Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/512

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընտանեկան զույգերն անդավաճան են մինչև կյանքի վերջը, ձվից նոր դուրս եկած ձագերն ունակ են ձայն արձակելու, որն աստիճանաբար հետ է զարգանում և բնից դուրս գալու օրերին լրիվ անհետանում: Հասուն արագիլի արձակած միակ ձայնը հզոր կտուցի կափկափյունն է: Բնադրատեղը սեփականացնելու և պաշտպանելու հարցում անզիջում կռվի է բռնվում, բնից դուրս է նետում այլ զույգի ձվերը, նույնիսկ իր սեփականը (եթե դրանք բեղմնավորված չեն) ու բնային պայմաններում ապրելու անկենսունակ ձագերին (դա պայմանավորված է կերի անբավարարությամբ):

Օգտակար է. ոչնչացնում է գյուղատնտ. վնասատուներին: Պահպանվում է օրենքով: ՀՀ ԳԱՍ Կենդանաբանության ինստ-ի կողմից առաջարկվել են հատուկ բնադրահարթակներ և պաշտպան․ այլ սարքեր՝ էլեկտրասյուների հենակներին և տանիքներին բնադրելու վնասակարությունից խուսափելու նպատակով:

ՍՊԻՏԱԿ ԽԱՂՏՏՆԻԿ (Motacilla alba), խաղտտնիկների ընտանիքի թռչուն: Նստակյաց է, տարածված:

Մարմնի երկար. 18 սմ է, թևերի բացվածքը՝ 25-30 սմ, կենդանի զանգվածը՝ 20-27 գ: Բնադրման շրջանում հասուն արուի մարմնի փետրածածկը վերևից բաց մոխրագույն է, կուրծքն ու գագաթը՝ սև, ճակատը՝ լայն, սպիտակ, հետբնադրման շրջանում կոկորդը աղոտ սպիտակ է, կրծքին կա սև շերտ:

Բնադրման շրջանում էգի գագաթի մոխրագույն-սևն աստիճանաբար վերափոխվում է ծոծրակի և ճակատի մոխրագույն նեղ շերտի: Հետբնադրման շրջանում էգի գագաթն ամբողջությամբ մոխրագույն է, այտերը՝ մոխրավուն: Երիտասարդի մոխրագույն դիմային մասը նախշերով է՝ դեղին ու դարչնագույն երանգներով, կրծքի շերտը՝ վրձնախազերով: Անզգույշ է: Գետնին վազում կամ քայլում է արագ, մանրաքայլ՝ պոչը վեր ու վար շարժելով: ճարպիկ ու կտրուկ պտույտներով համառորեն հետապնդում է զոհին և կտուցով անվրեպ որսում: Բնակվում է գետափերին, լճափերին, քաղաքներում: Սնվում է անողնաշարավորներով:

Բնադրում է մարտ-ապրիլին (բարձրադիր գոտում՝ մայիսին)՝ պատերի, ժայռերի ճեղքերում, խիտ թփուտներում, հաճախ՝ բնակավայրերի մոտ: Բույնը գավաթաձև է (տրամագիծը' 4,5-6,5 սմ): Ձվադրում է ապրիլի 2-րդ կեսից հունիսի 1-ին կեսը: Դնում է 20 մմ տրամագծով, սպիտակ, մոխրադարչնագույն պտերով 5-6 ձու (1 ձվի զանգվածը կազմում է էգի միջին կենդանի զանգվածի 10 %-ը): Թխսակալում են արուն և էգը՝ 13 օր: Ձագերին կերակրում են օրական 300 անգամ: Չթռչող ձագերը բնից դուրս գալուց հետո ևս 1 շաբաթ գտնվում են ծնողների հսկողության տակ, ապա ինքնուրույն թռչում:

ՍՊԻՏԱԿ ՀԱՍՏԱՃԱԿԱՏ (Hypophtalmichthis molitrix), ցածրաչք ձուկ, ծածանաձկների ընտանիքի ձուկ: Հայաստան է ներմուծվել 1960-ին (սպիտակ ամուրի հետ), հետագայում պարբերաբար բազմացվել արհեստ․ ճանապարհով: Երբեմն հանդիպում է Արաքս, Ախուրյան, Մեծամոր գետերում, որտեղ պատահականորեն ներթափանցում է ձկնային տնտեսություններից: Նախընտրում է գետերի դանդաղահոս տեղամասերը:

Խոշոր ձուկ է, երկար.՝ 35-40 (երբեմն՝ մինչև 60-70) սմ, զանգվածը՝ 8 կգ և ավելի: Մարմինը վերին մասում մի փոքր ուռուցիկ է, կողքերից՝ բավական սեղմված: Բերանը վերին է՝ առանց բեղիկների: Աչքերը փոքր են և շատ ցածր տեղադրված (այստեղից՝ 2-րդ անվանումը): Խռիկային թաղանթները սերտաճած են և միջխռիկային միջակայքին միացած չեն: Որովայնային մասը, խռիկների ճեղքերից մինչև հետնալողակը, ունի սրացած եզր՝ ողնուց: Թեփուկները մանր են, կողագծում՝ 110-124 հատ: Ալանային ատամները միաշարք են, լավ զարգացած: Պոչային լողակը խոր կտրվածքով է: Մեջքային լողակը կարճ է՝ 10-11 ճառագայթով, հետնալողակը՝ համեմատաբար երկար՝ 14-17 ճառագայթով: Հետնալողակի առաջին 2-3 ճառագայթները ոսկրացած են: Խռիկային առէջները սերտաճած են և առաջացնում են ինքնատիպ ցանցանման գոյացություն, որը նպաստում է սնունդը, մանր ջրիմուռները ջրից զատելուն: Մեջքը և գլխի վերին մասը մուգ են, կողքերը և փորիկը՝ արծաթափայլ կամ արծաթակապտագույն: Լողակները սովորաբար մոխրագույն են:

Սեռահասուն է դառնում 3-5 տարեկանում, արուները՝ 1 տարով ավելի շուտ: ՀՀ բնական ջրակալներում բազմացում դեռևս չի արձանագրվել: Կարող է բազմանալ միայն ձկնաբուծարաններում՝ հատուկ պայմաններում: Բեղունությունը հասնում է 500 հզ. (երբեմն՝ մինչև 1 մլն) ձկնկիթի: Չբեղմնավորված ձկնկիթի տրամագիծը 1-1,2 մմ է (ջրում այն ուռչում է մինչև 4,5 մմ): Թափանցիկ է: Ձվաթաղանթում զարգացումը կարճատև է՝ 17-33 ժ (կախված ջրի ջերմաստիճանից): 3-4 օր հետո թրթուրներն անցնում են խառը սննդառության՝ սնվելով նաև կենդ․ պլանկտոնային օրգանիզմներով: Հասնելով 13-15 մմ երկարության՝ մանրաձկներն աստիճանաբար անցնում են բուս․ սննդի (բուս․ պլանկտոն, հիմնականում՝ ջրիմուռներ):

ՀՀ կարպային տնտեսություններում աճեցվող ամենաբազմաքանակ ձկնատեսակներից է: Արագաճ է, 2 տարեկանում կարող է հասնել մինչև 1 կգ-ի: Ունի արդ. մեծ նշանակություն: Աճեցվում է հիմնականում Արարատյան դաշտի, նաև Վայոց ձորի, Սյունիքի, Կոտայքի մարզերի մի շարք ձկնատնտեսություններում:

ՍՊԻՏԱԿ ՓՈՔՐ ՏԱՌԵՂ (Egretta garzetta), տառեղների ընտանիքի թռչուն: Նստակյաց է, քիչ տարածված:

Մարմնի երկար. 53-65 սմ է, թևերի բացվածքը՝ 88-95 սմ: Բնադրման շրջանում գլխի հետևից, մեջքով դեպի պոչը և կրծքի ստորին մասից տարածվում են մետաքսափայլ փետրածփքեր: Կտուցը և ոտքերը սև են, սանձիկը և ոտնաթաթը՝ դեղին: Հետբնադրման շրջանում փետրածփքերը բացակայում են, սանձիկը մուգ է: