Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/535

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

եղեգի տերևներից: Բներում առաջին ձվերը հայտնվում են մայիս-հունիսին, առաջին ձագերը՝ հունիսի վերջից հուլիսին:

Սևանի ավագանի մի շարք հատվածներում ջրի մակարդակի նվագման հետևանքով Փ. ս. բացակայում է: Հիմնականում գերադասում է Արարատյան դաշտի լճերն ու լճակները:

ՓՈՔՐ ՏԱՏՐԱԿ (Streptopelia senegalensis), աղավնիների ընտանիքի թռչուն: Նստակյաց է, քիչ տարածված: Հայաստանում առաջին անգամ հայտնաբերվել է 1970-ին: Տարածված է Արարատյան դաշտում, Շիրակի, Կոտայքի, Սյունիքի մարզերի որոշ բնակավայրերում:

Մարմնի երկար. 25-27 սմ է, թևերի բացվածքը՝ 40-45 սմ, կենդանի զանգվածը՝ 95-120 գ Փետրածածկը վերևից վարդագույն-դարչնագույն է, ներքևից՝ վարդագույն երանգով: Թևերը կարճ են՝ բութ ծայրով: Թևերի միջին հատվածի փետուրները մոխրակապույտ են, առաջնայինները՝ սևավուն: Կոկորդը նարնջագույն է, դարչնագույն՝ սև պտերով: Պոչը երկար է: Թռչելիս տեսանելի են պոչի եզրային սպիտակ փետուրների սև հիմքը և մոխրավուն միջին փետուրները: Բնակվում է քաղաքներում, գյուղերում: Սնվում է սերմերով, կանաչ բույսերով, սննդի մնացորդներով:

Բնադրում է շենքերի տանիքներին, քիվերին, ծառի ճյուղերի վրա: Բույնը պատրաստում է չոր խոտաբույսերի ցողուններից կամ բարակ ճյուղերից: Դնում է 28 մմ տրամագծով, սպիտակ 2 ձու: Թխսակալում է էգը: Ձագերն ինքնուրույն թռչում են բնից:

ՓՈՔՐ ՔԱՐԱԴՐ (Charadrius dubius), քարադրների ընտանիքի թռչուն: Բնադրող-չվող է, քիչ տարածված:

Մարմնի Երկար. 14-15սմ է, թևերի բացվածքը՝ 42-48 սմ, կենդանի զանգվածը՝ 31-46 գ: Բարեկազմ է: Ոտքերը դեղին-վարդագույն երանգով են, կտուցը՝ հիմնականում սև, թռչելիս թևավերևը՝ մուգ: Բնադրման շրջանում ակնօղակը վառ դեղին է, գլուխը՝ սև ու սպիտակ նախշով: Հետբնադրման շրջանում գլխի նախշը շատ խամրած է: Կրծքի շերտը կարող է լինել անավարտ: Երիտասարդի գլուխը հիմնականում դարչնագույն է, կրծքի շերտը՝ դարչնագույն, ակնօղակը՝ խամրած դեղին, ոտքերը՝ մոխրագույն-դեղին: Վազում է արագ, թեթևակի կռացած: Բնակվում է լճափերին, տղմոտ տարածքներում, չորացած ջրանցքներում, մասնավորապես՝ կիսաանապատներում: Սնվում է անողնաշարավորներով:

Գարնանային ամենավաղ վերադարձը՝ մարտի վերջին: Բնադրազույգերը ձևավորվում են մարտ-ապրիլին: Բույնը ոչ խորը փոսիկ է՝ գետնին. եզրերին հաճախ մանր քարեր կան: Առաջին ձվերը բներում հայտնվում են մայիսի 1-ին տասնօրյակից հունիսի 1-ին օրերը, լրիվ քանակով՝ 2-3 օր անց: Դնում է 30 մմ տրամագծով, բաց դարչնագույն՝ մուգ պտերով 3-4 ձու: Թխսակալում է մեծ ընդմիջումներով՝ ձվերը թողնելով արևի ճառագայթների տակ, որը նպաստում է սաղմի կանոնավոր զարգացմանը: Հուլիսի կեսերին հանդիպում են թռիչքին վարժ չտիրապետող ձագեր: Օգոստոս-սեպտեմբերին ձմեռային փետրավորմամբ թռչունները չուին նախապատրաստվող խմբեր են կազմում և սեպտեմբեր-հոկտեմբերին Արաքսի հովտով շարժվում դեպի հվ.՝ Թուրքիա, Իրան և արաբ, երկրներ:

ՓՈՔՐԱՍԻԱԿԱՆ ԳԵՏՆԱՍԿՅՈՒՌ (Spermophilus xanthoprymnus), սկյուռանմանների ընտանիքի գետնասկյուռների ցեղի կրծող կենդանի:

Մարմնի երկար, մինչև 290 մմ է, պոչինը՝ մինչև 59 մմ, կենդանի զանգվածը՝ մինչև 430 գ Մեջքի մորթին գորշահարդագույն է՝ թուրինջավուն երանգով և թեթև ծածանքով: Մարմնի կողքերը, փորը և ոտքերը խամրած դեղնավուն են: Աչքերի շուրջը բաց հարդասպիտակավուն օղակով է: Պոչը խամրած հարդաժանգագույն է, տակի մասը՝ ավելի բաց թուրինջավուն: Տարածված է ՀՀ արմ. և հս- արմ. մարզերում, գերադասում է խոպան հողերը: Արեալը կազմում է մոտ 4000 կմ2, որից բնակեցված է միայն 200-250 կմ2, բնակավայրերի խիստ խճանկարային բնույթի պատճառով: Բնակվում են մինչև 200 սմ երկար, և 160սմ խոր. ստորգետնյա բներում՝ կազմված բնային, սննդապահեստային և զուգարանային խցերից: Հիմնականում կանաչակեր է, բայց նախքան ձմեռային քուն մտնելը ուտում և պահեստավորում է զանազան դաշտավլուկազգի (նաև հացահատիկային) մշակաբույսերի սերմեր: Կախված կենսավայրի բնակլիմ. պայմաններից՝ քունը տևում է 6,5-8,5 ամիս: Արթուն ժամանակ գործունյա է ցերեկը, կիսաանապատային գոտում՝ առա¬ վոտյան և երեկոյան: Բազմանում է տարին 1 անգամ, ունենում՝ 4-6 ձագ: Խտությունը բավական կայուն է. մի¬ ջինը կազմում է 16,8 անհատ/հա: Բարձր խտության տարիներին վնաս է պատճառում գյուղատնտեսությանը: Կարող է լինել ժանտախտի, տուլարեմիայի և մարդու այլ վարակների պատահական կրող:

ՓՈՔՐԱՍԻԱԿԱՆ ԳՈՐՏ (Rana mac- rocnemis), անպոչ երկկենցաղների կարգի գորտերի ընտանիքի իսկական գորտերի ցեղի գորտ: ՀՀ-ում տարածված է բոլոր մարզերում (բացառությամբ՝ Արմավիրի): Հիմնականում բազմաքանակ է: Լայնորեն տարածված է տաք և չոր կիսաանապատային գոտուց մինչև սառը և խոնավ բարձրլեռն. մարգագետինները՝ ներառյալ անտառային գոտին: Հանդիպում է հիմնականում հոսող ջրավազանների ափամերձ վայրերում: