Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/210

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մոտ 80 քաղաքներում։ ՀԲԸՄ տարեկան (1999) բյուջեն կազմում է 28 մլն դոլար։ ՀԲԸՄ նախագահներ են եղել Պողոս Նուբարը (1906_30), Գալուստ Կյուլպենկյանը (1930_32), Զարեհ Նուբարը (1932_40), Արշակ Կարագյոզյանը (1942_53) և Ալեք Մանուկյանը (1953_ 1989)։ 1989-ից ՀԲԸՄ նախագահն է Լուիզ Մանուկյան-Սիմոնը։

Գրկ․ Անդրէասեան Ա․, Համազգային առաքելութիւն․ 1906_1981, Նյու Յորք, 1981։ Դալլաքյան Կ․, ՀԲԸ Միության նախագահ Գ․ Կիւլպենկյանի հրաժարականի հարցի շուրջ, Ե․, 1996։ Մելքոնյան Է․, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը Խորհրդային Հայաստանում․ 1923_1937, Ե․, 1999։


ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵՆՈՐՈԳՈՒՄՆԵՐ 1912_14, Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածի հիման վրա (տես Բեռլինի կոնգրես 1878) Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում գործադրելու նպատակով ռուսական դիվանագիտության և հայ հասարակական շրջանների համատեղ ջանքերով պատրաստված միջոցառումների ծրագիր։ 1912_13-ի Բալկանյան պատերազմները բարենպաստ պայմաններ ստեղծեցին Հայկ․ հարցի վերաբացման համար։ Դրանում շահագրգռված էին հայերը, որոնց իրավազուրկ ու ճնշված վիճակը Արմ․ Հայաստանում պահպանվում էր նաև համիդյան վարչակարգի տապալումից հետո, երիտթուրքերի տիրապետության օրոք, և եռյակ համաձայնության պետությունները (առաջին հերթին Ռուսաստանը), որոնք ընդդիմանում էին Գերմանիայի տնտ․ և քաղ․ ներթափանցմանը Օսմ․ կայսրություն։ Ռուս․ դիվանագիտության խրախուսանքով Գևորգ Ե կաթողիկոսը 1912-ի հոկտ․ 2-ին Կովկասի փոխարքա Վորոնցով-Դաշկովի միջոցով դիմեց ցար․ կառավարությանը՝ խնդրելով միջամտել ու աջակցել Արմ․ Հայաստանի բարենորոգումների հարցը վերստին արծարծելու համար։ Միաժամանակ նա հատուկ կոնդակով Պողոս Նուբարին լիազորեց պաշտպանելու Հայկ․ դատը եվրոպ․ մյուս պետությունների մոտ։ Ռուս․ կառավարությունը տերություններին ներկայացրեց հայկ․ բարենորոգումների իր նախագիծը, որը քննարկվեց Կ․Պոլսի դեսպանաժողովում, 1913-ի հուլիսի 3_24-ը։ Նախագիծը, որ կազմել էր ռուս․ դեսպանության առաջին թարգման Ա․ Մանդելշտամը 1895-ի մայիսյան ծրագրի (տես «Մայիսյան բարենորոգումներ» 1895) և Կ․Պոլսի հայոց պատրիարքարանի կազմած նախագծի հիման վրա, առաջարկում էր հայկ․ վեց վիլայեթներից [Էրզրում, Վան, Բիթլիս, Դիարբեքիր, Խարբերդ, Սեբաստիա (Սվազ)] ստեղծել մի նահանգ։ Ընդհանուր նահանգապետը պետք է լիներ քրիստոնյա օսմ․ հպատակ կամ, որ ավելի գերադասելի էր՝ եվրոպացի, որը նշանակվում էր 5 տարի ժամկետով, մեծ տերությունների համաձայնությամբ։ Նրան էր պատկանում նահանգի ամբողջ գործադիր իշխանությունը, բոլոր վարչ․ պաշտոնյաներին (նաև դատավորներին) նշանակելու և արձակելու իրավունքը։ Ոստիկանությունը և ժանդարմերիան ենթարկվելու էին նահանգապետին, հարկ եղած դեպքում նրա տրամադրության տակ էր դրվելու նաև զորքը։ Ընդհանուր նահանգապետին առընթեր գործելու էին Վարչ․ խորհուրդը և վեց խորհրդականներ (3 մահմեդական և 3 քրիստոնյա)՝ ընտրված նահանգական ժողովից, որտեղ մահմեդականներն ու քրիստոնյաները պետք է ունենային հավասար տեղեր։ Այս սկզբունքը պահպանվում էր նաև նահանգի բոլոր պաշտոնների բաշխման ժամանակ, ներառյալ դատավորները, ոստիկանությունը և ժանդարմերիան։ Օրենքները, հրամաններն ու որոշումները պետք է հրապարակվեին երեք հիմն․ լեզուներով (թուրք․, հայ․, քրդ․)։ Յուրաքանչյուր ազգություն իրավունք ուներ հիմնել իր մասնավոր դպրոցները (մայրենի լեզվով) ու տնօրինել դրանք։ Անձեռնմխելի էին համարվում Ազգային սահմանադրությամբ (1860) հայերին տրված իրավունքներն ու արտոնությունները։ Նախատեսվում էր նաև արձակել քրդական «համիդիե» հեծելագնդերը, վերադարձնել հայերից խլած հողերը կամ դրանց համարժեքը (դրամով), ինչպես նաև արգելել մուհաջիների (Բալկաններից գաղթած մահմեդականներ) բնակեցումը Հայկ․ նահանգում։ Տերությունները պետք է հետևեին որոշումների կատարմանը։

Անգլիան և Ֆրանսիան հիմնականում համաձայն էին ռուս․ ծրագրին, իսկ եռյակ միության պետությունները և հատկապես Գերմանիան վճռականորեն ընդդիմացան ռուս․ նախագծի հիմն․ դրույթներին (միասնական Հայկ․ նահանգի ստեղծում, Ընդհանուր նահանգապետի նշանակում տերությունների համաձայնությամբ, նահանգական ժողովում և պաշտոնների բաշխման ժամանակ հավասարության սկզբունքների կիրառում ևն)՝ առաջարկելով քննարկման հիմք ընդունել բարենորոգումների թուրք․ ծրագիրը, որը պահպանում էր վիլայեթների կազմակերպման նախկին ձևը և ըստ ամենայնի խուսափում օտարերկրյա հսկողությունից։ Այսպես, բարենորոգումների հարցի շուրջը ստեղծվեց դիվանագիտ․ քաշքշուկ, որի ընթացքում Ռուսաստանը գերմ․ խմբավորման ճնշման տակ և իր «դաշնակիցների» կրավորական աջակցության պայմաններում տեղի էր տալիս։ Ի վերջո Ռուսաստանին հաջողվեց Թուրքիային պարտադրել Հայաստանի բարենորոգումների վերաբերյալ մի համաձայնագիր (տես Ռուս-թուրքական համաձայնագիր 1914), որով Արմ․ Հայաստանը բաժանվում էր երկու հատվածների (Էրզրում, Տրապիզոն, Սվազ և Վան, Բիթլիս, Խարբերդ, Դիարբեքիր), որոնց կառավարումը հանձնվում էր երկու օտարերկրյա Ընդհանուր տեսուչների՝ նշանակված մեծ տերությունների հավանությամբ։ Համաձայնագիրը անբավարար էր և հայերին չէր տալիս