հայամետ տրամադրությունների ներգործության տակ, սակայն նախագահ Վիլսոնն այդ որոշումը հետաձգեց, մինչև որ նրա մանրամասները կհամաձայնեցվեին Ազգերի լիգայի որոշման հետ։ Վիլսոնի անվճռականության վրա ազդեց նաև ԱՄՆ-ի Սենատում մանդատի նկատմամբ հանրապետական մեծամասնության բացասական վերաբերմունքը։
1919-ին ամերիկ․ երկու հանձնաժողով ուղարկվեց Մերձ․ Արլ․՝ այդ տարածաշրջան ԱՄՆ-ի մուտքի երաշխավորագրեր մշակելու համար։ Քինգ-Քրեյնի հանձնաժողովը հանդիպեց թուրք, հայ, արաբ և այլ ներկայացուցիչների հետ Կ․Պոլսում, Պաղեստինում, Սիրիայում և Կիլիկիայում։ Հանձնաժողովը խորհուրդ տվեց առաջին հերթին ստեղծել առանձին հայկ․ պետություն՝ ներառյալ Կիլիկիան։ Նա գտնում էր, որ այն տերությունը, որն ընդունելու է Հ․մ․, պետք է վերցնի նաև Անատոլիայի և Կ․Պոլսի մանդատը, ինչը կհեշտացներ հայրենադարձությունը, բնակչության փոխանակումը, Թուրքիայի հետ պետ․ պարտքերի կարգավորումը։ ԱՄՆ միակ տերությունն էր՝ անհրաժեշտ նյութ․ և բարոյական պաշարներով, որն ի վիճակի էր ընդունել այդ պարտավորությունները։ Ամերիկ․ զինվ․ պատվիրակությունը գեն․ Ջ․ Հարբորդի գլխավորությամբ 1919-ի աշնանն այցելեց Կիլիկիա, Անատոլիա և Հայաստանի Հանրապետություն։ Նա հարուստ նյութեր հավաքեց այդ տարածաշրջանի պաշարների և հնարավորությունների վերաբերյալ և կրկնեց նույն փաստարկները հօգուտ Հայաստանի, Անատոլիայի և Կոստանդնուպոլսի մանդատի։ Հարբորդի պատվիրակության նյութերը հանձնվեցին նախագահ Վ․Վիլսոնին՝ մանդատը ստանձնելու թեր և դեմ փաստարկներով։
1919-ի նոյեմբ․ Թուրքիայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Հ․ Մորգենթաուն պաշտոն․ առաջարկ ներկայացրեց Հայաստանի նկատմամբ եռակի մանդատի մասին՝ Թուրքիայի կողմից հայերի հետագա ջարդերը կանխելու նպատակով։ Ամերիկ․ շատ միսիոներներ և պետ․ անձինք պաշտպանեցին այդ ծրագիրը, սակայն այն վճռականորեն մերժեցին բոլոր հայերը և Հայաստանի անկախության ամերիկ․ կոմիտեն, գտնելով, որ Թուրքիայի հետ ամեն մի կապի շարունակում կնշանակեր բարենորոգումների ևս մի ծրագիր, որոնք ավարտվել են հայերի կոտորածներով։ Նրանք պահանջում էին Հայաստանի Հանրապետությանը ցույց տալ ռազմ․ և տնտ․ օգնություն, որը հնարավոր կդարձներ Արմ․ Հայաստանի հետգրավումը։
ԱՄՆ-ի կողմից Հ․մ-ի ընդունման հնարավորությունը գնալով նվազում էր Թուրքիայի հետ հաշտության պայմանագրի կնքման հետաձգմամբ։ Այդ ընթացքում եվրոպ․ երկրները Լոնդոնի և Սան Ռեմոյի կոնֆերանսներում (մարտ-ապրիլ 1920), որտեղ մշակվում էին Թուրքիայի հետ հաշտության պայմանները, խիստ կրճատեցին հայկ․ պետության նախատեսվող սահմանները։ Կիլիկիան և արմ․ երեք հայկ․ նահանգները (Սեբաստիա, Խարբերդ, Դիարբեքիր) հանվեցին այդ պետության սահմաններից։ Ոչինչ չարվեց Հայաստանին անհրաժեշտ ռազմ․ և տնտ․ օգնություն ցուցաբերելու ուղղությամբ, որպեսզի Հայաստանը կարողանար գրավել Սևրի հաշտության պայմանագրով նրան տրված շրջանները։
Հակառակ կոնգրեսում իր կողմնակիցների փաստարկներին, Վ․ Վիլսոնը Հ․մ-ի հարցը դրեց ամերիկ․ Սենատում։ 1920-ի հունիսի 1-ին Սենատը մերժեց նախագահի առաջարկությունը։ Հ․մ․ չընդունվեց դաշնակից տերությունների քաղ․ խաղերի և ԱՄՆ-ում ուժեղացող եվրոպ․ գործերին չխառնվելու տրամադրությունների պատճառով։ Թուրքերը ոչ միայն հաստատվեցին Արմ․ Հայաստանում, այլև ներխուժեցին Հայաստանի Հանրապետության տարածքը և գրավեցին Արլ․ Հայաստանի կեսը։
Գրկ․ Սողոմոնյան Ս․Մ․, Քինգ-Քրեյնի ամերիկյան հանձնաժողովը և Հայաստանի մանդատի հարցը, «Պատմության հարցեր», պր․ 2, Ե․, 1989։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՇՐՋԻԿ ԱՐՎԵՍՏԱՆՈՑ, ՀԽՍՀ կուլտմինի նկարչական շրջիկ արվեստանոց-ցուցահանդես, հիմնադրվել է 1939-ին, Գ․Գյուրջյանի նախաձեռնությամբ։ Իր տեսակի մեջ միակն էր Խորհրդ․ Միությունում։ ՀՆՄ-ին կից կազմակերպություն է։ Ստեղծագործ․ արշավախմբեր է կազմակերպում ՀՀ տարածքում և նրա սահմաններից դուրս՝ նկարիչներին անմիջականորեն առօրյա կյանքին հաղորդակից դարձնելու, տեղում նյութեր հավաքելով թեմատիկ նկարներ, դիմանկարներ, բնանկարներ ստեղծելու համար։ Արշավախմբերին մասնակցել են նաև ԽՍՀՄ, արտասահմ․ երկրների, սփյուռքի նկարիչներ։ Արվեստագետները շրջիկ արվեստանոցի ցուցահանդեսային ֆոնդին են հանձնում մեկական աշխատանք, որոնց հիման վրա կազմակերպվում են շրջիկ ցուցահանդեսներ, իսկ ստեղծագործությունների մի մասը նվիրաբերվում է ակումբներին, գրադարաններին, դպրոցներին ևն։ 1994-ից Հ․ն․շ․ա․ վերակազմվել է որպես ՀՀ ցուցահանդեսային կենտրոն։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՏՈՒՆ, հիմնադրվել է 1935-ին, Երևանում, որպես Հայաստանի կերպարվեստագետների տուն (1960-ից՝ ՀՆՏ)։ Կազմակերպում է անհատ․, խմբական, հանրապետ․, միջազգային, թեմատիկ և այլ բնույթի ցուցահանդեսներ (համապատասխան կատալոգներով), դասախոսություններ, հանդիպումներ։ 1960-ին շահագործման է հանձնվել նկարիչների տան նոր շենքը։ Կազմակերպվել են Մեսրոպ Մաշտոցին, Սայաթ-Նովային, Հ․Թումանյանին, Մ․Սարյանին և այլոց նվիրված հոբելյանական և մրցութային թեմատիկ պատկերահանդեսներ։ Շա