Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մերիտմիությունը, Հայաստանի մի շարք հաս․ կազմակերպություններ։

1922_37-ին հանրապետությունում գումարվել են խորհուրդների համագումարներ (9 համագումար), իսկ 1937-ից, Հայկական ԽՍՀ նոր սահմանադրության ընդունումից հետո՝ Գերագույն խորհրդի նստաշրջաններ։ Բոլոր քննարկվող հարցերի վերաբերյալ որոշումները, որպես կանոն, ընդունվել են միաձայն, որը պաշտոն․ քարոզչությունը մեկնաբանել է որպես «կուսակցության և ժողովրդի անխախտ միության» վկայություն։

Ամբողջատիր․ համակարգի պայմաններում անխուսափելի էին կամայականությունը, այլախոհության ճնշումը, դաժան բռնությունները։ Պատժամիջոցները ՀԽՍՀ-ում սկսվել են արդեն 1920-ական թթ․, երբ հետապնդվել են Հայաստանի Հանրապետության բանակի նախկին սպաները։ Բռնությունների հաջորդ ալիքը տարածվել է 1930-ական թթ․ 1-ին կեսին՝ գյուղատնտեսության կոլեկտիվացման շրջանում։ «Կուլակաթափ» են արվել և Հայաստանից արտաքսվել մի քանի հազար գյուղացիական ընտանիքներ։

Բռնություններն իրենց գագաթնակետին են հասել 1930-ական թթ․ 2-րդ կեսին, Ստալինի անձի պաշտամունքի ծաղկման պայմաններում։ 1936-ի հուլիսին Թիֆլիսում սպանվել է Հայաստանի Կ(բ)Կ ԿԿ առաջին քարտուղար Ա․ Խանջյանը։ Այդ քաղ․ սպանությունը դարձել է Հայաստանում զանգվածային բռնությունների ծավալման ազդանշան։ Ձերբակալվել են հազարավոր անմեղ մարդիկ՝ գրողներ, մշակույթի գործիչներ, հանրապետության պետ․ և կուս․ ղեկավար գործիչներ, հեղկոմի ողջ մնացած նախկին անդամները, կառավարության ղեկավարները, Հայաստանի կոմկուսի ԿԿ նախկին առաջին քարտուղարները ևն։ Բռնությունների են ենթարկվել հոգևորականության բազմաթիվ ներկայացուցիչներ։ 1938-ին պատժիչ մարմինների գործակալները սպանել են Ամենայն հայոց կաթողիկոս Խորեն Ա Մուրադբեգյանին։ Բռնադատվածների ընդհանուր թիվը կազմել է ավելի քան 25 հզ․։ Նրանց մոտ կեսը գնդակահարվել է, մնացածները՝ կալանավորվել ԽՍՀՄ տարածքում ստեղծված համակենտրոնացման ճամբարներում։


ՀԽՍՀ սոցիալ-տնտեսական դրությունը 1920_30-ական թթ․։ Հայաստանի սոց-տնտ․ զարգացումը ինչպես 1920_30-ական թթ․, այնպես էլ հետագա տասնամյակներին՝ մինչև ԽՍՀՄ-ի փլուզումը, ընթացել է ամբողջ Միությանը հատուկ օրինաչափություններով։ Դա պայմանավորված էր կենտրոնի տնտ․ քաղաքականությամբ և Խորհրդ․ Միության այլ տարածաշրջաններում գտնվող հումքային աղբյուրներից Հայաստանի տնտեսության մի շարք ճյուղերի և ձեռնարկությունների ուղղակի կախվածությամբ։ Նոր իշխանության առջև հենց առաջին օրերից ծառացել է հանրապետության տնտեսության վերականգման բարդ խնդիրը։ Չի գործել ձեռնարկությունների մեծ մասը, արդ-յան համախառն արտադրանքը 1913-ի համեմատությամբ նվազել էր 12 անգամ։ Չեր աշխատում երկաթուղին։ Ծանր վիճակում էր գյուղատնտեսությունը․ կրճատվել էին ցանքատարածությունները, շուրջ 6 անգամ նվազել էր համախառն արտադրանքը։ «Ռազմական կոմունիզմի» քաղաքականության հետևանքները է՛լ ավելի էին խորացրել պարենային ճգնաժամը։ Սակայն նույնիսկ նման պայմաններում հայ ժողովուրդն ուժ է գտել իր մեջ հաղթահարելու դժվարությունները, վերականգնելու քայքայված տնտեսությունը։ Իրագործվել է ոռոգման համակարգի վերականգնումը, կառուցվել են նոր՝ Էջմիածնի, Շիրակի և այլ ջրանցքներ։ 1925-ին գյուղատնտեսության վերականգնումը հիմնականում ավարտվել է, նրա համախառն արտադրանքը որոշ չափով գերազանցել է 1913-ի մակարդակը։

Աստիճանաբար աշխուժացել է նաև արդ-ը։ 1920-ական թթ․ կեսից գործել են էլեկտրակայանները, վերականգնվել գինու և կոնյակի արտադրության 1913-ի մակարդակը։ Պղնձարդ-յան վերականգնումը պահանջել է շատ ավելի մեծ միջոցներ։ Այդ ճյուղում նախապատերազմյան մակարդակը հաջողվել է ապահովել 1930-ական թթ․ կեսին։

1920-ական թթ․ կեսից Հայաստանում իրագործվել են խոշոր միջոցառումներ արդ-յան զարգացման ուղղությամբ։ Հզոր ինդուստրիայի ստեղծումը ճանաչվել է սոցիալիզմի կառուցման հիմն․ պայման (տես Ինդուստրացում )։ Արագորեն է զարգացել էներգետիկան․ կառուցվել են Քանաքեռի, Ձորագետի հէկերը, մի շարք շրջ․ էլեկտրակայաններ։ Էլեկտրաէներգիայի արտադրության ավելացումը նպաստել է գերազանցապես էներգատար ճյուղերի՝ հատկապես քիմ․ արդ-յան զարգացմանը։ Հայաստանի բնատնտ․ պայմաններում (սահմանափակ հողային տարածություն, լարված ջրային հաշվեկշիռ, բնակչության բարձր խտություն) նման քաղաքականությունը բացասական ազդեցություն է գործել հանրապետության կենսոլորտի վրա։ Արդ-յան զարգացման ընթացքում անտեսվել են բնապահպանման խնդիրները։ Այդուհանդերձ, ինդուստրացման շնորհիվ Հայաստանը 1930-ական թթ․ վերջին վերածվել է գերազանցապես արդ․ երկրի։ Ժող․ տնտեսության համախառն արտադրանքում արդ․ արտադրանքի տես․ կշիռը կազմել է 70 %։ Երևանի հետ մեկտեղ արդ․ կենտրոններ են դարձել Լենինականը (այժմ՝ Գյումրի) և Կիրովականը (այժմ՝ Վանաձոր)։

1920-ական թթ․ վերջից Հայաստանում արագացել է գյուղաց․ տնտեսությունների կոլեկտիվացման ընթացքը։ Ինչպես ամբողջ Խորհրդ․ Միությունում, այնպես էլ ՀԽՍՀ-ում գյուղատնտեսության կոլեկտիվացումն իրագործվել է հարկադր․ միջոցներով (տես Կոլեկտիվացում)։

Որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել սոցիալական ոլորտում։ 1935-ին վերացվել է մթերքների բաշխման քար