Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/456

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հանդիպում է զույգերով կամ փոքր խմբերով՝ թաքստոցներից ոչ հեռու: Լողում է՝ մարմնի առջևի մասը ջրում ընկղմած, պոչը՝ թեթևակի վեր ցցած: Չափազանց անվախ է. հրազենի կրակոցների մի քանի վրիպումներից հետո շրջապտույտով վայրէջք է կատարում նույն կետում: Բնակվում է փոքր լճակներում, ափամերձ փարթամ բուսականությամբ ճահճուտներում: Սնվում է ջրային բույսերով, անողնաշարավորներով:

Գարնանային վերադարձը (զույգեր կազմած)՝ ապրիլի վերջից մայիսի վերջ: Բույնը հարթակ է՝ խոտաբույսերից, աղվափետուրներից, քողարկված է: Բնադրում է ջրափին մոտ: Դնում է 46 մմ տրամագծով, բաց դեղնավուն 7-14 ձու (1 ձուն կազմում է մայր թռչունի միջին կենդանի զանգվածի 8,6 %-ը): Թխսսկալում է 24 օր: Ձագերը ձվերից դուրս են գալիս գորշամոխրագույն աղվափետուրներով:

Աշնանային չուն՝ օգոստոսից հոկտեմբերի 1-ին կեսը:

Բացարձակապես տարածված էր Արարատյան դաշտի ճահճուտներում, ձկնաբուծ. տնտեսությունների ջրավազաններում, սակայն աշխարհում սակավաթիվ լինելու հետևանքով 2002-ից ի վեր չի գրանցվել, որը կարող է իսպառ վերացման պատճառ դառնալ: 1984-2002-ին Արմաշի ձկնաբուծ. տնտեսության տարածքում գրանցվել է 1-75 թռչուն:

Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

ՄԱՑԱՌԱԽՈԶԵՐ, վայրենակերպներ (Hystricidae), կրծողների կարգի ընտանիք: Ընդգրկում է 4 ցեղի մոտ 20 տեսակ: ՀՀ-ում հայտնի է 1 տեսակ՝ հնդկական մացառախոզը: Միջին և խոշոր չափերի կենդանիներ են: Մարմնի երկար․ մինչև 1 մ է, պոչինը՝ մինչև 30 սմ, կենդանի զանգվածը՝ մինչև 25 կգ:

ՄԵԾ ԱՐՈՍ (Otis tarda), արոսների ընտանիքի թռչուն: Չվող է, հազվագյուտ: ՀՀ թռչնաշխարհի ամենախոշոր ներկայացուցիչն է: Հանդիպում է Սարդարապատի (Արմավիրի մարզ) չոր լեռնատափաստաններում:

Մարմնի երկար. 75-105 սմ է, թևերի բացվածքը՝ 190-260 սմ, կենդանի զանգվածը՝ 4-16 կգ (կախված սեռից): Գլուխը և վիզը մոխրագույն են, մարմնի վերին մասը՝ մոխրագույն-դեղին՝ բարակ, սև զոլերով, ստորինը՝ սպիտակ: Թևերի ծածկող փետուրներն սպիտակ են՝ բարակ սև ծայրերով, արտաքին թևերը՝ մոխրագույն: Բնադրման շրջանում արուի գլուխն ավելի մեծ է, վիզը՝ հաստ ու երկար, այտի վրա ունի երկար, սպիտակ փետրափունջ՝ նման բեղերի, և դարչնագույն-շիկակարմիր լայն օձիք: Հետբնադրման շրջանում արուի բեղերը բացակայում են, վիզը բարակում է: Հիմնականում լռակյաց է, զգույշ, կազմում է ոչ մեծ երամներ, վտանգի դեպքում արագ վազում է բավական տարածություն, ապա թևերի համաչափ թափահարումներով թռչում: Երբեմն պատսպարվում է ընտանի կենդանիների (խոշոր եղջերավոր անասուններ, ձիեր և այլն) հարևանությամբ:

Բնակվում է ցածրաճ, նոսր բուսականությամբ տափաստաններում, լայնատարած հարթություններում, առվույտի ցանքերում: Սնվում է կանաչ բույսերով, սերմերով, միջատներով, գորտերով, մանր կաթնասուններով: Բնադրում է գետնին: Դնում է ձիթապտղականաչավուն՝ թույլ նկատելի գորշավուն պտերով 2-4 ձու: Թխսակալում է էգը՝ 27 օր:

Համարվում է արժեքավոր որսի թռչուն: ՀՀ տարածքում կարիք ունի անհատ․ պաշտպանության:

Մեծ ԵՐԱՇՏԱՀԱՎ (Parus major), երաշտահավերի ընտանիքի թռչուն: Նստակյաց է, տարածված:

Մարմնի երկար. 14 սմ է, թևերի բացվածքը՝ 22,5-25,5 սմ: Փետրածածկը վառ գույներով է, մարմինը ներքևից՝ դեղին, կզակի սև շերտը տարածվում է մինչև փորը: Հասունի գլուխը սև ու սպիտակ նախշերով է: Արուի փորին կա սև, լայն հատված, էգի փորին այն նեղ է կամ բացակայում է: Երիտասարդի գլխի նախշը սև ու դեղին է, դեմքի ստորին մասը երիզող սև շերտը բացակայում է: Չափազանց շարժունակ է, կերը փնտրում է մանրակրկիտ: Բնակվում է անտառներում, պտղատու այգիներում, պուրակներում, ձմռանը՝ թփուտային կիսաանապատներում: Սնվում է անողնաշարավորներով, սերմերով, պտուղներով:

Գարնանային երգի ամենավաղ ժամկետը հվ. շրջաններում հունվար-փետրվարին է, բարձրադիր և հս. շրջաններում՝ մարտ-ապրիլին, վերջին ժամկետը՝ հուլիսի առաջին օրերին: Դիլիջանի արգելոցում առաջին հարսանեկան զույգերը ձևավորվում են մարտի վերջից: Բների զանգվածային կառուցումը՝ ապրիլի 1-ին կեսից հունիսի վերջը (տևում է 9-11 օր), կրկնակի բնադրման դեպքում՝ 4-5 օր: Բույնը գավաթաձև է՝ չոր խոտաբույսերից, մամուռից: Բնադրում է քարերի կույտերում, ժայռաճեղքերում, տանիքների տակ, տարբեր խոռոչներում, վառարանների խողովակներում: Բույնը կառուցում է էգը: Դիլիջանի և Խոսրովի անտառ արգելոցներում հաջողությամբ զբաղեցնում են արհեստ․ թռչնաբները: Ձվերը բներում հայտնվում են ապրիլի վերջից հունիսի վերջ, կրկնակի բնադրման դեպքում՝ նույնիսկ բներում ձագերի առկայության պայմաններում: Դնում է 18 մմ տրամագծով, սպիտակ-կարմիր՝ դարչնագույն պտերով 4-12 ձու: Թխսակալում է էգը՝ 14-16 օր, արուն պաշտպանում է էգին և բույնը: Ձագերը բներում հայտնվում են մայիսի 2-րդ կեսից հունիսի վերջ, թռիչքին տիրապետողները՝ մայիսի վերջից օգոստոսի սկիզբը, որոնք, հասունների հետ ընտանեկան խմբեր կազմած, տեղափոխվում են տեղից տեղ: Մ.ե. աչքի է ընկնում բարձր պտղաբերությամբ, 80-95% սերնդի պահպանությամբ, մասնավորապես արհեստ․ բներում: Դիլիջանի արգելոցում գրանցվել է ծնված ձագերի 96,2 %-ի թռիչքը բներից:

Վնասատու միջատների դեմ կենսբ. պայքարի բացառիկ միջոց է: Գեղագիտ. որոշակի արժեք է ներկայացնում ականջ շոյող սրնգային երգով: