Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

է, աղվեսադրոշմել և բանտարկել։ Բանտից փախած Հ․Հ․ Կոստանդնուպոլսում ապարդյուն փորձել է հունադավանություն ընդունել, այնուհետև առժամանակ ապրել է Թոնդրակում, ապա՝ Խլաթում (բնակվել է տեղի թոնդրակյան համայնքում)։ Վախճանվել է Նփրկերտում։

Գրկ․ Արիստակես Լաստիվերցի, Պատմություն, Ե․, 1971։


ՀԱԿՈԲ ՂՐԻՄԵՑԻ [1360-ական թթ․, ք․ Ղրիմի Սուրխաթ կամ Ղրիմ - 1426, Արծկե կղզու Ցիպնավանք], տոմարագետ, րաբունապետ։ Սովորել է ծննդավայրում, ապա՝ Երզնկայի դպրոցում։ 1410-ից՝ Մեծոփա վանքի նորաբաց դպրոցի րաբունապետ։ Դասավանդել է իմաստասիրություն, տոմարագիտություն, գրչության արվեստ և երաժշտություն։ Կազմել է տոմարագիտության ձեռնարկ։ Տոմարի մասին իր տեսությունները հիմնավորել է լուսնի փուլերի սեփական դիտարկումով։ Հ․Ղ․ շարունակել է Դավիթ Անհաղթի և Հովհաննես Սարկավագի ավանդույթները։

Ըստ նրա՝ Աստված ստեղծել է միայն չորս տարրերը, որոնցից էլ կազմավորվել է ողջ գոյը։ Բնության մեջ տեղի է ունենում աճման, նվազման, ծագման և ոչնչացման հավերժական գործընթաց։ Շարժումը տարածության մեջ՝ տեղափոխությունն է ժամանակի մեջ։ Ճանաչողությունը բացահայտում է էությունը, որն արտահայտվում է սահմանման միջոցով։ Ճանաչողության գործընթացը սկսվում է զգայություններով և ավարտվում բանական ճանաչողությամբ։ Ըստ Հ․Ղ-ու՝ եզակին նախորդում է ընդհանուրին, որը գոյություն ունի մտածողության մեջ՝ արտացոլելով բազմության ընդհանուր հատկանիշները։

Երաժշտ․ գեղագիտության հարցերում Հ․Ղ․ ընդունում էր գործիքային երաժշտության ինքնուրույնությունն ու գեղագիտ․ նշանակությունը երգեցողականի համեմատ։ Նա երաժշտությունը դիտում է որպես գիտելիքի և արվեստի ձև։

Հ․Ղ․ գրել է «Մեկնութիւն Տոմարի», «Տոմարի արուեստի մասին» ևն, մեկնաբանել Դավիթ Անհաղթի «Սահմանք իմաստասիրութեան»-ը։

Գրկ․ ԺԴ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, 1301-1400 թթ․, Ե․, 1950։ ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, մաս 1-3, Ե․, 1955-67։ Neumann C․F․, Versucheiner Geschichte der armenischen Literatur, Lpz․, 1836․


ՀԱԿՈԲ ՄԵՂԱՊԱՐՏ (ծ․ և մ․ թթ․ անհտ․), առաջին հայ տպագրիչը, հայկական տպագրության հիմնադիրը։ Գործել է XVI դ․, Վենետիկում։ Տեղի գրաձուլող վարպետների մոտ պատրաստել է տվել հայ․ բոլորգիր և գլխագիր տպատառեր, ինչպես և զարդագրերի, պատկերների, չորս քառանկյունի զարդերի և 24 վերնախորագրային զարդաձև շրջանակների տպատախտակներ։ Հ․ Մ-ի սարքավորած առաջին հայկ․ տպարանը գործել է 1512-13-ին՝ լույս ընծայելով հավանաբար 6 գիրք (պահպանված է 5-ը)։ Դրանք են ըստ տպագրության հերթականության՝ «Ուրբաթագիրք», «Պատարագատետր», «Աղթարք», «Պարզատումար», «Տաղարան»։ Սրանցից միայն «Պատարագատետրը» ունի հրատարակության թվականը, վայրն ու տպագրիչի անունը նշող հիշատակարան։

Հ․Մ-ի տպագրած գրքերի վերջում կա տպարանանիշ՝ խաչակիր շրջանակ երկգիծ քառակուսու մեջ։ Շրջանակը բաժանված է չորս մասի, յուրաքանչյուրում կա լատ․ մի սկզբնատառ՝ D․ I․ Z․ A․։ Վերծանման շատ փորձեր են արվել, առավել հավանականը Կ․ Բասմաջյանինն է՝ Dei servus (Աստծու ծառա), Iakobus (Հակոբ), Zanni (Ծաննի՝ Հովհաննես/յան), Armenius (Հայ)։ Հ․Մ․ ջանացել է իր տպագրած գրքերը նմանեցնել ձեռագրերի, քանի որ այն ժամանակ տպագիր գիրքն անսովոր էր հայոց մեջ։

Հ․Մ-ի տպագր․ արվեստի ավանդները (տպատառերի, զարդագրերի ու զարդերի ձևերը, տպագիր էջի չափը ևն) օգտագործել են հայ տպագրիչներ Աբգար Թոխաթեցին, Սուլթանշահը և ուր․։ Հ․Մ-ի տպագր․ արվեստից, հատկապես զարդաձևերից, օգտվել են նաև ռուս առաջին տպագրիչ Իվան Ֆեոդորովը և եվրոպացի տպագրիչները (տես նաև Հայկական տպագրություն)։

Գրկ․ Զարբհանալյան Գ․, Պատմություն հայկական տպագրության, Վնտ․, 1895։ Լեո, Հայկական տպագրություն, հ․ 1, Թ․, 1904։ Թեոդիկ, Տիպ ու տառ, ԿՊ, 1912։ Լևոնյան Գ․, Հայ գիրքը և տպագրության արվեստը, Ե․, 1958։ Իշխանյան Ռ․, Հայ գրքի պատմություն, հ․ 1, Ե․, 1977։ Նույնի, Հակոբ Մեղապարտ, Ե․, 1982։


ՀԱԿՈԲ ՄԾԲՆԱՑԻ (ծ․ թ․ անհտ․ - 338), ասորի եպիսկոպոս, ասորական և հայկական եկեղեցական գործիչ։ Սասունում և այլ գավառներում զբաղվել է քարոզչությամբ, հիմնել դպրոցներ, եկեղեցիներ։ Պատմությանը հայտնի առաջին անձնավորությունն է, որը փորձել է բարձրանալ Արարատ լեռը։ 338-ին կազմակերպել է հայրենի Մծբին քաղաքի 70-օրյա պաշտպանությունն ընդդեմ պարսկ․ զորքի։ Դասվել է հայկ․ եկեղեցու սրբերի շարքը։

Գրկ․ Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, 8, Ասորական աղբյուրներ, 1, 1976։ Մելքոնյան Հ․, Հայ-ասորական հարաբերությունների պատմությունից (III_V դարեր), Ե․, 1970։


ՀԱԿՈԲ ՆԵՏՐԱՐԵՆՑ, Հակոբ Արծկեցի [ծ․թ․ անհտ․, Արծկե (Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Բզնունիք գավառում) - 1501], գրիչ, բանաստեղծ։ Նախն․ կրթությունը ստացել է հոր՝ Ներսես քահանայի մոտ, ապա Արծկեի վարդապետ․ դպրոցում։ Ձեռնադրվել է քահանա, կնոջ մահից հետո դարձել վարդապետ (1464)։ 1467-ից հիշատակվում է որպես եպիսկոպոս։ Արծկեի Սքանչելագործ Ս․Նշան վանքում ընդօրինակել է ավետարաններ ու գանձարաններ։ Հիշատակելի են Երևանի Մատենադարանի դ 5438 Գանձարանը (1491, եղբոր՝ Ղազարի աշխատակցությամբ) և դ 8761 Ավետարանը (1499, եղբորորդի Զաքարիա դպրի աշխատակցությամբ)։ Գրել է 13 չափածո երկ։ Դրանք ազգ-եկեղեց․ և տերուն․ թեմաներով գանձեր ու տաղեր