Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/370

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

(երբեմն ի հայտ է գալիս հեթերոզիսի երևույթը): Ապրում է 13-14 տարի:

Հասուն կենդանիների ստամոքսից հանած «հասունացած» բեզոարներն օգտագործվում են առողջապահության բնագավառում:

Գրանցված է ՀՀ Կարմիր գրքերում:

ԲԵԽՇՏԵՅՆԻ ԳԻՇԵՐԱՉՂՋԻԿ (Myotis bechsteinii), չղջիկների ենթակարգի հարթաքիթ չղջիկների ընտանիքի կաթնասուն կենդանի: ՀՀ կաթնասունների ֆաունայի ցանկում նոր տեսակ է: Հայտնաբերվել է 2000-ին՝ Սյունիքի մարզի հվ. շրջաններում: Գերադասում է մեծաթիվ գաղութներ չկազմել և ավելի հաճախ որպես ապաստան նախընտրում է հաստաբուն ծառերի փչակները: Համեմատաբար մեծ չղջիկ է, մարմնի երկար. 48-51 մմ է, պոչինը՝ 41-46 մմ, ականջինը՝ 22-26 մմ, նախաբազկինը՝ 42-45 մմ։

Սնվում է խոշոր բզեզներով, գիշերային թիթեռներով, միջատների թրթուրներով, մորեխներով ու սարդերով:

Ամռան կեսերին ծնում է 1 ձագ:

Էկոլոգիան և կենսակերպն ուսումնասիրված են մասնակի:

ԲԵՂԱՎՈՐ ԳԻՇԵՐԱՉՂՋԻԿ (Myotis mystacinus), չղջիկների ենթակարգի հարթաքիթ չղջիկների ընտանիքի կաթնասուն կենդանի: ՀՀ-ում տարածված է գրեթե բոլոր (բացառությամբ Արագածոտնի և Շիրակի) մարզերում (մեծ կամ փոքր ջրամբարների մոտ): Շատ են Սևանա լճի ավազանի շրջակա թաքստոցներում (փչակներ, քարանձավներ, ժայռաճեղքեր, շինություններ, խոտի դեզեր և այլն):

Արագ թռչող, համեմատաբար մեծ չղջիկ է: Մարմնի երկար. 38-48 մմ է, պոչինը՝ 32-46 մմ, նախաբազկինը՝ 32-39 մմ, ականջինը՝ 10 մմ, կենդանի զանգվածը՝ 6,5 գ։ Սնվում է արյունածուծ միջատներով, մանր գիշերային թիթեռներով և այլն, որոնց հիմնականում որսում է այգիներում, ջրամբարներում՝ գետնի (ջրի) մակերևույթից 1-8 մ բարձրության վրա:

Հունիս-հուլիսին ծնում է 1-2 ձագ, որոնց 4-շաբաթականում անհնար է տարբերել ծնողներից: Բազմացման և ձագերի կերակրման շրջանում էգերը կազմում են առանձին խմբեր: Ձմեռում է քարանձավներում, ժայռերի, պատերի ճեղքերում, նկուղներում, փչակներում, դռների և լուսամուտների ճեղքերում և այլն:

ԲԵՂԱՎՈՐ ԵՐԱՇՏԱՀԱՎ (Panarus biarmicus), հաստակտուց երաշտահավերի ընտանիքի թռչուն: Նստակյաց է, տարածված:

Մարմնի երկար. 12,5 սմ է, թևերի բացվածքը՝ 16-18 սմ, կենդանի զանգվածը՝ 14-18 գ։ Մարմինը կլորավուն է, պոչը՝ շատ երկար, փակ վիճակում արտաքին թևի վրա նկատելի է սպիտակ շերտ: Հասունի մարմինը վերևից բաց դարչնագույն է: Արուի գլուխը մոխրագույն է, բեղերը և ներքնապոչը՝ սև: Էգը դարչնագույն է, սև բեղերն ու ներքնապոչը բացակայում են: Երիտասարդի ընդհանուր գունավորումը դեղնավուն է, սանձիկը՝ մուգ, մեջքի կենտրոնով ձգվում է սև շերտ: Երամային է: Թռիչքը կարճ է, ոստյունանման, գետնից քիչ բարձր, շարժվում է չափազանց ճարպիկ: Բնակվում է եղեգնուտներում: Սնվում է անողնաշարավորներով, սերմերով:

Հարսանեկան առաջին զույգերը ձևավորվում են մարտի սկիզբ-ապրիլին: Բները կառուցում են մարտի կեսից: Ձվադրման պատրաստ և ձվերի լրիվ քանակով բները հայտնվում են ապրիլ-հունիսին: Կրկնակի բնադրման դեպքում թարմ ձվեր են հայտնվում հուլիսի 1-ին կեսին: Բույնը խորը գավաթաձև է՝ տերևներից, եղեգի ծաղկաբույլերից: Բնադրում է խիտ բուսուտների ստորին մասում՝ ջրի մակերեսից 30-80 սմ բարձր: Ձագերը հայտնվում են ապրիլից հուլիսի առաջին կեսին, միևնույն ժամանակ կարող են լինել թխսակալող էգեր և բնից դուրս եկած ձագեր: Բնադրման սուղ պայմանների դեպքում կարող են փոխադարձաբար ձվադրել հարևան այլ տեսակների բներում: Բնին վտանգ սպառնալիս երիտասարդ թռչուններն անհանգիստ վարքով այն հեռացնում են բնի սահմաններից: Երիտասարդ թռչուններից բաղկացած ընտանեկան խմբերի թիվը կտրուկ աճում է հուլիսի վերջից:

ԲԶԱԿՏՈՒՑ (Recurvirostra avosetta), բզակտուցավորների ընտանիքի թռչուն: Նստակյաց է, քիչ տարածված:

Մարմնի երկար. 42-45 սմ է, թևրի բացվածքը՝ 77-80 սմ։ Հասուն Բ. վերևից հիմնականում սպիտակ է՝ մուգ սև նախշերով, ներքևից՝ սպիտակ: Գլխի վերին մասը, վիզը և թևերի ծայրերը սև են: Երիտասարդ Բ-ինը՝ սևի փոխարեն մուգ դարչնագույն են, ուսափետուրները՝ խայտավոր: Կտուցը երկար է՝ վերև կեռված, ոտքերը՝ կապույտ:

Քայլելու ընթացքում կերը հավաքում է կտուցով, հաճախ լողում է՝ գլուխը կիսասուզելով ջրի մեջ: Բնակվում է գետերի, լճերի ափերին, ծանծաղուտներում: Սնվում է անողնաշարավորներով:

Բնադրում է փոքր գաղութներով և զույգերով, որոնք ձևավորվում են ապրիլին: Բույնը փոսիկ է՝ չոր խոտաբույսերի ցողուններից՝ գետնին: Մայիս-հունիսին դնում է 50 մմ տրամագծով,