Հայաստանը վասալ․ կախման մեջ էր լինելու Ռուսաստանից՝ վճարելով հարկ, իսկ պատերազմի դեպքում՝ օգնելու էր զորքով։ Հայաստանում պահպանվելու էին ճորտատիր․, մուլքադարական հարաբերությունները։
Շ․ Շահամիրյանի նախագիծը (կազմվել է 1780-ական թթ․) լիովին բխում էր «Որոգայթ փառաց»-ի սկզբունքներից։ Ըստ այդ նախագծի, Ռուսաստանի օգնությամբ ազատագրված Հայաստանը դառնալու էր ինքնուրույն հանրապետություն՝ հայազգի նախարարի (նախագահի) գլխավորությամբ։ Հայկ․ Հանրապետությունը կառավարելու էր «Հայոց տունը» (պառլամենտը), որն իր մշտական դեսպանն էր ունենալու Պետերբուրգում։ Հայաստանը և Ռուսաստանը կապված էին լինելու անխախտ բարեկամությամբ։ Ռուս․ կայսրի պահանջով Հայաստանը, հարկ եղած դեպքում, նրա տրամադրության տակ էր դնելու 6000 զինվոր։ Նույն քանակությամբ ռուս․ զորք տեղակայվելու էր Հայաստանում՝ երկիրը պաշտպանելու համար։ Ռուս․ զորքի ծախսերը հոգալու էր «Հայոց տունը»։ Քսան տարում այդ զորքը մաս առ մաս պետք է դուրս բերվեր Հայաստանից։ Նախատեսվում էր նաև հայ-ռուս․ իրավահավասար առևտուր։
Հայկ․ այդ նախագծերը, որոնք արտահայտում էին հայ իրականության մեջ գոյություն ունեցող պահպանող․ ու առաջադիմ․ գաղափարները և վկայում ժամանակի հայ հաս․ մտքի բարձր մակարդակը, անհարիր էին ճորտատիր․ Ռուսաստանի գաղութային քաղաքականությանը և չիրագործվեցին։
Գրկ․ Աղանյանց Գ․, Դիվան հայոց պատմության, գիրք 4, Թ․, 1899, էջ 731-738։ Հայ ժողովրդի պատմություն, հ․ 4, Ե․, 1972։ Иоаннисян А.Р., Россия и армянское освободительное движение в 80-х гг. XVIII столетия, Е․, 1947․
ՀԱՅՍՄԱՎՈՒՐՔ, եկեղեցական ծիսամատյան, տոնելի և հիշատակելի սրբոց կյանքի ու նահատակության պատմությունների, նաև այլ սրբախոսական ճառերի՝ որոշակի սկզբունքով համակարգված ժողովածու։ Հ-ում յուրաքանչյուր առանձին շարադրանք սկսվում է «Յայսմ աւուր յիշատակ է․․․» (Այսօր հիշատակն է․․․) բառակապակցությամբ, ինչից և առաջացել է (XIII դ․) անվանումը։
Ի տարբերություն հույն և լատին եկեղեցիներում կիրառվող Հ․ ժողովածուների, ուր սրբոց պատմությունները համակարգված են ըստ արեգակնային օրացույցի ամսաթվերի (տվյալ սրբի հիշատակման օրն անշարժ է օրացույցում), հայոց Հ․ համակարգված է Յոթնեկական տոմարի սկզբունքով (սրբի հիշատակման համար ընտրվում է ոչ թե անշարժ ամսաթիվ, այլ տվյալ շաբաթվա որոշակի օրը)։ Յոթնեկական տոմարի կիրառությամբ է պայմանավորվում հայոց եկեղեցական տոների շարժական դրությունը (բացառությամբ որոշ տոների, որոնք արեգակնային օրացույցում անշարժ են) և եկեղեցական օրացույցի ամենամյա անհրաժեշտ վերակազմումը։ Հ․ սովորաբար ընթերցվում է երեկոյան ժամերգության սկզբում։
Հայոց Հ․ կազմավորվել է V-XV դդ․։ Մատենագրական աղբյուրները ծիսամատյանի կազմավորումը կապում են Սողոմոն Մաքենացու (VII դ․), Գագիկ Վարդապետի (IX-X դդ․), Ատոմ Եպիսկոպոսի (X դ․), Հովսեփ Կոստանդնուպոլսեցու (991-ին հայերեն է թարգմանել հունաց Հ․) և այլոց անվան հետ։ Հատուկ նշանակություն է ունեցել Գրիգոր Բ Վկայասեր կաթողիկոսի (1066-1105) կազմած Հ․, որը ժամանակի ընթացքում հիմք է դարձել հայոց Հ-ի տարբեր խմբագրությունների համար։ Հայոց Հ․ ունի չորս հիմնական խմբագրություն՝ Տեր-Իսրայել Խաչենցու (XIII դ․), Կիրակոս Արևելցու (XIII դ․), Գրիգոր Է Անավարզեցի կաթողիկոսի (1239-1307) և վերջին, ամենածավալունը՝ Գրիգոր Խլաթեցու (Ծերենց, XV դ․)։
Գրկ․ Ավդալբեգյան Մ․, «Յայսմաւուրք» ժողովածուները և նրանց պատմագրական արժեքը, Ե․, 1982։
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՍԿԱԴՐՈՆ, ռուսական բանակում վրաստանաբնակ հայերից ու վրացիներից կազմված ստորաբաժանում (1723-64)։ Ստեղծվել է Թիֆլիսում, Վրաց թագավոր Վախթանգ VI-ի աջակցությամբ և թիֆլիսաբնակ հայ Ղուզանենց-Ղուզանյանների տոհմի նախաձեռնությամբ ու միջոցներով։ Ձևավորվել է 1723-24-ի ընթացքում։ 1724-ի ապրիլին ռուս․ արքունիքի որոշմամբ և Զինվոր․ կոլեգիայի հրամանով հայերից ու վրացիներից կազմված հեծյալ նոր ստորաբաժանումը (100 հոգի), որպես առանձին միավոր, ընդունվել է ռուս․ ծառայության։ 1724-ից Հ-վ․մ․է․ մասնակցել է Կասպից ծովի ավազանում ծավալված ռազմ․ գործողություններին։ Առավել աչքի ընկած զինվորներն ու սպաները արժանացել են պարգևների, ղեկավար կազմին 1725-ին շնորհվել են զինվոր․ կոչումներ։ 1728-ից էսկադրոնի հանդերձավորումն ստանձնել է ռուս․ համբարակային (ինտենդանտական) ծառայությունը (մինչ այդ բոլոր ծախսերը հոգում էին Ղուզանյանները), ինչի հետևանքով զորայինների թիվն ավելացել է (1734-ին՝ 200-300 հոգի)։ Հ-վ․ մ․է․ ուներ 20 հոգուց կազմված սպայակազմ։
Գանձակի ռուս-իրան․ պայմանագրի կնքումից (1735) հետո Հ-վ․մ․է․ հայերից կազմված մյուս զորամիավորումների հետ տեղափոխվել է Աստրախան-Ղզլար, և նրա հետագա ճակատագիրը սերտորեն կապվել է Հայկական էսկադրոնի հետ։ Հ-վ․մ․է․ այնուհետև մասնակցել է ռուս-թուրք․ (1735-39), ռուս-շվեդ․ (1741-43) և Յոթնամյա (1756-63) պատերազմներին։ Ռազմադաշտում ընկածների փոխարեն էսկադրոնը համալրում չէր ստանում (Ռուս․ կայսրության սենատի 1741-ի որոշմամբ վրացիները և վրաստանաբնակ հայերը ընդգրկվում էին միայն վրաց․ հուսարական ստորաբաժանումների մեջ)։ 1764-ին Հ-վ․մ․է-ի կազմում կար միայն 50 մարդ։ Եկատերինա II-ի՝ 1764-ի մայիսի 10-ի հրամանագրով