Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/108

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


որը կարճ ժամանակամիջոցում դարձել է մարդաշատ։ Թագավորի այդ քաղաքականությունից դժգոհ նախարարները պարսից օգնությամբ կործանել են Արշակավանը։

363-ին բորբոքված պարսկա-հռոմ․ պատերազմի ժամանակ, երբ Շապուհ

II-ի զորքերը ներխուժել են Հայոց Միջագետք, Արշակ Բ զինակցել է իր դաշնակից Հուլիանոս կայսրին։ Սակայն նույն թվականին կայսրի զոհվելուց հետո նրան հաջորդած Հովիանոսը Շապուհ II-ի հետ կնքել է Հռոմի համար ստորացուցիչ հաշտություն, թշնամուն հանձնել հայ-հռոմ․ ուժերով գրաված տարածքները և պարտավորվել այլևս չաջակցել Արշակ Բ-ին։ Օգտվելով իրավիճակից՝ 364-ի գարնանը Շապուհ II մեծ ուժերով ներխուժել է Մեծ Հայք և Արշակ Բ-ի դեմ հանել որոշ դժգոհ նախարարների՝ Մերուժան Արծրունու և Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ։ Արշակ Բ և սպարապետ Վասակ Մամիկոնյանը հերոսաբար դիմագրավել են պարսկ․ զորքերին և պահպանել Մեծ Հայքի անկախությունը։ Զենքով չհասնելով հաջողության՝ Շապուհ II, հաշտություն կնքելու պատրվակով, 368-ին Տիզբոն է հրավիրել Հայոց արքային ու սպարապետին, նենգորեն կալանավորել և սպանել։ Նույն թվականին պարսկ․ 50 հզ-անոց զորաբանակը ներխուժել է Մեծ Հայք, ավերել բազմաթիվ քաղաքներ, գերեվարել հարյուր հազարավոր բնակիչների։ Հայոց թագուհի Փառանձեմը փոքրաքանակ արքունի կայազորով և գանձերով ամրացել է Արշարունիք գավառի Արտագերս ամրոցում։ 14 ամիս հերոսաբար դիմադրելով թշնամուն, ի վերջո, սովի և համաճարակի հարկադրանքով Շապուհին է հանձնվել Արտագերսը, որը կողոպտվել է, իսկ Փառանձեմը՝ տանջամահ արվել։ 369_370-ական թթ․ պարսկ․ զավթիչների դեմ թագաժառանգ Պապի և սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի շուրջ համախմբված հայրենասեր նախարարների մղած մի քանի հաջող մարտերը հարկադրել են Հռոմի Վաղես կայսրին (364_378) օգնական զորամաս ուղարկել Մեծ Հայք։ 371-ի գարնանը հայ-հռոմ․ միացյալ ուժերը Բագրեվանդ գավառի Ձիրավ գ․ մոտ գլխովին ջախջախել են պարսկ․ զորաբանակը (տես Ձիրավի ճակատամարտ 371)։ Շապուհ II, լքելով իր բանակը և կանանոցը, ճողոպրել է Պարսկաստան։ Նա հարկադրված, հաշտության պայմանագրով ճանաչել է Մեծ Հայքի անկախությունը և Պապ Արշակունու գահը (369_374)։ Վերջինս, ճնշելով երկրի կենտրոնախույս իշխանություններին, վերամիավորել է ինքնագլուխ դարձած մի շարք «աշխարհներ» (Արցախ, Փայտակարան, Պարսկահայք, Կորճայք, Աղձնիք, Ծոփք), հօգուտ զին․ ուժերի և ժողովրդի կատարել բազմաթիվ բարեփոխումներ, սահմանափակել բարձրադաս հոգևորականության իրավունքները քաղ․ կարևոր հարցերում։ Պապի ընդգծված ազգ․ քաղաքականությունը հարուցել է հռոմ․ արքունիքի դժգոհությունը, և Հայոց արքան, ի վերջո, սպանվել է Վաղես կայսրի կազմակերպած դավադրությամբ։

Երկյուղելով հայ ժողովրդի ցասումից և Մեծ Հայքում հակահռոմ․ տրամադրությունների ալիքից՝ Վաղես կայսրը Հայոց թագավոր է ճանաչել Պապի մերձավոր ազգական, Հռոմում կրթված, օլիմպիական մրցախաղերում հռչակված Վարազդատին (374_378), որը վարել է Հռոմի և Պարսկաստանի միջև խուսանավելու և սեփական ուժերով Արշակունիների թագավորության հզորությունը վերականգնելու քաղաքականություն։ Սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը, սակայն, Պարսկաստանին դիմակայելու միջոց է համարել Մեծ Հայքում հռոմ․ զորքերի կենտրոնացումը։ Արքայի և սպարապետի միջև տարաձայնությունները հանգեցրել են ողբերգական վախճանի․ Վարազդատը, Մուշեղ Մամիկոնյանին դիտելով Մեծ Հայքը հռոմ․ նահանգ դարձնելու կողմնակից ու Պապի սպանության հանցակից, 376-ին կազմակերպել է նրա սպանությունը և սպարապետության գործակալությունը հանձնել իր դայակ Բատ Սահառունուն։ 378-ին Մուշեղ Մամիկոնյանի ազգական Մանվելը պարտության է մատնել արքունի զորաբանակին և Վարազդատին հարկադրել փախչել Հռոմ։ Մանվել Մամիկոնյանի խնամակալությամբ Մեծ Հայքի թագավոր է օծվել Պապի անչափահաս որդի Արշակ Գ (378_389)։

378-ին վեստգոթերի դեմ Ադրիանուպոլսի ճակատամարտում հռոմ․ զորքերի կրած ծանր պարտությունից և Վաղես կայսրի զոհվելուց հետո «բարբարոս» ցեղերի սաստկացած հարձակումները թուլացրել են Հռոմ․ կայսրությունը և զրկել Մերձ․ Արլ-ում գործուն քաղաքականություն վարելու, Սասանյան Պարսկաստանի առաջխաղացումները կանխելու հնարավորությունից։ Հռոմեա-պարսկ․ բանակցությունները հանգեցրել են 387-ի հաշտության պայմանագրի կնքմանը, որով Հայաստանը բաժանվել է նրանց ազդեցության ոլորտների։ Մեծ Հայքի արմ․ (հռոմ․) մասում գահակալել է Արշակ Գ, իսկ արլ․ (պարսկ․) և մեծագույն մասում՝ Խոսրով Գ (387_389)։ Արշակ Գ-ի մահից հետո Հռոմը վերացրել է Հայկ․ թագավորությունը։ 389-ին Մեծ Հայքը վերամիավորելու մեղադրանքով Սասանյանները տապալել ու բանտարկել են Խոսրով Գ Արշակունուն, աթոռազրկել կաթողիկոս Սահակ Ա Պարթևին։ Սակայն, բախվելով հայ ժողովըրդի հուժկու դիմադրությանը, Սասանյան արքա Վռամ IV (388_399) նույն թվականին հայկ․ գահը և «Հայոց Մեծաց թագավոր» տիտղոսը շնորհել է Խոսրով

Գ-ի եղբայր Վաղարշին։ Հայոց արքայի «հավատարմությունը հրապուրելու» սնոտի հավատով նրան տվել են Վռամշապուհ նոր անունը (Վռամ IV-ի և նրա հայր Շապուհ IV-ի անուններով)։