Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/629

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քանի գործառույթ: Ջրատնտ. միջոցառումների ընդհանուր նպատակներով միավորված և նույն վայրում տեղադրված Ջ.կ. կազմում են համալիրներ՝ ջրահանգույցներ: Մի քանի ջրահանգույցներ կազմում են ջրատնտ. համակարգեր:

ՀՀ-ում ոռոգման ջրի և էներգետիկ կարիքների նպատակով կառուցվել է 83 ջրամբար, որոնց ընդհանուր ջրատարողությունը շուրջ 1,1 կմ³ է (միայն Մանթաշի ջրամբարն է կառուցվել խմելու և տնտ. ջրամատակարարման նպատակով):

ՋՐԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ջրերի աղտոտումը և ջրային պաշարների հավասարակշռված էկոլոգ. վիճակի խախտումները կանխարգելող, նվազեցնող ու վերացնող միջոցառումներ: Բոլոր ջրային օբյեկտները պահպանվում են աղտոտումից, աղբոտումից և սպառումից, հակառակ դեպքում ջրերի ֆիզ., քիմ., կենսբ. և այլ հատկությունների փոփոխման, բնական մաքրման, ջրաբան. և ջրաերկրբ. ռեժիմի խախտման հետևանքով կարող է վնասվել բնակչության առողջությունը, նվազել ձկան պաշարները, վատթարանալ ջրամատակարարումը և առաջանալ անբարենպաստ այլ երևույթներ: Մարդու համար ջուրը կենս․ պահանջ է, ժողտնտեսության համար՝ արտադրամիջոց, մի դեպքում՝ աշխատանքի առարկա, մեկ այլ դեպքում՝ աշխատանքի գործիք:

Ջրերի որակ․ և քանակ․ չափանիշների պահպանության, ջրային պաշարների որակի բարելավման նպատակով մշակվում են ջրերի որակի չափորոշիչներ, որոնք, ըստ տեղանքի առանձնահատկությունների, կարող են փոփոխվել: Այդ չափորոշիչներում տրված են ջրային պաշարների ռեժիմի խախտումը, աղտոտումը կանխելու և բնապահպան. նվազագույն հոսքերը որոշելու պայմանները: ՀՀ-ում ջրերի չափորոշիչների խախտմամբ ջրօգտագործումը անօրինական է և պատժվում է օրենսդրությամբ:

Ջրային էկոհամակարգերի պահպանության նպատակով ստեղծվում են պահպան. գոտիներ, որոնք ըստ նշանակության լինում են՝

- սանիտարական գոտի, բնակչությանը խմելու և կենցաղային ջուր մատակարարելու, բուժ․ և առողջարար․ կարիքների համար օգտագործվող ջրերը պահպանելու նպատակով առանձնացված տարածք,

- հոսքի ձևավորման գոտի, տարածք, որտեղ ձևավորվում է գետը,

-ստորերկրյա ջրերի պահպանման գոտի, տարածքներ, որոնք կարող են ողողվել ստորերկրյա ջրերով,

- ջրապահպանական գոտի, ջրային պաշարների աղտոտումը կանխելու, ջրային բարենպաստ ռեժիմ ապահովելու նպատակով առանձնացված տարածք,

- ջրային և ցամաքային էկոհամակարգերի փոխկապված անցումային գոտի, ներառում է ափամերձ և ջրամերձ տարածքները,

- անօտարելի գոտի, ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերի և ջրատեխնիկական կառույցների օգտագործման, վերականգնման ու պահպանման որոշակի ռեժիմ ունեցող առանձնացված տարածք:

Ջրերի բարենպաստ ռեժիմի ապահովման նպատակով ՀՀ-ում ջրային պաշարների պահպանությունը ենթակա է նորմավորման, որի դեպքում սահմանվում են սահմանային թույլատրելի մարդահարույց բեռնվածություն, ջրային պաշարներ վերադարձվող կեղտաջրերի և դրանցում պարունակվող նյութերի կազմի սահմանային քանակներ, ջրօգտագործման և ջրահեռացման էկոլոգիապես անվտանգ չափաքանակներ, ջրային պաշարների պահպանման կանոններ:

ՀՀ-ում Ջ.պ-յանը նպաստող առաջնահերթ գործողությունները նպատակաուղղված են ջրային պաշարների մեծածավալ կորուստների կանխարգելմանը՝ ջրամբարների նորոգում, ցամաքուրդային ցանցերի շահագործում, ինքնահոս հորատանցքերը փականային ռեժիմի անցում, ոռոգման ցանցերի, ջրատեխ. կառույցների, ջրհան կայանների և խորքային հորերի նորոգում, նոր ջրամբարների (հիմնականում փոքր և տեղային նշանակության) կառուցում ու շահագործում:

ՀՀ-ում Ջ.պ-յան առաջնահերթ խնդիրներ են նաև աղտոտման աղբյուրների ժամանակին բացահայտումը, վերացումը և առաջացման կանխարգելումը: ՀՀ ջրային էկոհամակարգերի աղտոտման հիմն, պատճառներն են գյուղատնտ. և արդ. գործունեությունները, որոնց բացասական հետևանքների վերացման կամ մեղմացման միջոցառումներն են.

- կեղտաջրերի մաքրման ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը,

- ջրային աղբյուրների սանիտար. նորմատիվների պահպանությունը,

- հանքային պարարտանյութերի օգտագործումից աստիճանաբար հրաժարումը,

- ջրային պաշարների մոնիտորինգի անխափան իրականացումը,

- սանիտար․ գոտիների ցանցի ընդլայնումը և այդ բնագավառում համապատասխան ծառայությունների գործունեության անխափան ապահովումը:

Հատուկ գիտ-, մշակութային արժեք ներկայացնող ջրային օբյեկտները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հայտարարվում են պահպանվող