Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/520

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վառ գունավորված թիթեռներ են: Առջևի թևերը նեղ են, երկար, հետևինները՝ հաստ ու կարճ: Մարմինն իլիկաձև է, կնճիթը՝ երկար՝ պարուրաձև ոլորված: Փորիկը պատված է երկար ու հարթ մազիկներով: Ակտիվ են մթնշաղին, գիշերը, որոշ տեսակներ՝ ցերեկը: Թրթուրը խոշոր է, գլանաձև, մերկ, հետևի մասում ունի եղջյուրանման ելուստ: Հիմնականում բուսակեր է, սնվում է տերևներով և մերկացնում բույսի ընձյուղը: Հարսնյակավորվում է հողում: Ս-ի բազմաթիվ տեսակների քանակն աստիճանաբար նվազում է, իսկ մի քանիսն անհետացման եզրին են: Առավել տարածվածներից են՝ Ս. պատատուկի (Agrius convolvuli), Ս. ակնավոր (Smerinthusocellatus), Ս. գորգոն (Sphingonepiopsis gorgoniades), Ս. Կոմարովի (Rethera komarovi), Ս. քոսքսուկի կրետանման (Hemaris tityus), Ս. գծավոր (Hyles livornici), Ս. գինու փոքր (Deilephila porcellus), Ս. իշակաթնուկի հարավային (Celerio nicaea) և այլ տեսակներ:

Գանգաթիթեռը [(Acherontia atropos) Եվրոպայի ամենամեծ թիթեռներից է. գլխին ունի գանգ հիշեցնող դեղնավուն պատկեր (այստեղից՝ անվանումը)] և դափնեվարդի Ս. [(Deilephila nerii) ՀՀ-ում գրեթե չի հանդիպում], գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:

Համեմատաբար հազվադեպ են սոճու, բարդու Ս. և այլն: Կաղնու, լորենու, գծավոր և մասամբ չիչխանի Ս. հաճախ կազմում են մեծաքանակ խմբեր և կարող են վնասել խաղողի վազերին, փշատենուն և այլն:

ՎԱԼԵՆՏԻՆԻ ԺԱՅՌԱՅԻՆ ՄՈՂԵՍ (Darevskia valentini), Վալենտինի դարեվսկիա, իսկական մողեսների ըտանիքի Դարևսկիա ցեղի տեսակ:

ՀՀ-ում հանդիպում է Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արարատի, Վայոց ձորի, Սունիքի և Լոռու մարզերում: Բնակվում է ժայռոտ և խիստ քարքարոտ վայրերում, նաև շինությունների պատերի ճեղքերում, մարգագետնատափաստանային, մարգագետնային, լեռն․ նոսրանտառային բուսականությամբ, բարձրլեռն. տարածքներում:

Բարեկազմ, տափակ մարմնով փոքր մողես է, երկարությունը տարիքի հետ փոխվում է (2,6-7,7 սմ), պոչը մոտ կրկնակի երկար է, ինքնահատվող: Գլուխը տափակ է՝ ծածկված խոշոր վահանիկներով: Մեջքային մակերեսը ծածկված է միանման, մանր ոսպանման թեփուկներով, կողմնային մակերեսի թեփուկներն ավելի խոշոր են: Մեջքի գունավորումը խայտաբղետ է. գերիշխում են գորշ, դեղնավուն ու կանաչ երանգները: Մեջքի երկայնքով ձգվում է սև, տձև բծերից բաղկացած զոլ: Կողմնային սև զոլերը ձևավորված են միաձուլված օղանման խալերից, որոնցից 1-3 երկայնակի շարքերն ունեն բաց գույնի սպիտակավուն կենատ․ խալ և մուգ, գրեթե սև եզրագիծ: Կողմնային գծի կրծքային հատվածում կան կապույտ սալեր: Որովայնային մակերեսը ծածկված է 6 երկայնակի շարքեր ձևավորող խոշոր ու լայն վահանիկներով: Զուգավորման շրջանում արուների վահանիկները կրում են վառ դեղին, իսկ եզրայինները՝ վառ երկնագույն կամ բաց կապույտ խալեր: Կարող է հանդիպել համատեղ հայկ. ու Ռադդեի ժայռային մողեսների հետ, որոնցից տարբերվում է գունավորմամբ և թեփուկավորման առանձնահատկություններով:

Սնվում է մանր հոդվածոտանիներով և փափկամարմիններով: Առանձնասեռ տեսակ է, զուգավորումը տեղի է ունենում մայիս-հունիսին: Հունիսի վերջից հուլիսի սկիզբը էգը դնում է 3-8 ձու (14x8 մմ): Ձագերը ծնվում են օգոստոսի վերջից սեպտեմբերի սկիզբը:

ՎԱՀԱՆԱԿԻՐՆԵՐ (Diaspididae), կոկցիդների ենթակարգի հավասարաթև միջատների ընտանիք:

Մարմինը (երկար.՝ 0,2-2 մմ) կլոր է, տանձաձև, ստորակետանման, հիմնականում՝ սպիտակ, դեղին, դարչնագույն, գորշ կամ սև: Մեջքի վրա ունեն թրթուրային 1-2 շապիկից կազմված հեշտությամբ առանձնացվող վահանիկ (այստեղից՝ անվանումը): Խիստ արտահայտված է սեռ. երկձևությունը: Արուները թևեր և ոտքեր չունեն, էգերն ավելի փոքր են, ունեն 1 զույգ թևեր, զարգացած ոտքեր, ապաճած բերանային օրգաններ: Թրթուրները և հասուն արուները ծծում են բույսերի հյութը:

ՀՀ-ում, առավելապես տաք գոտիներում, տարածված է 60 տեսակ (տարեկան տալիս են 1-4 սերունդ), որոնցից խնձորենու բնի և ճյուղերի վրա հանդիպում են շարժուն, բավական խոշոր Վ.՝ Phenacoccus aceris-ը, իսկ ավելի հաստ ճյուղերի վրա՝ Aspidiotus ostreaeformis տեսակը: Խնձորենու երիտասարդ ճյուղերի վրա մակաբուծում են ստորակետանման Վ.: Դեղին, արմավենու, գիհու, դափնեվարդի և այլ Վ. ջերմատնային մերձարևադարձային բույսերի մակաբույծներ են:

ՎԱՅՐԻ ԽՈԶ (Sus scrofa), վարազ, խոզերի ընտանիքի երկկճղակավոր կաթնասուն կենդանի: ՀՀ-ում հանդիպում է Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի և այլ մարզերի անտառներում,