Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/404

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մարմնի երկար. 33-36 սմ է, թևերի բացվածքը՝ 50-55 սմ, կենդանի զանգվածը՝ 400-550 գ: Փետրածածկը մուգ է, թեփուկանման, պոչի եզրային փետուրները՝ սևավուն: Հասուն արուի դիմային մասը սև է, այտին կա սպիտակ բիծ, գագաթը և ծոծրակը մուգ դարչնագույն են՝ բաց կարմրավուն-դարչնագույն խայտերով: Մարմինը ներքևից սև է, կողքերը՝ ակնառու սպիտակ պտերով, կարմիր-դարչնագույն օձիքով: Էգի ընդհանուր գունավորումը դարչնագույն է, գլուխը՝ մի քիչ ավելի բաց գույնի, աչքի հետնամասի շերտը՝ մուգ, ծոծրակի մասում՝ դարչնագույն: Երիտասարդը նման է հասուն էգին, սակայն ավելի փոքր է, խամրած, դիմային մասը՝ ավելի բաց գույնի: Խիստ զգուշավոր է, թռիչքի է դիմում դժվարությամբ: Ձայնը բաղկացած է մի շարք բարձր կանչերից: Երբեմն հանդիպում է ճամփեզրերին: Բնակվում է եղեգի, ուռենու, մոշենու խիտ մացառներում: 10 դիտարկումների տվյալներով պարզվել է, որ Թ. տարածված է Արաքս գետի ափամերձ եղեգնուտներում, Հայաստան-Իրան պետ. սահմանի տարածքում: Սնվում է բազմատեսակ բույսերով, սերմերով, միջատներով:

Բնադրազույգերը ձևավորվում են ապրիլ-մայիսին: Բներում ձվերն ու ձագերը հայտնվում են մայիս-հունվարի ընթացքում: Բույնը ոչ խորը փորվածք է՝ գետնին, առանց ցամքարի, խիտ թաքստոցում: Դնում է 42 մմ տրամագծով, բաց դարչնագույն՝ սպիտակ պտերով 8-12 ձու:

ԹՓՈՒՏԱՅԻՆ ԴԱՇՏԱՄՈՒԿ (Microtus majori), համստերների ենթաընտանիքի համստերանմանների ընտանիքի կրծող կաթնասուն կենդանի: ՀՀ-ում տարածված է հս. մարզերի անտառներում:

Մարմնի երկար. 11 սմ է, պոչինը՝ 3,5 սմ: Մեջքի մորթին գորշաշագանակագույնից մոխրահարդագույն է, փորինը՝ արծաթամոխրագույն: Պոչը երկգույն է: Հետին թաթի տակ կա 5 կոշտուկ: Սնվում է խոտաբույսերով, կաղնու, հաճարենու և այլ ծառերի ընկուզիկներով, սերմերով, երբեմն պահեստավորում է բույսերի արմատները: Բնակվում է մակերեսային, գետնափոր (մինչև 30-40 սմ խոր.) բներում, որոնք կառուցում է ընկած ծառերի, թփուտների արմատների տակ: Բազմանում է տարին 4-5 անգամ, յուրաքանչյուր անգամ ունենում 3-4 ձագ: Ակտիվ գործում է ամբողջ օրվա ընթացքում:

Վնասում է անտառներին հարակից ցանքերը, այգիներն ու տնկարկները: Մի շարք վարակիչ հիվանդությունների (տուլարեմիա, լեպտոսպիրոզ և այլն) հարուցիչների կրող է:

ԺԱՅՌԱՅԻՆ ԴՐԱԽՏԱՊԱՆ (Emberiza buchanani), դրախտապանների ընտանիքի թռչուն: Բնադրող-չվող է, հազվագյուտ:

Մարմնի երկար. 15-16 սմ է, թևերի բացվածքը՝ 24-27 սմ։ Հասուն արուի գլուխը կապույտ-մոխրագույն է, ակնօղակը՝ բաց դեղնավուն-սպիտակ, կոկորդը և բեղերը՝ դեղնավուն: Մարմինը ներքևից բաց դարչնագույն-նարնջագույն է՝ ավելի բաց գույնի խայտերով: Էգն ավելի խամրած է՝ թույլ խայտերով: Երիտասարդը դարչնագույն-մոխրագույն է, մարմինը վերևից՝ մանր խայտերով, բեղերը և կոկորդը սպիտակավուն են: Ծարավը հագեցնելու և լոգանք ընդունելու համար հաճախ թռչում է դեպի աղբյուրները: Բնակվում է չոր, քարքարոտ լեռնալանջերին: Սնվում է սերմերով, որոշ անողնաշարավորներով:

Գարնանային վերադարձը՝ ապրիլի 3-րդ տասնօրյակ-մայիսի ընթացքում: Արուների երգը լսվում է, և հարսանեկան զույգերը ձևավորվում են մինչև հուլիսի առաջին օրերը: Ձվադրման պատրաստ բները հայտնվում են մայիսի 2-րդ կեսից հունիսի վերջը: Բույնը գավաթաձև է (տրամագիծը՝ 115 մմ), նոսր, չոր բույսերից, բնադրում է գետնին: Ձվերը բներում հայտնվում են բնադրման հաջորդ օրը: Դնում է 20 մմ տրամագծով, սպիտակ՝ դարչնագույն ու սև պտերով 5-6 ձու: Հունիսի 1-ին կեսին թխսակալողներին զուգահեռ հայտնվում են նորելուկ ձագեր (1 ժ ընթացքում էգը կարող է ձվերը թխսակալել 3 անգամ՝ 10-15ր մեկ): Ձագերը բնից դուրս են գալիս 8-11 օրականում: Ձագերին կերակրում է մայրը (10-ժամյա դիտարկումների ընթացքում էգը ձագերին կերակրել է 29 անգամ, արուն՝ 6): Վարժ թռչող և ինքնուրույն կերակրվող երիտասարդ թռչունները գրանցվել են հուլիսի վերջին:

Կիսաանապատների յուրացման հետևանքով տարածման շրջանները խիստ կրճատվել են:

ԺԱՅՌԱՅԻՆ ԾԻԾԵՌՆԱԿ (Ptyonoprogne rupestris), ծիծեռնակների ընտանիքի թռչուն: Բնադրող-չվող է, քիչ տարածված:

Մարմնի երկար. 14,5 սմ է, թևերի բացվածքը՝ 32-34,5 սմ, կենդանի զանգվածը՝ 23-25 գ: Մարմինը վերևից դեղնամոխրադարչնագույն է, ներքևից՝ բաց դարչնագույն, թևատակի ծածկող փետուրները՝ բաց սևավուն: Կզակը և կոկորդը մոխրագույն են՝ մուգ դարչնագույն խայտերով: Պոչը թեթևակի մկրատաձև է. թռչելիս բացված պոչի վրա նկատվում են սպիտակ պտեր: Թռիչքը մեղմ է, դանդաղ, կտրուկ շրջադարձերով: Հանդիպում են փոքր խմբերով՝ ժայռալանջերի երկայնքով թռչելիս: Հաճախ սահասավառնում են, նստում ժայռերի քիվերին: Տարածված է ՀՀ լեռն․ շրջաններում, գետաձորերում, քաղաքամերձ տարածքներում և այլն: Սնվում է միջատներով, որոնց որսում է թռիչքի ընթացքում:

Գարնանային վերադարձը՝ ապրիլի 2-րդ տասնօրյակից մայիսի վերջը: Բնադրազույգերը ձևավորվում են ապրիլ-մայիսին: Բնադրում է ժայռալանջերին, քարայրերում, բարձրահարկ շենքերի ձեղնահարկում: Բույնը գավաթաձև է՝ ցեխից ծեփված, ցամքարը՝ բուսաթելերից, փետուրից: Առաջին ձվերը բներում հայտնվում