Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/498

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հասնում է 10-75 հզ. ձկնկիթի, որը դեղնագույն է, տրամագիծը՝ 1,3-1,5 մմ։ Բեղմնավորված ձկնկիթի զարգացումը տևում է 6-7 օր:

Հանդիպում է սակավաթիվ առանձնյակներից կազմված փոքրիկ խմբերով, բազմացման շրջանում՝ նաև մեծաքանակ վտառներով: Վարում է մերձհատակային կենսաձև: Բուսակեր է: Սնվում է ստորակարգ ջրիմուռներով, դետրիտով և բենթոսով: Մանրաձկները սնվում են պլանկտոնային օրգանիզմներով:

Հաճախակի վարակվում է փոկորդով (Ligula intestinalis):

Սևանա լճում ունի արդ. նշանակություն, մյուս վայրերում սիրող․ ձկնորսության օբյեկտ է: Ներկայումս Ս. կ-ի պաշարները զգալի նվազել են. պահպանության կարիք ունի:

ՍԵՎԱՎԻԶ ՔԱՐԱԹՌՉՆԱԿ (Oenanthe finschii), կեռնեխների ընտանիքի թռչուն: Բնադրող-չվող է, տարածված:

Մարմնի երկար. 14 սմ է, թևերի բացվածքը՝ 25-27 սմ, կենդանի զանգվածը՝ 17-30 գ: Պոչի սև շերտը միջին լայնության է, եզրային փետուրները՝ նեղ, սպիտակ ծայրերով: Արուն վերևից ու ներքևից աղոտ սպիտակ է, դեմքի և կոկորդի սև հատվածները միաձուլվում են թևի սև հատվածին: Էգը վերևից դարչնագույն-մոխրագույն է, ունկընկալը՝ նարնջագույն երանգով, թևի թափահարող փետուրները՝ բաց գույնի երիզներով, մարմինը ներքևից աղոտ սպիտակ է:

Արուներն այլ քարաթռչնակների արուներից տարբերվում են բաց գույնի մեջքով, կոկորդն ու թևերը միաձուլող սև հատվածով: Էգերն այլ քարաթռչնակների էգերից տարբերվում են պոչի նախշի, նարնջագույն ունկընկալի և մարմնի ներքևի աղոտ սպիտակի համադրությամբ:

Նստում է փոքր թփուտների ծայրերին կամ քարերին: Բնակվում է թփուտածածկ կիսաանապատներում, քարքարոտ լեռնալանջերին: Սնվում է անողնաշարավորներով, սերմերով:

Գարնանային ամենավաղ վերադարձը՝ մարտի 1-ին տասնօրյակին: Բնադրագույգերը ձևավորում են ապրիլին: Արուն հարսանեկան խաղերը ցուցադրում է՝ պոչը՝ հովհարանման, թևերը լայն բացած, անընդմեջ սուլոցներ ու մեղմ սրնգային ձայներ է արձակում և մեղմ ու սահուն վայրէջք կատարում քարերի կատարին: Բույնը գավաթաձև է՝ մանր ճյուղերից, խոտաբույսերից. պատրաստում է էգը: Բնադրում է գետնին՝ ոչ խորը փորվածքներում, քարերի արանքում: Ձվերը բներում հայտնվում են ապրիլի 1-ին տասնօրյակից հուլիսի սկիզբը, որը հավանաբար կապված է բնադրման հետ: Դնում է 20 մմ տրամագծով, բաց կապույտ՝ կարմիր-դարչնագույն պտերով 4-6 ձու: Թռիչքին տիրապետող ձագերը գրանցվում են հունիս-հուլիսին: Դաշտային պայմաններում Ս.ք. (հատկապես՝ արուն) անզգույշ է: Էգը թխսակալման ընթացքում թաքնված է, նրա գործողությունները մշտապես գտնվում են արուի հսկողության տակ:

Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

ՍԵՎԱՓՈՐ ԴՌԼՈՆ (Pterocles orientalis), դռլոնների ընտանիքի թռչուն: Բնադրող-չվող է, քիչ տարածված:

Մարմնի երկար. 33-35 սմ է, թևերի բացվածքը՝ 70-73 սմ, կենդանի զանգվածը՝ 410-550 գ: Փորին կա մեծ, սև հատված: Պոչը կարճ է՝ նուրբ ծայրով: Արուի մարմինը վերևից դարչնադեղնավուն է՝ մոխրագույն պտերով: Գլուխը և վիզը մոխրագույն են, կզակը՝ սև, վզի վերին մասում կա դարչնանարնջագույն բիծ: Կրծքի լայն, բաց գույնի շերտի վերևում ընդգծվում է սև, նեղ զոլ: Էգի մարմինը վերևից և կուրծքը դարչնադեղնավուն են՝ խայտավոր, սև, մանր նախշերով: Թռիչքը բավական դանդաղ է, հզոր: Գետնից պոկվում է նկատելի դանդաղ: Արշալույսին և մայրամուտին Ս. դերը խմբերով թռչում են դեպի ջրերը: Բնակվում է կիսաանապատներում, չոր լեռնատափաստաններում (մինչև 1700 մ բարձր-ներում)՝ ջրին մոտ: Սնվում է սերմերով, դալար կանաչ խոտաբույսերով, միջատներով:

Գարնանային վերադարձը՝ ապրիլին: Հարսանեկան խաղերի ժամանակ արուն, ճիչեր արձակելով, հետապնդում է թռչող էգին կամ գետնին պտույտ գալիս նրա շուրջը: Բույնը ոչ խորը փոսիկ է, ցամքարը՝ բույսերի չոր մանր ճյուղերից: Բնադրում է գետնին: Դնում է 45 մմ տրամագծով, խամրած կանաչ՝ բաց դարչնագույն գծիկներով 3 ձու: Թխսակալում են էգն ու արուն՝ 30 օր: Ձագերը հայտնվում են հունիսին, հուլիս-օգոստոսին ձեռք բերում անկաշկանդ թռչելու ունակություն:

Աշնանային չուն՝ հոկտեմբեր-նոյեմբերին:

ՍԵՎՈՒԿ ԿԱՐՄՐԱՏՈՒՏ (Phoenicurus ochruros), կեռնեխների ընտանիքի թռչուն: Նստակյաց է, տարածված:

Մարմնի երկար. 14,5 սմ է, թևերի բացվածքը՝ 23-26 սմ, կենդանի զանգվածը՝ 13-15 գ: Փետրածածկը մուգ է, մարմնի հետին մասը և պոչի եզրային փետուրները՝ կարմիր-նարնջագույն: Արուի կուրծքը, դիմային մասը, կոկորդը՝ սև են, թևին կա սպիտակ բիծ: Էգը միատարր մոխրագույն-դարչնագույն է, մեջքի և կրծքի միջև ցայտերանգությունը բացակայում է: Նստած ժամանակ պոչը դողդոջուն է: Բնակվում է քարքարոտ լանջերին, քաղաքամերձ տարածքներում: Սնվում է անողնաշարավորներով, պտուղներով:

Բնադրատեղերում առաջինը հայտնվում են արուները (մարտի 2-րդ տասնօրյակից), էգերը՝ 2-3 օր անց, և այդ պահից կազմվում են հարսանեկան զույգերը, սկսվում են բավական աշխույժ խաղերը: Բույնը կառուցում