Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/365

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միջին չափի են, կողագծում՝ 39-56 հատ: Մեջքային լողակում առկա է 10-11 ճառագայթ, հետնալողակում՝ 13-16: Կլանային ատամները երկշարք են: Խռիկային առէջները կարճ են: Գունավորումը, կախված բնակության վայրից և տարիքից, կարող է տարբերվել: Մեջքը մոխրականաչավուն է՝ կապտավուն նրբերանգով, կողքերը՝ արծաթափայլ, փորիկը՝ սպիտակ: Մարմնի վերին մասում (կողագծից վեր)՝ խռիկային կափարիչից մինչև պոչի լողակի հիմքը, ձգվում է մուգ շերտ: Մարմնի կողքերին գտնվող կողագծի օրգանների վերին ու ստորին մասերում լավ արտահայտված են փոքրիկ, սև պտերը: Մեջքային, պոչային և կրծքային լողակները մոխրագույն են, փորային լողակները և հետնալողակը՝ հաճախ անգույն: Սեռահասունի կրծքային, փորային լողակների և հետնալողակի հիմքերը նարնջագույն են:

Սեռահասուն է դառնում 1-2 տարեկանում: Սեռ. երկձևությունը թույլ է արտահայտված: Արուներն էգերից փոքր են և ցածրամարմին՝ ավելի երկար զույգ լողակներով: Բազմանում է գարնանը և ամռանը (կախված ջրի ջերմաստիճանից): 1 առանձնյակն այդ ընթացքում կարող է բազմանալ 2-3 անգամ: Բեղունությունը հասնում է մինչև 75 հզ. ձկնկիթի:

Կենդանակեր տեսակ է: Սնվում է տարբեր մանր անողնաշարավորներով, ջուրն ընկած միջատներով ու նրանց թրթուրներով, ջրալվերով և այլն: Սննդային ակտիվությունն առավել բարձր է առավոտյան և երեկոյան:

Արդ. նշանակություն չունի: Կարող է սնունդ դառնալ կարմրախայտի համար: Արհեստ․ ջրամբարներում բնակվելու դեպքում հաճախ վարակվում է փոկորդով (Ligula intestinalis):

ԱՐԱԳԻԼՆԵՐ (Ciconidae), արագիլանմանների կարգի թռչունների ընտանիք: Հայտնի է 18, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ սև արագիլ և սպիտակ արագիլ:

Կտուցը երկար է, ծայրը՝ ուղիղ, սուր կամ թեթևակի կեռ, թևերը՝ լայն, ոտքերը՝ երկար, վառ կարմիր: Մարմնի կեցվածքը ուղղահայաց է: Ձայնալարերը հետզարգացած են, հաղորդակցվում են կափկափյուններով:

ԱՐԱՔՍԻ ԳԻՇԵՐԱՉՂՋԻԿ (Myotis araxenus), Շաուբի գիշերաչղջիկ հարթաքիթ չղջիկների ընտանիքի կաթնասուն կենդանի (մինչև 1995-ը համարվել է Նատերերի գիշերաչղջիկի տարատեսակ): Հանդիպում է սահմանափակ արեալով. ընդգրկում է հիմնականում Արաքս գետի հովիտը՝ Արմավիրի մարզից մինչև Սյունիքի մարզ:

Մարմնի երկար. 45-52 մմ է, պոչինը՝ 39-44 մմ, նախաբազկինը՝ 37-48 մմ: Բնակվում է բնակելի շինությունների, փլատակերի պատերի կամ ժայռերի ճեղքերում: Մեջքի մորթին բաց մոխրածխագույն է, փորինը՝ սպիտակավուն երանգով: Հունիսին ծնում է 1 (հազվադեպ՝ 2) ձագ:

Օգտակար է. ոչնչացնում է վնասատու միջատներ: Կենսակերպն ուսումնասիրված է մասնակի:

Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՎԻՇԱՊԻԿ (Eryx jaculus), վիշապների ընտանիքի փորող վիշապիկների ենթաընտանիքի հնէամիջերկրածովյան փորող վիշապիկների (Eryx) ցեղի օձ: ՀՀ-ում հանդիպում է Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի ու Տավուշի մարզերի նախալեռներում և ոչ շատ բարձր լեռներում, Երևանի շրջակայքում: Տարածված է կիսաանապատային, տափաստանային, թփուտային կամ նոսրանտառային բուսականությամբ քարքարոտ, կավահողային և ավազուտային չոր կենսավայրերում: Վարում է գլխավորապես փորող ապրելակերպ: Գարնանը և ամռան սկզբին, երբ հողը բավականին խոնավ է, հանդիպում է քարերի տակ և այլ թաքստոցներում, կենդանիների բներում ու հողի փխրուն շերտերում:

Մարմինը համեմատաբար հաստ է ու կարճ, երկար.՝ 12-87 սմ, պոչը՝ 14 անգամ կարճ, ծայրը՝ կլորավուն: Արուները մանր են էգերից: Գլուխը գրեթե տարանջատված չէ մարմնից և ծածկված է մանր վահանիկներով: Ճակատը թեթևակի արտափքված է: Միջքթային վահանիկը շատ խոշոր է և հարմարված փորելուն: Աչքերը մանր են՝ տեղադրված գլխի կողքերին: Բիբը օվալաձև է, ուղղահայաց: Բերանային անցքը բացվում է գլխի ստորին մակերեսին՝ միջքթային վահանիկից հետ: Մեջքային թեփուկները հարթ են կամ թեթևակի կատարավոր ու փայլուն: Մեջքային մակերեսը մոխրագույնից դեղնաշագանակագույն է՝ մուգ գորշավուն խալերով, որոնք ձևավորում են 1-2 երկայնակի շղթայաձև նախշ և զույգ նախշեր մարմնի կողքերին: Որովայնային մակերեսը բաց դեղնավուն է՝ բազմաթիվ սև, մոխրագույն, գորշ ու դեղնավուն բծերով: Երիտասարդի որովայնային մակերեսը վարդագույն է:

Սնվում է հիմնականում մանր ողնաշարավորներով (մողեսներ, օձեր, թռչուններ ու կրծողներ): Ձմեռում է հողի չսառցակալող շերտերում: Զուգավորումը տեղի է ունենում գարնան 2-րդ կեսին: Սեպտեմբերին էգը ծնում է 4-20 ձագ:

Պահպանության նպատակով հաճախ խնամվում է անազատ պայմաններում: Օգտակար է. կարգավորում է կրծողների թվաքանակը: Օգտագործվում է գիտահետազոտական նպատակներով: Մարդու և կենդանիների համար անվնաս է: