ցամաքային է, ձմեռը՝ երկարատև, ցուրտ, ամառը՝ կարճ, շոգ և չոր: Բնորոշ են լեռնահովտային քամիները: Հունվարի միջին ջերմաստիճանը -8°C (նվազագույնը՝ -35°C) է, հուլիսինը՝ 12-16°C, տարեկան տեղումները՝ 400-500 մմ, ձմռանը հաստատվում է անտիցիկլոն: Խոշոր գետերն են Կարսը, Տեկորը և այլն: Լանդշաֆտը տափաստանային է, մասամբ՝ չոր տափաստանային: Կ. ս-ում է Կարս ք.:

ԿԱՔԱՎԱՔԱՐ, լեռնագագաթ Արագածի մերձգագաթնային սարավանդի հվ-արմ-ում: Բարձր.՝ 3303 մ է: Կազմված է անթրոպոգենի լավաներից, հրաբեկորային նյութերից: Լանդշաֆտը լեռնամարգագետնային է:

ԿԵՆԱՑ ԼԵՌՆԱՇՂԹԱ, Միափորի լեռնաշղթայի հս-արլ. ճյուղավորությունը՝ ՀՀ Տավուշի մարզում: Բարձր. 2139 մ է (Կենացսար լ.): Սկսվում է Միափորի լեռնաշղթայի Մուրղուզ լեռնագագաթից և հս-արլ. ուղղությամբ ձգվում մոտ 42 կմ: Ծալքաբեկորավոր, էրոզային տեղատարումային լեռնաշղթա է: Ջրբաժան է Հախում ու Տավուշ գետերի միջև: Լանդշաֆտը լեռնատափաստանային և լեռնաանտառային է:

ԿՈՏԱՅՔԻ ՍԱՐԱՎԱՆԴ, ՀՀ Կոտայքի մարզում: Տարածվում է արմ. և հվ-արմ. թեքությամբ՝ Հրազդան գետի միջին հոսանքի ձախափնյա մասից մինչև Գեղամա լեռնավահանի արմ. ստորոտը: Հվ-արմ-ում աստիճանաբար ցածրանալով՝ ձուլվում է Արարատյան դաշտին: Կազմված է վերին նեոգենի, ստորին անթրոպոգենի լավաներից, լճային ու գետաբերուկ-հեղեղաբերուկային նստվածքներից: Բարձր. 1200-1500 մ է, մակերևույթը՝ ալիքավոր, թույլ կտրտված, տեղ-տեղ՝ 50-60 մ հարաբեր. բարձր. խարամային կոներով: Տարածված են քարակարկառները: Հս-արլ-ում լավային ծածկույթի տակից բխում են Քառասունակն աղբյուրները: Կ. ս-ի հվ-ում՝ Ավանի գոգավորության սահմաններում, կան կերակրի աղի զգալի պաշարներ, տուֆեր: Կլիման չափավոր ցամաքային է, ձմեռը՝ ցուրտ, ամառը՝ շոգ, տարեկան տեղումները՝ 400-500 մմ: