Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/627

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՊՏՂԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ, 1 գյուղատնտ. արտադրության ճյուղ, ընդգրկում է պտղատու ծառատեսակների մշակությունը և բնակչությանը մատակարարում թարմ պտուղ, պահածոների արտադրությանը՝ հումք: 2. Գիտություն պտղատու բույսերի կենսբ., տնտ. առանձնահատկությունների, ագրոտեխնիկայի, սորտերի ուսումնասիրության և ընտրասերման հարցերի մասին:

Հայաստանը Պ-յան հնագույն երկիր է: Մի շարք բնակավայրերում (Արմավիր, Շենգավիթ, Գառնի) հայտնաբերվել են 6-3 հզ. տարվա վաղեմության ծիրանի, դեղձի, սալորի, խաղողի սերմեր: Հայկ. լեռնաշխարհում Պ. առանձնապես զարգացել է մ.թ.ա. XI - մ.թ. I դդ.: Հայաստանի Պ-յան մասին հիշատակել են Հերոդոտոսը (մ.թ.ա. V դ.), Ստրաբոնը (մ.թ.ա. I դ.), Ագաթանգեղոսը (V դ.), Մովսես Խորենացին (V դ.), Անանիա Շիրակացին (VII դ.), Ստեփանոս Օրբելյանը (XIII դ.) և ուր.: Հազարամյակների ընթացքում ժող. ընտրասերման միջոցով ստացվել են ծիրանենու, դեղձենու, կեռասենու, խնձորենու, տանձենու, ընկուզենու բազմաթիվ արժեքավոր սորտեր: Արարատյան, նախալեռն., հս-արլ. և Զանգեզուրի գոտիներում հիմնականում մշակում են ծիրանենի, դեղձենի, սալորենի, նախալեռն․ և Զանգեզուրի գոտիների 1000-1500 մ բարձր-ներում, Լոռի-Փամբակի և մասամբ լեռն․ շրջաններում՝ խնձորենի և տանձենի:

2004-ին ՀՀ-ում պտղահատապտղային տնկարկների տարածքը կազմել է 25,7 հզ. հա, բերքատվությունը՝ 48,1 ց/հա, համախառն բերքը՝ 103,1 հզ. տ:

ՀՀ-ում Պ-յան գիտ. հարցերով զբաղվում են Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոնում և ՀՊԱՀ-ում:

ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ԷՖԵԿՏ, մարդու տնտ. գործունեությամբ պայմանավորված՝ մթնոլորտում ջերմոցային գազերի խառնուրդների (ածխածնի երկօքսիդ, մեթան, օզոն, ազոտի երկօքսիդ, ֆրեոններ) կոնցենտրացիայի աճի հետևանքով երկրի կլիմայի աստիճան․ տաքացում: Այդ գազերը բաց են թողնում արեգակնային ճառագայթումը և խոչընդոտում երկրի մակերևույթից ջերմային երկարալիք ճառագայթումը: Կլանվելով մթնոլորտում՝ վերջինիս մի մասը նորից անդրադառնում է հետ՝ երկրի մակերևույթ, և առաջացնում Ջ.է.: Ջերմոցային գազերով հագեցած մթնոլորտը ծառայում է որպես ջերմոցի տանիք: Ջերմոցային գազերի հիմն․ աղբյուրը այրվող հանածո վառելանյութերն են՝ ածուխը, նավթը, բնական գազը (որոնց տարեկան ծախսը ներկայումս կազմում է ավելի քան 9 մլրդ), այրվող կենսազանգվածը, ստորերկրյա հանքարդյունաբերության արտանետած գազերը: Մթնոլորտում ջերմոցային գազերի կոնցենտրացիայի աճը հանգեցրել է կլիմայի համընդհանուր տաքացման, նախաարդ. ժամանակաշրջանի (XIX դ. վերջի) համեմատությամբ երկրի միջին ջերմաստիճանը աճել է 0,3-0,6°C-ով և 2020-ին կարող է կազմել 2,2-2,5°C: Դա մեր մոլորակի մակերևույթի վրա կառաջացնի խոնավության վերաբաշխում, կուժեղացնի սեզոնային, տարեկան, միջտարեկան անոմալիաները և կհանգեցնի համընդհանուր էկոլոգիական ճգնաժամի (օվկիանոսների մակարդակի բարձրացում, հավերժ․ սառածության գոտիների խախտում և այլն): Ջերմոցային գազերի արտանետումը և կլիմայի համընդհանուր տաքացումը կարելի է նվազեցնել էներգիայի այլընտրանքային աղբյուրների (ջրի, քամու էներգիայի) օգտագործմամբ, մարդու տնտ. գործունեության ընդհանուր հզորության նվազեցմամբ, անտառպահպանությամբ ու անտառների վերականգնմամբ և այլն:

ՋՐԱՅԻՆ ԿԱԴԱՍՏՐ, ջրային պաշարների քանակ․ և որակ․ ցուցանիշների, ջրհավաք ավազանների, ջրավազանների հուներից ու ափերից արդյունահանվող նյութերի, կենսբ. պաշարների կազմի և չափաքանակների, ջրօգտագործողների, ջրօգտագործման թույլտվությունների և ջրային համակարգերի օգտագործման թույլտվությունների մասին համապարփակ տվյալների գրանցման մշտապես գործող համակարգ: Ջ.կ. հաշվառում է ջրային պաշարների հաշվեկշիռը՝ ընդհանուր և ըստ առանձին ջրավազանների:

ՋՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇԻՌ, Երկրագնդի վրա և մթնոլորտում ջրի մուտքի ու ելքի քանակ․ հարաբերակցությունը: Ջ.հ-ի բաղադրիչներն են մթնոլորտային տեղումները, գոլորշացումը, գետային հոսքը, ստորերկրյա ջրերի հոսքը, օրգանիզմների կլանած և բնակչության օգտագործած ջրերը: Երկրագնդի բազմամյա միջին տարեկան տեղումները 1020 մմ են, օվկիանոսի մակերևույթից գոլորշացումը՝ 880 մմ , ցամաքի մակերևույթից՝ 140 մմ ՀՀ տարածքում տարեկան թափվում են 18,41 կմ3 մթն. տեղումներ, որից 10,94 կմ3-ը (59,7 %) գոլորշանում է, 6,86 կմ3-ը (37 %) ձևավորում է գետային, իսկ 0,61 կմ3-ը (3,3 %)՝ ստորերկրյա հոսքը: Ջ.հ. սերտորեն կապված է Երկրի ջերմային պայմանների հետ և բնական գոտիների բնութագրիչ կարևոր ցուցանիշներից է: